ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հարաւային Կալիֆորնիայի Հայ դեմոկրատներ (ՀԿՀԴ-SCAD) կազմակերպութիւնը Մայիսի 13ին բացառիկ առիթ էր ստեղծել` համախմբելով նահանգի, մարզի եւ քաղաքի ընտրուած շուրջ երկու հարիւր պաշտօնեաների: Ներկաներից շատերը մասնակցում են տարբեր պաշտօնների համար Յունիսի 7ին նախատեսուած ընտրութիւններին, եւ ստացել են հայ դեմոկրատների աջակցութիւնը, ինչի համար նրանք երախտագիտութիւն յայտնեցին կազմակերպութեանը:
«Շնորհակալութիւն եմ յայտնում Հայ դեմոկրատներին` վերընտրութեան պայքարում ինձ աջակցելու համար: Այժմ նշեմ, թէ ինչ է նշանակում իմ թիկունքում ունենալ հայ համայնքը: Դա նշանակում է, որ ուր գնամ` կը գտնեմ ընկերներ, Գլենդելում կը յաղթեմ ձայների մեծամասնութեամբ եւ կ’ունենամ ներգրաւուած եւ ոգեշնչող մարդկանց մշտական աղբիւր` ոչ միայն դեմոկրատների, նաեւ մեր նահանգի համար լաւագոյն կառավարում ապահովելու համար», իր խօսքում նշեց Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը: Նա յայտնեց, որ ընտրուելուց յետոյ առաջին ճամբորդութիւններից մէկը եղել է այցը Հայաստան, որ իր կեանքի ամենահրաշալի առիթներից էր: Հաւաքուածներին նա յորդորեց ընտրուելուց յետոյ Հայաստան այցելութիւնը ներառել իրենց օրակարգում:
Նահանգային խորհրդարանի Ներկայացուցիչների տանը 41րդ ընտրաշրջանը ներկայացնող անդամ Քրիս Հոլդընն էլ նշեց, որ շատ ուրախ է ներկայ գտնուելու մի առիթի, որը հնարաւորութիւն է տուել տարբեր համայնքների դեմոկրատների հաւաքուել մէկ տեղում եւ աջակցել միմեանց: «Փասադենայի իմ ընտրատարածքում ունենալով մեծաթիւ հայերի, երկար տարիների յարաբերութիւնների արդիւնքում, բաւական քաջատեղեակ եմ եւ խորութեամբ հասկանում եմ այն հարցերը, որ ունի հայ համայնքը: Մասնաւորապէս, թէ ինչպէս կարող ենք կամուրջներ կառուցել եւ միջոցներ տրամադրել Միացեալ Նահանգներ տեղափոխուող հայերին` նրանց տրամադրելով հնարաւորութիւններ ինտեգրուելու (համարկուելու), լեզուն սովորելու եւ արագօրէն յարմարուելու», նշեց ընտրութիւններին նախապատրաստուող խորհրդարանականը: Անդրադառնալով հայկական շահերի պաշտպանութեան հարցերում Հոլդընի վերջին շրջանի գործունէութեանը, ՀԿՀԴի նախկին նախագահ Դաւիթ Գէորգեանն ընդգծեց, որ նա է հեղինակել Կալիֆորնիան եւ Սիւնիքը քոյր քաղաքներ հռչակող օրինագիծը, ինչպէս նաեւ` «Դադարեցնել ներդրումներ կատարել Թուրքիայում» բանաձեւը:
Ներկայի իր պաշտօնում վերընտրուելու համար է պայքարում նաեւ Լոս Անջելեսի մարզի Գնահատող (assessor) Ջեֆրի Փրանգը: Տարիներ շարունակ լինելով Ուեսթ Հոլիվուդի քաղխորհրդի անդամ եւ քաղաքապետ, նա նշեց ամերիկահայերի ուրոյն դերը համայնքում: «Ուրախ եմ, որ ծանօթ եմ եւ հասկանում եմ այն առաջնահերթութիւններն ու հարցերը, որ հայ համայնքն ունի եւ որպէս հանրային ծառայող կարող եմ դրանց անդրադառնալ ու լուծումներ գտնել: Իմ պաշտօնը ենթադրում է ազնուօրէն եւ ճշգրտօրէն գնահատել Լոս Անջելես մարզում առկայ գոյքը, որից հարկ է գանձւում: Գործունէութեանս ընթացքում ինձ յաջողուել է գոյքահարկի արտօնութիւններ տրամադրել մեր տարեց բնակիչներին, վետերաններին, ոչ-շահութաբեր ընկերութիւնների: Կորոնաժահրի ժամանակ քառասուն հազար փոքր բիզնեսներ ազատուել են գոյքահարկից», աշխատանքային որոշակի դրուագներ ներկայացրեց Փրանգը` յոյս յայտնելով, որ կը ստանայ հայ համայնքի ձայնը, ինչպէս արդէն ստացել է Հայ դեմոկրատների աջակցութիւնը:
Հարաւային Կալիֆորնիայի Հայ դեմոկրատների ձեռնարկին ներկաների թւում էր նաեւ Լոս Անջելեսի մարզի ոստիկանապետի (sheriff) թեկնածու Սեսիլ Ռեմբոն: «Ընտրուելու դէպքում, իմ առաջին քայլերից է լինելու ձեւաւորել խորհրդատուական յանձնախմբեր, որտեղ ներգրաւուած կը լինեն տուեալ համայնքի ներկայացուցիչներ, օրինակ` ամերիկահայեր, եւ կը տեղեկացնեն համայնքի առանձնայատկութիւնների մասին, կը յուշեն, թէ ինչպէս առաւել արդիւնաւէտ հաղորդակցուել համայնքի հետ, եւ ներգրաւել աւելի շատ հայ աշխատակազմ», նախընտրական ծրագրերով կիսուեց Ռեմբոն` կարեւորելով Հայ դեմոկրատների աջակցութիւնը:
Կալիֆորնիայի Ծերակոյտի համար պայքարող Դենիել Հերցբերգը պատիւ համարեց Հայ Դատի յանձնախմբի եւ Հայ դեմոկրատների աջակցութիւնը: «Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի 20րդ ընտրաշրջանը ներառում է քանակով երկրորդ ամենամեծ հայկական բնակչութեանը: Ընտրուելու դէպքում, ես աշխատելու եմ հայկական արժէքներն ու մշակոյթը պահպանելու ուղղութեամբ: Լինելով հրեայ ամերիկացի ես շատ լաւ եմ հասկանում Հայոց Ցեղասպանութեան նշանակութիւնը հայ համայնքի համար, եւ ջանքեր եմ ներդնելու այս հարցում հանրութեանը կրթելու համար», յայտնեց Հերցբերգը:
Հարաւային Կալիֆորնիայի Հայ դեմոկրատներ կազմակերպութեան հիմնադիր եւ պատուաւոր նախագահ դոկտոր Արմոնդ Աղախանեանը յաջողուած համարեց ձեռնարկը. «Այս միջոցառմանը ներկայ էին տարբեր պաշտօնների համար պայքարող թեկնածուներ, ովքեր բոլորը ստացել են մեր կազմակերպութեան աջակցութիւնը: Սա բացառիկ առիթ էր նաեւ ամերիկահայ համայնքի համար հանդիպելու օրինակ` փոխնահանգապետին, Կալիֆորնիայի ապահովագրութեան հարցերի յանձնակատարին, նահանգի գանձապետին, եւ մի քանի տասնեակ այլ պաշտօնեաների, եւ նրանց ուղղել իրենց յուզող հարցերն ու ծանօթանալ նրանց նախընտրական ծրագրերին»:
«Արբատ» ճաշասրահում անցկացուած Հարաւային Կալիֆորնիայի Հայ դեմոկրատների միջոցառումն անցաւ անկաշկանդ միջավայրում, որտեղ ներկաներից շատերը նշեցին, որ զգում են իրենց որպէս մեծ ու համերաշխ ընտանիքի մաս:
Տեղեկանք.- Հարաւային Կ’ալիֆորնիայի Հայ դեմոկրատներ կազմակերպութիւնը Կալիֆորնիայում առաջին եւ ամենամեծ հայ-ամերիկեան դեմոկրատական ակումբն է: ՀԿՀԴի նպատակներն են` ներկայացնել ամերիկահայ հաւաքական տեսակէտները Դեմոկրատական կուսակցութեան քաղաքականութեան վերաբերեալ, ազդեցութիւն ունենալ եւ ուղղորդել Կալիֆորնիայի քաղաքականութիւնը ամերիկահայ համայնքին հետաքրքրող հարցերի վերաբերեալ, խթանել ամերիկահայ դեմոկրատների ընտրութիւնը քաղաքական պաշտօններում: