ՆԱՐԻՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Մայիսի 7ին Մարտունու Արթուր Աղասեանի անուան մշակոյթի պալատում տեղի ունեցաւ սփիւռքահայ երգիչ, երգահան Ափօ Սահակեանի համերգը:
Համերգը կազմակերպուել է «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ` Համազգայինի Արցախի գրասենեակի հետ համագործակցութեամբ:
Համերգին բացման խօսքով հանդէս եկան Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը եւ «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի համակարգող Ռուբէն Ճամպազեանը:
Մեզ հետ ունեցած զրոյցի ընթացքում Աւագեանը նշեց. ««Ե՛կ աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնութիւնը կեանքի է կոչուել, որպէսզի աշխարհի տարբեր ծագերում, ինչպէս նաեւ Հայաստանում ապրող շնորհալի հայ մարդկանց ժամանակ առ ժամանակ տարբեր ծրագրերի շրջանակներում բերեն Արցախ, հանդիպումներ, միջոցառումներ կազմակերպեն եւ ցոյց տան աշխարհին, որ թէկուզ այսօր Արցախը մի բուռ է մնացել, բայց կայ արցախցին, ով ապրում ու արարում է այստեղ: Այս նախաձեռնութիւնը նպատակ ունի դառնալ մի իւրայատուկ կամուրջ Արցախի ու Հայաստանի, Արցախի ու աշխարհի, Արցախի ու Սփիւռքի եւ հայ մարդու միջեւ առհասարակ: Այդ ծրագիրը մեկնարկել է Ափօ Սահակեանի համերգով եւ այն շարունակական բնոյթ կը կրի։ Շատ ոգեւորիչ է, որ նրա համերգը հէնց մեկնարկեց մեր մարտական, ուժեղ կամքով Մարտունուց, որը միշտ հաւատարիմ է իր տեսակին: Թշնամուց մի քանի քայլ այս կողմ մեկնարկելով այս համերգը, նպատակ ունենք նաեւ ասելու, որ այն ապրելու ղօղանջ է, որ Մարտունիում, Արցախում ապրում, շարունակում է պայքարել եւ իր հողին կառչած մնալ հայը»:
Ափօ Սահակեանը երգիչ, երգահան է: Նա պարբերաբար տարբեր համերգներով հանդէս է գալիս Հայաստանում ու Արցախում:
Աւագեանը նշեց, թէ թէեւ Սահակեանը համեստօրէն լռում է, բայց նա պատերազմի օրերին կամաւոր եկել եւ 35 օր եղել է Արցախում, իր հմտութիւններով փորձել օգտակար լինել:
Սահակեանի համար շատ ոգեւորիչ էր նաեւ այն, որ համերգին մեծ մասնակցութիւն են ունեցել դպրոցականները, ինչը վկայում է այն մասին, որ մեր սերունդը հետաքրքրուած է հայկական մշակոյթով եւ իր արմատներով:
(Յապաւուած)
«ԱՄԱՐԱՍ»