
ԱԼՄԻՆ
Հաւատաւոր գաղափարական, նուիրեալ ազգային-հասարակական գործիչ, վաստակաշատ մանկավարժ-ուսուցիչ եւ «Ալիք» օրաթերթի երկարամեայ խմբագրապետ Նորայր Էլսայեանին նուիրուած եւ ստորեւ հրապարակուած յօդուածը լոյս տեսած է անցեալ տարի, «Ալիք» օրաթերթին մէջ․ զայն կ՛արտատպենք Էլսայեանի մահուան տարելիցին առիթով։
Նորայր Էլսայեան:
Երկու խօսուն ու բովանդակալից բառ ութսունեօթամեայ մի էութեան, որը իր մէջ պարունակել էր մի ամբողջ հայաշխարհ՝ իր ձգտումներով, նպատակասլացումներով, երազանքներով, պայքարներով ու յաղթանակներով՝ յանուն հայ ազգի ու Հայաստան աշխարհի ազատութեան ու ամբողջականութեան:
Մեր տեսուչն էր. դպրոցի ներքին տնօրէնը: Ինքնուրոյն ու ինքնատիպ մի ոգի: Մեղմաբարոյ, համեստաշուք, ընկերական: Առինքնում-գրաւում էր դիմացինին առաջին իսկ արտայայտած մի քանի բառով: Սիրուած էր, յարգուած:
1950ականների վերջերից մինչեւ 60ականների սկիզբները սովորել եմ «Թունեան» տարրական դպրոցում, ուր տեսուչ-տնօրէնի պաշտօնը վստահուել էր նրան (պարսիկ Շամս Արիայի կողքին): Նրա ներկայութիւնը պատկառանք, ապահովութիւն, բաւականութիւն եւ ուրախութիւն էր ներշնչում մեզ՝ աշակերտներիս:
Ասես երէկ լինէր, Հայաստանի Առաջին Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի այցը մեր դպրոց. պատմական մի օր, անմոռանալի, մշտայուշ: Մենք փոքր էինք, լաւ չէինք ըմբըռնում այցելու հիւրի մեծութիւնն ու կարեւորութիւնը, սակայն, տեսնելով մեր տեսչի դէմքի հպարտութեան ու հրճուանքի փայլատակումն ու նրա խանդավառութիւնը՝ զգում էինք հիւրի վեհութիւնը: Մեր համադասարանցի Ալբերտ Սարգսեանը սկաուտական պատուի էր բռնել եւ դպրոցի ամենագեղեցիկ աշակերտուհին (ափսոս, անունը չեմ յիշում) ծաղկեփունջ նուիրեց վարչապետին:
Նորայր Էլսայեանը ոչ միայն հաւատաւոր-անխառն գաղափարական, անմնացորդ նուիրուած ազգային-հասարակական գործիչ, վաստակաշատ մանկավարժ-ուսուցիչ էր, այլ «Ալիք» օրաթերթի երկարամեայ խմբագրապետ, հմուտ պատմագէտ, ճարտասան-հռետոր դասախօս-բանախօս, հայերէնի գեղագիր, Մայրենիի պահապան, հումորով հաճոյախօս. նրանից չէիր յոգնում:
«Սիփան» միութեան հիմնադիրներից էր, միութիւնը, որպէս երախտագիտութեան նշան, իր մեծ մարզադահլիճը դեռեւս նրա կենդանութեան ժամանակ, անուանեց Նորայր Էլսայեան:
Մի երեկոյ, միութեան հաւաքատեղիում հանդիպում-ընթրիք էր կազմակերպուած: Նորայրի հետ նստել էինք կողք-կողքի: Սեղանապետը իմ նախկին աշակերտներից էր, արդէն ճաղատ ու ցմփոր: Նորայրի ականջին շշնջացի.
– Իմ աշակերտն է եղել:
Նա իր յատուկ հումորով թէ. -Հա՞… ես հակառակն էի կարծում…
Մի օր զանգահարեց տխուր, թէ՝ կնոջս՝ Էմմայի մահուան տարելիցը մօտ է, մի փոքրիկ բանաստեղծութիւն գրիր շիրմաքարին փորագրելու համար: Գրեցի: Շատ էր հաւանել: Քանդակել էր տուել: Ուրախ էի, որ կարողացել եմ գէթ դոյզն չափով մխիթարել երէկուայ տեսչիս ու այսօրւայ պաշտօնակից ուսուցիչ ընկերոջս:
Վերջին անգամ, 2019ի Յուլիսին, Երեւանում հանդիպեցի Նորայրին: Ընծայագրած նրան նուիրեցի իմ «Շքեղանք Բանաստեղծութեան» նոր հատորը: Օրեր անց զանգահարեց թէ՝ աչքերիս տկարութեան պատճառով կարդալը համարս դժուարացել է, ուստի, թոռնիկս կողքս նստած կարդում է ու ես լսուն եմ. բանաստեղծութիւններդ լաւն են, հաւանում եմ, շատ ապրես, շարունակիր…
Այս Մեծ Հայի ու Մարդու մասին անդադար խորհելով ու հիանալով նրա հայասիրութեան, հայրենասիրութեան, հայերէնասիրութեան ու մարդասիրութեան վրայ, որը օրինակ, տիպար ու տեսակ կարող է հանդիսանալ իւրաքանչիւր հայի համար, 2018ի Օգոստոսի 28ին նրան ձօնեցի ներքեւի հոգեսրտաբուխ բանաստեղծութիւնը, որը ինքը կարդացել էր այն ժամանակ:
Նման Մեծի Յիշատակը իր հազարաւոր աշակերտների, պաշտօնակից ուսուցիչների, գաղափարակից ընկերների, ճանաչողների եւ… սրտերում-հոգիներում-մտքերում անթառամ է մշտապէս:
Փա՜ռք վաստակիդ, ծանրակշիռ նուիրաբերութեանդ, Յարգա՜նք Քեզ:
Հայրենի հողը քեզ գրկելով առաւել հարստացաւ:
14 Ապրիլ 2021
«ԱԼԻՔ»
Նորայր Էլսայեանին
Մեր տեսուչն էիր, մեր ուսուցիչը, Դու մեր շատն էիր ու նաեւ… քի՜չը, Աշակերտ էինք
այդ քիչուշատով, Միայն դպրոց չէր «Թունեան»ը,
այլ` ծո՜վ, Որում թրծուեցին հազարաւորներ,
Այբուբենն ի՛նչ էր,
Մաշտոցը ո՛վ էր…
Դու քո շնչով տաք ու խօսքով հզօր Ոտքի հանեցիր խեղճ թոյլին
անզօր, Ճարտասան էիր, հռետոր հմուտ,
Լոյս նուիրեցիր դու մտքերին մութ, Դու գաղափարի նուիրեալ զինուոր, Հին-հին դարերից եկած
Այր մի Նոր, Դու այր ես մի՛շտ նոր ու
չես հնանայ, Հայանունը քո պիտ անմահանայ:
5 Ապրիլի, 2021 թ. Թեհրան-Իրան