Պույուրուն (Հրամեցէ՛ք) (Գ.)

Քաշուեցի մի անկիւն, բայց հազիւ նստել էի, եկան հրաւիրելու նորից ոստիկանապետի մօտ: Այս անգամ պարոնը առանց ժպիտի, պաշտօնական դէմքով, առաջարկեց նստել եւ անմիջապէս անցաւ հարցաքննութեան – անուն, ազգանուն, որտեղացի, զբաղում, ինչո՞ւ համար եկած եմ Կարին, ի՞նչ պիտի անեմ, ո՞ւր պիտի երթամ ու այսպիսի բազմաթիւ հարցումներ: Ապա՝ մէկ ոստիկան խուզարկեց վրաս եւ առաւ մօտիս թղթերը, ժամացոյցն ու դրամը:
– Պույուրուն:
Նորէն առաջնորդեցին ինձ սրահը, ուր ես քաշուեցի իմ անկիւնը:
Զաւեշտա-ողբերգական էր դրութիւնս: Ի՞նչ էի ես, վերջապէս – ոճրագո՞րծ, թէ՞ «սէր քոմիսէր»ի բարեկամը: Ինչո՞ւ այս կատակերգութիւնը:
Ելեւմուտ անող պաշտօնեաների ու ոստիկանների մէջ նկատեցի ե՛ւ ինձ ծանօթ հայեր, որոնց հեռուից կարեկցանքով նայում էին ինձ, բայց չէին համարձակւում մօտենալ: Մանաւանդ, թաղային ոստիկանապետ Եղիշէ էֆենտին յաճախ էր երեւում, կարծես մի բան էր ուզում հասկացնել, բայց վախենում էր: Մէկ էլ, ծխացող ճրագի պատրոյգը շտկելու պատրուակով, մօտեցաւ արագ եւ առանց երեսիս նայելու, շշնջաց.
– Պարոն Վրացեան, չհաւատաս այդ սրիկային, զգուշացի՛ր, գլխուդ փորձանք չգայ… Ու արագ էլ հեռացաւ:
Զգուշացի՜ր – բայց ես ի՞նչպէս կարող էի զգուշանալ. ես ի՞նչ ունէի որ: Կատուի ճանկը ընկած մկան պէս՝ «սրիկայի» ճիրաններում էի. ինչ ուզէր՝ կարող էր անել: Իմ զգուշութիւնը քանի՞ փարա արժէր: Մնում էր նստել ու սպասել: Անշուշտ, Եղիշէ էֆենտին լուր հասցրած կը լինէր Ռոստոմին: Եթէ մի բան հնարաւոր էր՝ Ռոստոմը կարող էր անել: Իմ ալիւրը մաղուած, մաղը պատից կախուած էր: Այլեւս մաղելիք չունէի: Մնում էր քայլել ճակատագրի ցոյց տուած ճամբով:
Քիչ անցած՝ մի նոր հիւր բերին սրահը – ծանօթ մի ռուս ինժինէր (երկրաչափ), սոցիալիստ- յեղափոխական, փախստական Ռուսատանից, որ Կարինում մօտիկ յարաբերութեան մէջ էր մեր ընկերների հետ: Մերոնք օգնում էին նրան «էսէրական» (SR, socialist revolutionary) գրականութիւն փոխադրելու Կովկաս: Ընդհանուր ժողովի մեր վերջին ճաշկերոյթին էլ ներկայ էր:
– Դո՞ւք այստեղ ինչ էք անում, զարմացաւ նա:
– Նոյնը ինչ որ դուք:
– Ինչո՞ւ համար են բերել մեզ այստեղ:
– Ես ի՞նչ գիտեմ: Համբերեցէք՝ շուտով կ՛իմանաք:
Եւ, իրօք, շուտով եկան ու կոպիտ կերպով հրամայեցին նրան, որ դուրս գայ: Գնաց ու մէկ էլ չվերադարձաւ: Տարիներ վերջը, լսեցի, որ նրան աքսորել էին Թուրքիոյ ներսերը, իբրեւ ռուսական լրտես: Վերջը ինչ եղաւ, չիմացայ:
Ինժինէրի մեկնելուց յետոյ՝ ահա մի հիւր եւս: Կարմիր ֆէսը գլխին, առանց օձիքի ու փողկապի, վերարկուն շապկի վրայ ձգած, սեւ ակնոցը աչքերին, կարծես մի քիչ օդ առնելու էր դուրս եկել, վարանումով սրահը մտաւ Սանասարեան վարժարանի նախկին տեսուչ Գէորգ Ապուլեանը: Անխօս նստաւ ինձանից քիչ հեռու, բազկաթոռի վրայ ու խորունկ շունչ քաշեց: Շուրջը չէր նայում եւ անընդհատ շոյում էր մօրուքը՝ ջղային շարժումներով:
Տեսարանը սկսում էր հետաքրքրական դառնալ: Պ. Ապուլեանի հետ մենք «հակառակորդներ» էինք: Սանասարեանում ուսուցիչ եղած միջոցիս մի պարապ բանի համար բախում էինք ունեցել եւ այլեւս իրար չէինք բարեւում: Կռուի պատճառը ինքն էր – անարդար եւ անճիշդ բաներ էր խօսել Դաշնակցութեան մասին – բայց խնդրին ես էլ աւելի սուր կարեւորութիւն էի տուել: Եւ հետեւանքը – դիւանագիտական յարաբերութիւնների խզում: Ի հարկէ, ես, իբրեւ իրենից տարիքով շատ փոքր, պէտք է աւելի ներողամիտ լինէի ու հարցը ծայրայեղութեան չտանէի, բայց երիտասարդութիւն է…
Լուսանալու վրայ էր, որ դուրսը ինչ որ իրարանցում առաջ եկաւ: Ոտների տրոփիւն, խուլ բացագանչութիւններ: Ապա պատուհանից երեւաց մի եայլի կառք (զսպանակներով կառք): Ինչ որ պատրաստութիւններ էին տեսնւում: Մի ոստիկան եկաւ ինձ նորից տանելու սէր քոմիսէրի մօտ: Այս անգամ, կէս-պաշտօնական, կէս-բարեկամական, բայց շատ սիրալիր ոստիկանապետը հրաւիրեց նստելու եւ առջեւս դրեց մի թուղթ, որ ստորագրեմ: Խնդրեցի, որ բովանդակութիւնը կարդայ:
– Ի՞նչ հարկ կայ, ճանըմ (սիրելիս), պաշտօնական ձեւակերպութիւն է միայն. վտանգաւոր բան չկայ մէջը:
Այնուամենայնիւ, ես պնդեցի, որ կարդացուի:
Կանչեց Եղիշէ էֆենտին, որ միշտ աշխատում էր մօտ լինել, եւ հրամայեց, որ թղթի բովանդակութիւնը հաղորդէ ինձ հայերէն:
Պարզուեց, որ ես, այսինչ այսինչեան, ռուսաստանցի եմ, Թուրքիայում որոշ զբաղում չունեմ եւ, օրուայ պայմանները ի նկատի ունենալով, որոշուած է ինձ հեռացնել Ռուսաստան, եւ այդ մասին ես յօժար կամք եմ յայտնել եւ նոյնիսկ խնդրել եմ:
Շնական ծիծաղը աչքերին՝ ոստիկանապետը ասաց, թէ ինքը շատ ուրախ է, որ ես հայրենիք պիտի վերադառնամ, եւ իմ ապահովութեան համար ոստիկաններ է դնում հետս, որոնք պիտի ուղեկցեն ինձ մինչեւ սահման: Վերադարձրեց թղթերս, ժամացոյցս ու դրամս եւ ձեռքս սեղմելով՝ բարի ճանապարհ մաղթեց։
Դուրս եկայ: Պրն. Ապուլեանն էլ արդէն դուրսն էր, եայլիի մօտ, որ շրջապատուած էր ձիաւոր ոստիկաններով:
– Պույուրո՛ւն, Էֆենտիմ, հրաւիրեց ոստիկաններից մէկը Ապուլեանին, որ կառքը բարձրանայ:
– Ի՜նչ, ո՞ւր կ՛ուզէք տանել… ինծի բերիք հոս քանի մը վայրկեանով… Այսպէս ո՞ւր կրնամ երթալ ես… զաւակներս չտեսած…
Ապուլեանը չէր ուզում կառք նստել. բողոքում էր կոպիտ վերաբերումի դէմ, բայց, ոստիկաններից մէկը կոպտութեամբ հրեց նրան.
– Դէ՜, հայտէ՜, շատ մի՛ խօսիր, նստէ կառքը, հէրիֆ…
Ու խեղճ Ապուլեանը, ընկճուած, բարձրացաւ կառքը:
Հերթը իմն էր: Ես այլեւս «պույուրուն»ի չսպասեցի ու շտապեցի տեղ գրաւել Ապուլեանի կողքին: Չաւուշը նստաւ կառապանի մօտ՝ հրացանը ձեռքին պատրաստ: Հինգ ձիաւոր ոստիկաններ առաջ անցան:
– Սի՛ւր, պագալըմ (հայտէ՛ նայինք), լսուեց հրամանը, եւ եայլին երերալով շարժուեց տեղից: Մի վայրկեան աչքիս ընկաւ Եղիշէ էֆենտիի թախծոտ հայեացքը, եւ ոստիկանատունը մնաց մեր յետեւը:
Պրն. Ապուլեանը սկսեց խնդրել ոստիկաններին, որ գոնէ մի վայրկեանով տուն հանդիպի, տեսնէ զաւակներին, կարգադրութիւն անէ տան մասին, տաք հագուստ առնէ – խնդրեց, աղաչեց, դրամ խոստացաւ, բայց չաւուշը մնաց անողոք։ Հրամայուած էր ո՛չ մի տեղ կանգ չառնել:
– Նզովուա՛ծ լինիք…Աստուած ձեր պատիժը տայ: Երեսուն տարի ծառայեցի այս անիծեալ ազգին եւ – ահա վարձատրութիւնը, քթի տակ մրմնջում էր վրդովուած Ապուլեանը, որին «մէկ վայրկեանով», «պարզ տեղեկութեան համար» հաներ էին տնից: Նա կարծել էր, թէ մօտի ոստիկանատունն են հրաւիրում, ինչպէս որ սենեակում նստած է եղել, այնպէս էլ, միայն վերարկուն վրան ձգելով, դուրս եկել, առանց նոյնիսկ մէկ փարա դրամ առնելու հետը: Դուրս էր եկել «մի վայրկեանից» վերադառնալու համար, եւ ահա տանում էին – ո՞ւր, ինչո՞ւ համար – առանց իսկ թոյլ տալու, որ զաւակներին «մնաք բարեւ» ասէր: