ԵՈՒՆԵՍՔՕՆ` ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՏՆՁԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՈՒՆԵՍԿՕն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ առաքելութիւն ուղարկելու ուղղութեամբ: Այդ մասին «Արմէնպրէս»ի հարցմանն ի պատասխան յայտնել են ԵՈՒՆԵՍԿՕի մամուլի գրասենեակից` անդրադառնալով Արցախի Հանրապետութեան` 2020 թ. պատերազմից յետոյ ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգութեան շարունակական պղծման, ձեւախեղման եւ ոչնչացման դէպքերի մասին ահազանգերին:
ՄԱԿի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնում յոյս ունեն, որ փաստահաւաք առաքելութիւնը այդ խնդրի կապակցութեամբ հնարաւոր կը լինի կեանքի կոչել մօտ ժամանակներում:
«Մենք շարունակում ենք աշխատել 1954ի Հաագայի համաձայնութեան շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ԵՈՒՆԵՍԿՕի անկախ առաքելութիւն ուղարկելու ուղղութեամբ: Յոյս ունենք, որ դա հնարաւոր կը լինի շուտով, բայց տուեալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակւում են», փոխանցել է ԵՈՒՆԵՍԿՕի մամուլի գրասենեակի աշխատակից Թոմաս Մալարդը:
Պատասխանելով հարցին, թէ նկատի ունենալով «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021ի Դեկտեմբերի 7ի վճիռը՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին, կազմակերպութիւնը ինչպէ՞ս է գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները, այդ թւում վերջերս արուած յայտարարութիւնը, թէ Ադրբեջանում ձեւաւորուել է «մասնագէտների» աշխատանքային խումբ, որը իբրեւ թէ «աղուանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրութիւններն ու այլ հետքերը, եւ թէ արդեօք պատմութեան ադրբեջանական մեկնաբանութիւնը կարո՞ղ է արդարացում լինել կրօնական եւ այլ յուշակոթողներից հայկական պատմական գրութիւններն ու այլ հետքերը վերացնելու համար, ԵՈՒՆԵՍԿՕն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգութիւնը չպէտք է դառնայ գործիք քաղաքական նպատակների համար:


«Մշակութային ժառանգութիւնը եւ պատմութիւնը չպէտք է դառնան գործիք քաղաքական որեւէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետութիւններին, ամբողջ աշխարհով մէկ, յարգել այս սկզբունքը», յայտարարել է ԵՈՒՆԵՍԿՕն:
Փետրուարի 3ին ադրբեջանական լրատուամիջոցները հաղորդել էին, թէ Ադրբեջանի մշակոյթի նախարար Անար Քերիմովը յայտարարել է, որ Ադրբեջանում ձեւաւորուել է «տեղի եւ արտերկրեայ մասնագէտներից» կազմուած «աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպէս կոչուած «աղուանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտեց յատուկ յանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը` շեշտելով, որ դա ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի միջանկեալ միջոցների կիրառման մասին 2021ի Դեկտեմբերի 7ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը Ադրբեջանի քաղաքականութիւնը որակեց որպէս մշակութային ցեղասպանութիւն:
2021ի Դեկտեմբերի 7ին ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանը հրապարակել էր «ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային ուխտի պարունակում քննուող «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործի՝ Հայաստանի Հանրապետութեան ներկայացրած հայցի հիման վրայ հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը` ի թիւս այլ հարցերի, պարտաւորեցնելով Ադրբեջանի Հանրապետութեանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու եւ պատժելու պղծման գործողութիւնները` ուղղուած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ` եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ հնութիւններու դէմ»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս խստօրէն դատապարտեց Ադրբեջանի մշակոյթի նախարարի յայտարարութիւնը` նշելով, որ դա ոչ միայն բացայայտ մարտահրաւէր է Հաագայի դատարանի որոշմանը, այլեւ հակասում է հաշտութեան հասնելու Ադրբեջանի յայտարարութիւններին եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման համար: Ստեղծուած իրավիճակում պաշտօնական Երեւանը առաջնահերթ եւ հրատապ խնդիր է համարում ԵՈՒՆԵՍԿՕի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէի կողմից առաջարկուած` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում փաստահաւաք առաքելութեան իրականացումը` «Զինուած հակամարտութեան դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954ի Հաագայի ուխտի եւ դրան կից երկու արձանագրութիւններին համահունչ:
2020ին Արցախի Հանրապետութեան դէմ նախաձեռնուած 44օրեայ լայնածաւալ ռազմական գործողութիւնից յետոյ, Ադրբեջանի իշխանութիւնները հետեւողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի` ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ անցած տարածքներում գտնուող պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու եւ առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղութեամբ: Վերջին մէկուկէս տարուայ ընթացքում արդէն բազմաթիւ եկեղեցիներ, վանքեր, յուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացուել, պղծուել, ձեւախեղուել` սկսած Շուշիի Ղազանչեցոց Մայր տաճարից` մինչեւ այլ տարբեր սրբավայրեր եւ յուշակոթողներ: Մշակութային այդ յանցագործութիւնների դէպքերից շատերը արձանագրուած են հարթակում:


Աղուանքը, որը յայտնի է նաեւ «Կովկասեան Ալբանիա» անունով, կովկասեան հնագոյն պետութիւններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին` զբաղեցնելով ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնէութեան տարածումից յետոյ այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնեաներ դարձան եւ սերտօրէն կապուած էին Հայ Առաքելական եկեղեցու հետ: 10-11րդ դարերից ի վեր, յատկապէս սելջուկ-թուրքերի եւ թաթար-մոնղոլների արշաւանքներից յետոյ Աղուանքը աստիճանաբար քայքայուեց եւ դադարեց գոյութիւն ունենալ իբրեւ ոչ միայն պետական, այլեւ պատմաաշխարհագրական միաւոր:
Աղուանքի պատմութիւնը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրուած խնդիրներից է, այդ թւում` Հայաստանում: Ամէն դէպքում, թէ ի՞նչ կապ ունեն միայն 1918ին ստեղծուած Ադրբեջանի հանրապետութիւնը եւ ժամանակակից ադրբեջանցիները Աղուանքի եւ աղուանական ժառանգութեան հետ` առարկայական եւ անաչառ պատմագիտութեան տեսանկիւնից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղուանից ժողովուրդների կրօնն ու մշակոյթն են ժառանգել, ո՛չ էլ նոյնիսկ նրանց երկրի անուանումը: Աղուանից ժողովուրդներից մեզ յայտնի եւ մինչեւ մեր օրերը հասած թերեւս միակ ժողովուրդը ուտիները կամ ուդիներն են, որոնց Բաքուի վարչակարգը ամէն կերպ օգտագործում է իր քաղաքական նպատակների համար` նրանց միջոցով փորձելով իւրացնել հայկական սրբավայրերն ու պատմամշակութային այլ կոթողները ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ նոյնիսկ պատմական Արեւմտեան Հայաստանի տարածքում:
«Արմէնփրէս»