ԲՐԻՒՍԵԼ․- Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի եւ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան համատեղ նախաձեռնութեամբ եւ ջանքերով Փետրուարի 7-10 տեղի ունեցաւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի աշխատանքային այցը Բրիւսել:

Այցի ընթացքում վերակազմուեց Եւրոպական Խորհրդարանում (ԵԽ) Արցախի հետ բարեկամութեան խումբը` գլխաւոր քաղաքական խմբակցութիւններից պատգամաւորների լայն շրջանակի մասնակցութեամբ: Եւրապատգամաւորներին հանգամանօրէն ներկայացուեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողապաշտ) քաղաքանութիւնը, որի հիմքում տասնամեակներով Ադրբեջանում պետական հովանաւորչութեամբ քարոզուող եւ խորապէս արմատացած հայատեացութիւնն է:
Արցախի Արտգործնախարարը հանդիպումներ ունեցաւ Բելգիայի Դաշնային խորհրդարանում Հայաստանի եւ Վրաստանի բարեկամութեան խմբի անդամ-սենատորների, Բելգիայում Արցախի հետ ֆրանսախօս բարեկամութեան շրջանակի, ինչպէս նաեւ Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամների հետ: Նախարարը նաեւ դասախօսութիւն կարդաց Արցախեան հիմնախնդրի, ինչպէս նաեւ ստեղծուած իրավիճակի վերաբերեալ` Գերմանիայի առաջատար իրաւաբանական համալսարանի մի քանի տասնեակ ուսանողների համար, ովքեր այցով գտնւում էին Բրիւսելում: Այցն ամփոփուեց Բելգիայի հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով:
Բոլոր հանդիպումների առանցքային թեմաների շարքում էին Ադրբեջանի կողմից բռնազաւթուած շրջաններում հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը եւ պատմութիւնը կեղծելուն միտուած ադրբեջանական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ դրա դէմ պայքարելու անհրաժեշտութիւնը:
Անդրադառնալով այցին` Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը շեշտեց. «Ինչպէս եւ անցեալում, այժմ էլ մեր ողջ ներուժով աշխատում ենք Եւրոպական քաղաքական շրջանակներում լսելի դարձնել Արցախի մեր հայրենակիցների ձայնը եւ իրազեկել Ադրբեջանի ագրեսիւ, կործանարար քաղաքականութեան վերաբերեալ: Կարեւորում ենք Արցախի արտգործնախարարի այցը Բրիւսել նաեւ այն պատճառով, որ սա յետ-պատերազմեան փուլում նրա առաջին այցն էր ԵՄ մայրաքաղաք: Թէկուզ ծանր եւ վիրաւոր, բայց Արցախն այսօր շարունակում է ապրել: Բոլորիս պարտքն է նուիրումով տէր կանգնել մեր ժողովրդի արդար իրաւունքներին եւ պաշտպանել ինչպէս Արցախի Հանրապետութեան, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան պետական շահը», ամփոփեց Գասպար Կարապետեանը:
ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ