Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ
Մի անգամ, երբ նայում էի սփիւռքից իրենց հայրենիք վերադարձող հայերին, մեծ ցաւով ասում էի ինքս ինձ. «Ախ, ին՞չ կը լիներ, եթէ ողջ լիներ Պարոնեանը եւ այս քարաւաններից մէկի մէջ մտած՝ վերածնուած Հայաստան գար…»:

Ու ճիշդ այդ միջոցին յանկարծ յիշեցի, որ Պարոնեանը անմահ է:
Ինձ մնում էր անմիջապէս Պոլիս մեկնել եւ նրա թեւը մտած Հայրենիք առաջնորդել:
Պոլսում իմ միակ ծանօթ հասցէն Ծաղկի փողոց թիւ 2ն գնացի, ու Մանուկ աղան ինձ առաջնորդեց մեծ երգիծաբանի տունը:
– Ե՛լ, – ասացի,- Հայաստան պիտի երթանք:
– Ինչո՞ւ այսպէս յանկարծական,- ասաց Պարոնեանը, նստիր մէկ «խահուէ» (սուրճ) մը խմենք ու մտածենք այդ մասին:
Ապա սրճամանը կրակին դնելով դիմացս նստեց ու ասաց.
– Ատանկ հեւիհեւ միայն բժշկին կը կանչեն մահամերձ հիւանդին վրայ: Ի՞նչ է, Հայաստանի մէջ այնքան թերութիւն է կուտակուէր, որ շտապ ծաղրուելու պէ՞տք ունի:
– Հայաստանում… ոչ մի թերութիւն չկայ, ասացի:
– Է՛, թերութիւն չեղած տեղն ինչո՞ւ երգիծաբան կը կանչէք:
– Մեր չտեսածը գուցէ դուք ձեր սուր աչքերով նկատէք:
– Ատիկա չեղաւ: Ես չեմ կրնար Պոլսոյ համար թերութիւնները թողած՝ գալ Հայաստան, անգործ նստիլ՝ ձեռքը ձեռքին դրած, դուք գիտէք, որ երգիծաբանը միայն թերութեամբ կ՛ապրի:
– Ասենք… չի կարելի բոլորովին ասել, թէ չկան, հատ ու կենտ թերութիւններ կարելի է ճարել… ձեր պատուին:
– Օրինակ:
– Օրինակ կարելի է գտնել մէկ-երկու տգէտ գիտնականներ, որոնք ոչինչ չանելով, փող են սատանում:
– Այդ մէկ, յետո՞յ
– Յետոյ զեղծարարները, որոնք պետական գանձն են գռփում:
– Բաւական է, ասաց Պարոնեանը յուզուած եւ տեղից վեր կենալով շարունակեց,- ատոնք անանկ խոշոր թերութիւններ են, որոնք կրնան ինձմէ մեծ երգիծաբանի անգամ գրելու նիւթ տալ: Կողոպտել իմ նորաստեղծ հայրենիքի գա՞նձը… Օ, ես Հայաստան կու գամ եւ շանթեր կը թափեմ անոնց գլխուն: Խնայել չգիտեմ: Ես նման գիտնականին աւանակ կ՛անուանեմ, իսկ դրամաշորթին՝ չորքոտանի:
Այս ասելով՝ այնքան բորբոքուեց մեծ երգիծաբանը, որ ես վախեցայ այս վիճակով նրան Հայաստան բերել: Իր զայրոյթը մեղմել փորձելով ասացի․

– Ոտքդ պագնեմ, հանդարտուի՛ր: Ամէն երկիր իր սովորոյթն ունի: Մեզ մօտ որեւէ մէկին չի կարելի ուղղակի աւանակ անուանել: Նա «որոշ չափով» է աւանակ: Այպէս որ նրանց, ում աւանակ ես անուանելու, ջորի պիտի ասես նախ, իսկ գալով «չորքոտանուն»՝ այդ արդէն անհնար է: Մեզ մօտ մէկն ինչ յանցանք էլ գործելու լինի, երեք ոտից աւելին արտօնուած չէ ունենալու: Երկու, ամենաշատը՝ երեք:
– Ինչո՞ւ, ձեր երկրում պակասութի՞ւն կայ:
– Ո՝չ, ոտներ շատ ունենք, բայց խոմ չի կարելի մեր ունեցած բոլոր ոտները բերել շարել մի յանցաւորի տակ:
– Լաւ, երկու ոտքով կը գոհանամ, տո՛ւր անոնց անունները, որ «Ազգային Ջոջեր» գրեմ:
– Անուն տալ չի կարելի: Պէտք է գրես «որոշ մարդիկ» կամ «ոմանք»:
– Անանկ է նէ, ես Հայաստան չեմ գար,- ասաց Պարոնեանը եւ տեղ նստեց:
– Բայց ես շատ կը ցանկանայի, որ գայիք:
– Գամ դերանուննե՞ր ծաղրեմ։
– Ճիշդ է , մեզ մօտ ջոջերի մասին չի կարելի գրել, բայց այն ատեն էլ կը գրէք «Ազգային Փոքրեր»:
Վերջում ես Հայաստանի հրաշալիքներն այնպէս ճարտար լեզուով նկարագրեցի, որ նրա մէջ միտք ծագեց գէթ մի անգամ տեսնել այն:
Եկաւ ու տեսաւ մեր հրաշալի մայրաքաղաք Երեւանը եւ զմայլուեց:
– Լսած եմ, որ հոստեղ իմ անունով փողոց գոյութիւն ունի, ճի՞շդ է: Կ՛ուզէի տեսնել:
Ես չլսել ձեւացրի, որովհետեւ դա տեսնելու բան չէր:
Երբ շատ պնդեց, ստիպուած ասացի․
– Ձեր անուով փողոց կայ Երեւանում, ճիշդ է, բայց մի փոքր շատ նեղ է: Այսինքն՝ նեղ ասելով՝ չիմանաք այնքան որ անցորդը չկարողանայ երթեւեկել: Ամենահաստ մարդն էլ կարող է ձեր փողոցով անցնել, եթէ պտղունցով ծայրը մի փոքր սրես: Այնքան ինչպէս ասեղ մտցնելիս դերձակը թելի ծայրն է սրում: Յետոյ պիտի ասեմ, որ ձեր փողոցը ներկայ շինարարութեան պատճառաւ աֆրիքական գետերի կերպարանաք է առել: Ինչպէս այդ գետերը մերթ մտնում են գետակի տակը, մերթ դուրս գալիս, հոսում այնպէս էլ այդ փողոցի անցորդներն անում են սուզուելով նորակառոյցի տակ ու դուրս գալով:
– Այս փողոցը ո՞վ նուիրեց ինծի, հարցրեց Պարոնեանը:
– Քաղսովետը:
– Ի՞նչ մարդ է ատիկա , երգիծաբա՞ն է:
– Ոչ:
– Ինչպէ՞ս կրցաւ հապա ինծի այսպէս խիստ ծաղրել: Ես կեանքիս մէջ բնաւ այդ ուժգնութեամբ ծաղրած չեմ մէկը:
– Ներող կը լինէք: Յանկարծ եղաւ:
– Ուրիշ բան ունէի՞ք ինծի նուիրուած:
– Կայ: «Երաժշտական կոմեդիայի թատրոն»ը, որը թէեւ կը շարունակուի կոչուել «Երաժշտական կոմեդիայի թատրոն», բայց դա ժամանակաւոր է: Ըստ սովորութեան: Այնպէս, ինչպէս երկրորդ անգամ ամուսնացած մարդն իր նոր կնկան կանչելիս մոռացմամբ հին կնոջ անունն է տալիս:
Այսպէս խօսում ենք, միաժամանակ շրջում ենք Երեւանում, Պարոնեանը հիացած է քաղաքով: Այնքան, որ ասում է, «ա՜խ» քաշելով․
– Ինչո՞ւ ինծի աւելի վաղ չկանչեցիր Հայաստան:
– Հիմա իսկը ժամանակն է, եթէ Ստալինի ժամանակ գայիր, պիտի բռնուէիր ու քսան տարի աքսոր գնայիր:
– Բայց ես անմեղ եմ…
– Այն ատենները անմեղութիւնն ամենամեծ յանցանքն էր համարւում…
– Ի՞նչ կ՛ըսես…
– Այո:
Մինչ այս, մինչ այն, մօտենում էր ճաշի ժամանակը եւ ես իմ հիւրին մի ճաշարան պիտի առաջնորդէի:
Ուստի մտայ Մատենադարան եւ վերցրի Չամչեանի «Հայոց Պատմութիւնը», որը երկու հազար էջից էր բաղկացած:
– Ա՞յդ ինչու համար, հարցրեց իմ յարգարժան հիւրը:
– Մեզ մօտ, ասացի,- մատուցողները մի փոքր ուշ են մօտենում ճաշասեղանին՝ պատուեր ստանալու, մենք մի փոքր կը զբաղուենք Չամչեանով, մինչեւ մեզ նկատեն: Վասնզի, աւելացրի,- մեզ մօտ թաղականական ընտրութիւններ չկան, որ ես Մանուկ աղայի պէս նստեմ պատմեմ ձեզ. երկար սպասելով կարող էք ձանձրանալ:
Ճաշից յետոյ, երբ արդէն պիտի բաժնուէինք, Պարոնեան ասաց.
– Ճամբին մէկը մի բան փսփսաց ձեր մասին, դուք երգիծբա՞ն էք։
– Որոշ չափով:
– Ձեր անունը:
– Մի ոմն:
– Կը զարմանամ: Հայաստանի մէջ ոչի՞նչ իր անունով չի կոչուիր: