
Ձիւնը ծածկեց երկիրս, բայց չմեղմացաւ ցաւը մեր ապրած: Ծածկուեցին ծաղիկները, հերսների շիրիմը բաց մնաց: Ձմեռները առանց ձեզ ենք անցկացնելու, առանց ձեր անկեղծ ու երջանկացնող ժպիտների, առանց ձեր կատակների: Գնացին տղերքը, էլ յետ չեն գալու: Իրենք են հիմա երկնքում շողշողացող աստղերը, ովքեր լուսաւորում են մեր երկիրը իրենց հերոսութեան լոյսով: Իրենք գնացին, բայց չմարեց մեր մէջ վրէժը, այլ աւելի լցուեցինք վրէժով: Մենք կորցրեցինք եղբայր, հայր, պապիկ, քեռի: Մենք կորցրեցինք մեր հայրենիքը, այն հայրենիքը, որ կառուցուել էր դարերով, որ պահպանուել էր տղերքի արիւնով: Էլ չկայ ,չկա՜յ Արցախը, չկայ Քելբաջարը, չկայ Լաչինը, չկայ: Հիմա վե՞րջ, վերջացաւ՞. չէ, չի վերջացել, սա դեռ սկիզբն է: Եթէ մենք դեռ չենք յաղթել, ուրեմն սա դեռ վերջը չէ: Մենք դեռ պայքարում ենք ու պայքարելու ենք մինչեւ այն ժամանակ, երբ երկիրս ուշքի կը գայ, կը համախմբուի ու այդ համախմբուածութիւնը յաւէրժ կը լինի եւ մեր հողերը այլեւս ոչ ոք չի վաճառի: Ես պատրաստ եմ պայքարելու, պատրաստ եմ ձեռքս զէնք վերցնելու, բայց ցաւօք այդ հնարաւորութիւնը չունեմ, բայց ժամանակը կը գայ, կ՛ունենամ: Ես գիտեմ, որ յաղթանակը մերն է լինելու, ուշ բայց մերն է լինելու, մեր հողերը ետ ենք բերելու, հայը անտուն չի մնալու:
ՅԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ:
* * *
Բոլորը մտածում են գաղթելու մասին, իրենք ուզում են խաղաղ երկնքի տակ ապրել, հանգիստ ապրել: Իրօ՞ք: Ձեզ ինչ է թւում, մենք չե՞նք ուզում, ձեզ թւում ա մեզ դո՞ւր է գալիս ես վիճակը: Չէ: Գիտէք, մենք էլ ենք ուզում խաղաղ երկնքի տակ ապրել, հանգիստ ապրել, բայց չենք լքում մեր հայրենիքը: Ես խօսք եմ տուել տղերքին, որ չեմ գնալու երկրից, մնալու եմ ու փրկեմ հայրենիքս աղէտից, լուծելու եմ իրենց վրէժը, օգնելու եմ ինչով կարող եմ, որ բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ, որ հայը այլեւս ցաւ չտեսնի, որ փոքր երեխան հօրը տարիներով չսպասի: Այդ գաղթականներից շատերը ուզում են մնալ իրենց հայրենիքում, բայց միաժամանակ ապրել խաղաղութեան մէջ: Գիտէք, հեշտ չէ հայ լինելը, ցաւի մէջ ապրելը, վախով ապրելը, ամէն օր վատ լուր լսելը ու դրսում կեղծ ժպտալը, ցոյց տալ, թէ ամէն ինչ նորմալ է: Ի վերջոյ, պէտք է հասկանալ հայեր, եթէ բոլորս գնանք ՀԱՅԱՍՏԱՆԸ անտէր կը մնայ, կը մնայ յաւէրժ թշնամու ձեռքում: Շատերիս նպատակները երազանք կը դառնան, մեր եղբայրների վրէժը չենք կարողանայ լուծել, ու մենք կը լինենք ամենավախկոտ ազգը աշխարհում. ես գիտեմ, դուք էդպէս չէք ուզում: Ուրեմն յանձնուել չկայ, ոտքի ել ազգ, հաւաքիր ուժերդ, դու կարող ես, ես գիտեմ դու կարող ես: Յիշի՛ր ազգ, քո որոշումից կախուած է մեր լինել կա՛մ չլինելու հարցը: Ուշքի եկէք հայեր… ՈՒՇՔԻ ԵԿԷՔ…
* * *
Աչքերը բացելուն պէս լսեցինք ցաւալի լուրը: Սեպտեմբերի 27, 2020` պատերազմ է սկսուել, ոտքի ել ազգ:
Սեպտեմբերի 27ից մինչեւ Նոյեմբերի 9ը ազգը համախմբուած առաջ էր գնում, թւում էր, թէ մենք անպարտելի ենք, բայց քաղաքականութիւնը չընդունեց մեր համախմբուած ազգ լինելու իրաւունքը: Երկիրը բաժանուեց մասերի: Հողը վաճառեցին, իսկ մարդիկ մոռանալով ամէն ինչ, իրար դէմ ելան, դարձան իրար թշնամի: Մարդիկ դարձել են քաղաքականութեան զոհը ու մոռացել կատարուածը, մոռացել են, որ մենք դեռ հող ունենք թշնամու ձեռքում, մոռացել են, որ դեռ գերիներ ունենք, ովքեր տուն չեն հասել, մոռացել են, որ դեռ տղերքի արիւնոտ մարմինները չենք յանձնել հողին, այն հողին, որի համար իրենց կեանքն են զոհել: Ու այս ամէն ինչը մոռացած, մարդիկ փախչում են հայրենիքից, փախչում են դէպի »ազատութիւն«, փախչում են մոռանալով հայրենիքի, հայի վրէժի ու պատմութեան մասին:
Ու այսպէս դէպի »ազատութիւն« փախչողները շատանում են, իսկ հայրենիքը վաճառում են թշնամուն: Ազգ, ուշքի արի, բաց աչքերդ, տես ինչ է կատարւում իրականութեան մէջ:
Հերիք է յոյսներդ դնէք քաղաքականութեան վրայ ու դառնաք նրանց զոհը: Մենք հայրենիք ենք կորցնում, մենք մեր հայ լինելու իրաւունքն ենք կորցնում, իսկ դուք դե՞ռ քաղաքականութիւն էք քննարկում: Ուշքի եկէք: Մեր հերոսները մինչեւ վերջին շունչը պահեցին հայրենի հողը, որ հիմա շատ հանգիստ յանձնէ՞ք թշնամուն: Իրականութիւն վերադարձէք: Ազգ, մոռացիր քաղաքականութեան մասին, համախմբուիր, արի ցոյց տանք թշնամուն, որ հայը երբեք պարտուած չի հեռանում կռուի դաշտից: Ոտքի ելիր, որ ցոյց տանք աշխարհին, թէ ով է իրականում հայը: Ուրիշ ոչինչ չեմ ուզում:
Ու յիշիր, որ մենք դեռ հող ունենք ազատագրելու, թշնամի ունենք ոչնչացնելու եւ հայրենիք ունենք պահելու:
* * *
5,4,3,2,1… Զանգերը հնչեցին ու փոխուեց տարին: Այսօր Դեկտեմբերի 31ն է` Ամանոր: Եկել եմ այս տարի վերջին անգամ սրտիս խօսքը ասելու: Համացանցում հանդիպած կը լինէք մարդկանց ովքեր քննադատում են Նոր տարի նշող անձանց, ասելով, թէ բա այսքան զոհեր ունենք, սգի մէջ է ազգը, ի՞նչ Նոր տարի: Այո, մենք նշում ենք Նոր տարին, բայց դա չի նշանակում, որ չենք յարգում հերոսների յիշատակը ու ցաւ չենք ապրում: Մենք շատ փորձութիւնների միջով անցանք, բայց չյանձնուեցինք ու կամաց-կամաց ոտքի ենք կանգնում: Իրենք իրենց կեանքը կիսատ թողեցին, որ մենք շարունակենք ապրել: Տանը նստել, լացելով ոչինչ չես կարողանայ փոխել, ապրէք ձեր օրը այնպէս, կարծես կեանքի վերջին ժամերն էք անցկացնում: Ապրէք ամէն մի վայրկեանը ու գնահատէք այն ինչ ունէք:
Մինչեւ զանգերի հնչելը ու 2022 թուական մուտք գործելը, մի պահ նայէք երկնքին, ժպտացէք, շնորհակալութիւն յայտնէք տղերքին էս օրուայ համար ու մաղթէք խաղաղ տարի: Վստահ եմ իրենք էլ փոխադարձ կը ժպտան ու իրենց ապրեցնող ժպիտներով մեզ հետ մուտք կը գործեն 2022 թուական:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: