ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

…Մէկ տարի էլ անցաւ երկրագունդ մոլորակի պտոյտից, որը հայ ժողովրդի պատմութեան մէջ կը նշուի որպէս վերջին 30 տարուայ ամենավատ տարի: Թէ ինչպիսին կը լինի 2022 թուականը մեր երկրի, մեր Հայրենիքի համար` կախում ունի մեր Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնից եւ ընդդիմադիր դաշտի` տիրող վարչակարգի հետ ունեցած փոխյարաբերութիւններից:
Ասեմ միանգամից`աներկբայ. միմեանց նկատմամբ շարունակուող, ձնագնդի նման օրէ օր գլորուող թշնամանքը ու անհանդուրժողականութիւնն իշխանական ուժի եւ ընդդիմութեան միջեւ, լուսաւոր ապագայի հեռանկարը տանում են չերեւացող հորիզոնից այն կողմ:
Մինչ այդ`ամէնակարեւորը:
Երբեք ու երբեք չի կարելի բարի-դրացիական յարաբերութիւններ ստեղծել թուրքերի եւ ազերիների հետ` քանի դեռ չեն լուծուել մեր ժողովրդի համար կենսական նշանակութիւն ունեցող երեք կարեւորագոյն հարցեր:
Դրանք են. Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուած ուժերի շուտափոյթ վտարումը մեր սահմաններից, սահմանագծման, սահմանազատման իրականացումը հնարաւորինս արագ, եւ բացառումը` Սիւնիքի կամ Մեղրու միջանցք ստեղծելու հնարաւորութիւնը:
Պարապ խօսք է, երբ ասւում է թէ հայ-թրքական յարաբերութիւնները ընթանալու են առանց նախապայմանների:
Սուտը, կեղծիքը, իրականութիւնը շուռ տալու անգերազանցելի վարպետներ են այս երկու բորենիները, թուրքն ու ազերին օրէնք-մօրէնք, թուղթ-մուղթ, պայմանաւորուածութիւն չգիտեն, չեն ճանաչում: Նրանց մօտ բացակայում է քաղաքակրթութիւնը:
Իրենց մօտ շատ յաջող է ստացւում ուժի դիրքերից գործելը: Հենց այդ ուժն է, որ մենք դժբախտաբար չունենք:
Երբեք մի խաբուէք թուրքի եւ ազերիի սուտ ու դատարկ խոստումներին: Երկրորդ օրն իսկ նրանք կը դրժեն ամէն մի պայմանաւորուածութիւն: Հաշտեցման ու բարի-դրացիական այսպէս կոչուած խոստումները` մի նոր սպանդի, մի նոր եղեռնի նախադուռ են խաղաղ պայմաններում:
Առջեւում, չորս ամիս յետոյ, Ապրիլի 24ն է: Սպասենք, տեսնենք թէ ինչ չափով է «յարգելու» Էրտողանը իր խոստումը եւ թէ ինչպէս է նայելու ամբողջ Սփիւռքով մէկ իրականացուող մեր պահանջատիրական ցոյցերին: Բնաւ շտապել պէտք չէ: Խաբուել ենք միշտ: Գոնէ այս անգամ զգօն լինենք: Յիշէք թէ ինչ է ասում ժողովուրդը. «Կաթից այրուողը, մածունն էլ է փչելով ուտում»:
Վաղը միւս օր թուրքերն ու ազերիները բարեկամութեան քողի տակ կը լցուեն Հայաստան ու ճագարի նման բազմանալուց ու քաղաքացիութիւն ստանալուց յետոյ էլ կը մտնեն Ազգային ժողով: Ուստի, եթէ գան նման «լաւ» օրեր, անհրաժեշտ է օրէնք մշակել, որը կ՛արգելի որեւէ օտար քաղաքացու Հայաստանի քաղաքացիութիւն շնորհել, նոյնիսկ Հայաստանում ծնուած օտարներին չի կարելի քաղաքացիութիւն շնորհել: Թող գան, գնան, առեւտուր անեն եւ ապրեն միայն վարձակալական հիմունքներով, իսկ գործարարները կառավարութեան հետ պայմանագիր կնքեն՝ 49-51 տոկոս յարաբերութեամբ:
Այժմ փաստերով, թէ ինչպիսին է եղել Ղարաբաղը Խորհրդային իշխանութեան օրօք:
1975 թուականին,, Հայաստանի Ձայնասփիւռի ժողգործիքների համոյթի փոքր կազմը, երեք մենակատարների հետ միասին, իմ ղեկավարութեամբ, երկու համերգի համար մեկնեց Ադրբեջան: Առաջին համերգը կայանալու էր Շուշիում, երկրորդը` Բաքւում: Կէս գիշեր էր, երբ յոգնած ու տառապալից վիճակով հասանք 19րդ դարի երկրորդ կէսի եւ 20րդ դարի առաջին տասնամեակին լաւագոյնս ճանաչուած, Հայ մշակոյթի կենտրոն համարուող, փոքր Փարիզ անունով յայտնի Շուշի:
1920 թուականին Ադրբեջանի կողմից իրականացած 300 հազար հայերի կոտորածի ու քաղաքի լիակատար աւերումի արդիւնքում այն արդէն ամբողջովին խաւարի մէջ կորած գիւղաւան յիշեցնող անմարադաբնակ տարածքի էր նման: «Կուլտուրայի (մշակոյթ) տուն» կոչուածն էլ`կառուցման օրից չվերանորոգուած անհրապոյր մի կառոյց էր: Սրահում էլ` 30-40 կոտրած-թափած աթոռների մի բլուր:
– Այստեղ ե՞նք համերգ տալու բարեկամ,- հարցնում եմ միակ տղամարդուն:
– Մի անհանգստանաք տղերք ջան, առաւօտեան կը շարենք աթոռները:
– Էս ո՞ւր են մեզ դիմաւորողները, շրջանի ղեկավարներից մէկն ու մէկը, ի վերջոյ էս քոռ ու փուճ էղած կուլտուրայի տան վարիչը,- զայրացած հարցրի։
– Խեղճը էրես ունի՞, որ էրեւայ…, կենտրոնից փողը չեն ղրկէ, որ ձեզ մարդավարի, հայավարի ընդունենք ճամբու դնենք: Էսպէս է մեր վիճակը: Ես էս շէնքի պահակն եմ: Թէ խի են ձեզ ըստեղ ղրկէ` չեմ հասկնայ: Վաղը հազիւ թէ կարենանք մի 20-30 մարդ բերել համերգի: Հիմա ես ձեզ տաք չայ կը տամ, յետոյ կը տանեմ հիւրանոց, էս շէնքի քովն է: Ընտեղ էլ մարդ չկայ, համա բալնիքը քովս է:
Ռուսական խոշոր ինքնաեռի պարունակութիւնը մի կերպ բաւարարեց մեր խմբի անդամներին թէյ մատակարարելու համար:
– Էս ուտելու բան-ման չկա՞յ,- համարձակուեց հարցնել դուդուկահարներից մէկը:

– Չէ տղերք ջան…, ներող կ՛եղնիք, համա առաւօտ վայ թէ հաց էլ էղնի…, դուք պտի ձեր գլխի ճարը տեսնիք: Կ՛երթաք բազար, ընտեղ վայ թէ մի բան կ՛եղնի, կամ էլ` պտի ընկնիք գիւղի տները ու ձեր փողով կարենաք ուտելու բան ճարել: Համա դուզը որ ըսեմ, գիւղացիք էլ աղքատ են, բան-գործ չունին, ջահել- մահել չի մնացէ. սաղ փախել են Բաքու, Ռուսաստան, կամ էլ` Հայաստան:
Չերկարացնեմ: Առաւօտեան թէյին աւելացաւ հացանման մի թխուածք: Ինչպէս ասել էր պահակ Ենոքը, գնացինք շուկայ, ուր միայն ու միայն չորս պառաւ կանայք էին «առեւտուր» անում` առանց որեւէ յաճախորդի: Ծախածներն էլ` միայն 3-4 տեսակ կանաչի, ուրիշ ոչինչ: Ի վերջոյ, խումբ-խմբի բաժանուելով քաղաք-գիւղի տները շրջելով, ամէն մարդ մի կերպ կարողացաւ սովամահ չլինել:
Համերգն անցկացրինք օրը ցերեկով, հազիւ 30 պառաւ կանանց ու զառամեալ ծերունիների ներկայութեան: Յովիկի (Յովհաննէս Բադալեան) «Զարթիր Լաօ»ն էլ չօգնեց, որպէսզի աշխարհից անտեղեակ, իրենց դարդով տապակուած մեր տատերն ու պապերը գէթ կէս ժամով կտրուէին իրականութիւնից ու չննջէին համերգի ժամանակ:
Ահա այսպիսին էր Ղարաբաղը ոչ այնքան հեռու անցեալում, այն էլ` Ադրբեջանի նման հզօր ու հարուստ երկրի տիրապետութեան տակ: Ղարաբաղը հայաթափելու անմարդկային, սադայէլական ծրագիրը իրականացւում էր ՄԵԾ վարպետութեամբ: Իսկ ահա Բաքւում բոլորովին այլ էր պատկերը
Բաքուի Արմէնիքենդ շրջանի հայութիւնը սրտաբաց, տօնական տրամադրութեամբ ընդունեց Հայաստանի երաժիշտներին: Խանդավառութիւն էր ողջ շրջանում: Նոր-նոր յաջողութիւն եւ ճանաչում վայելող, հետագայում մեծ ժողովրդականութեան արժանացած երգիչ Բոկան (Բորիս Դաւիթեան) երկու օր շարունակ իր երաժշտախմբով աներեւակայելի հարուստ խնջոյքի պահեր պարգեւեց մեզ:
Այսպիսին էր Ղարաբաղի եւ Բաքուի հայերի ապրելակերպի տարբերութիւնը 40-45 տարի առաջ:
* * *
Ներքոյ շարադրուող նիւթի հեղինակը նշանաւոր պատմաբան, գրող Բագրատ Ուլուբաբեանն է: Ճշմարիտ հայրենասէր ղարաբաղցի գիտնականն իր ամբողջ կեանքում պայքարել է Ղարաբաղի ազատագրութեան համար:
Ղարաբաղից փախուստ տուած Բագրատ Ոլուբաբեանը երկար տարիներ աշխատել էր Ղարաբաղում, եղել տեղի Գրողների Միութեան նախագահ եւ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մօտիկից գիտէր թէ ինչպէս էր հարստահարուում տեղի հայ բնակչութիւնը: Իրեն ապահով զգալով Հայաստանում, Ուլուբաբեանը փորձում է համախոհներ գտնել պատմաբանների շրջանում` պայքար ծաւալելու Ղարաբաղը իր օրինական տիրոջը` Հայաստանին վերադարձնելու համար: Տեսնելով որ Ղարաբաղի հարցը անհնարին է քննարկման առարկայ դարձնել Հայաստանում, Ուլուբաբեանը որոշում է դիմել Սփիւռքի օգնութեանը: Այդ նպատակի համար, նա Ղարաբաղի հայութեան վիճակը նկարագրող ցնցող փաստերով լի մի յօդուած է պատրաստում եւ հայրիկիս` մատենագէտ- պատմաբան Յակոբ Անասեանի օգնութեամբ փորձում այն տարածել Սփիւռքում:
Հայրիկիս անձնական գրութիւններն ուսումնասիրելիս ձեռքս անցաւ Բագրատ Ոլուբաբեանի այդ յօդուածի կրկնօրինակը: Ժամանակին յօդուածի բնօրինակը հայրիկիս միջոցով հասել է Ամերիկա եւ տպագրուել 1972 թուականի աշնանը` «Արմէնիա» եւ «Հայրենիք» պարբերականներում:
Այժմ ընթերցողին ենք ներկայացնում Բագրատ Ուլուբաբեանի «Ղարաբաղի Իրական Պատկերը» յօդուածը, մասնակի կրճատումներով:
* * *
… Արցախ, Փոքր Սիւնիք, Լեռնային Ղարաբաղ: Հին ու հնաւանդ անուններ, հայ հող, Հայաստան: Բայց եղաւ այնպէս, որ այդ հողը պոկեցին, կտրեցին Մայր Հայաստանից:
Այսույանդերձ, յոյս կար, որ հայ Ղարաբաղը երբեւէ կը միանայ իր Մայր Հայաստանին: Յոյս կար եւ յուսալով սպասում էր ղարաբաղցին:
Շատ դաժանութիւններ եղան` ղարաբաղցի հայից այդ յոյսը խլելու համար:
Երբ ադրբեջանական հանրապետութեան ղեկն ու իրաւունքը դժնայիշատակ Բաղիրովի ձեռքին էր, ղարաբաղցին նոյնիսկ չէր կարող ասել, որ ինքը հայ է, Հայաստան աշխարհի որդի: Այդպիսի ամէն մի հայ դատապարտուում էր հրապարակով: Նրա ճակատին խարանում էին ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏ (ազգայնամոլ) բառը եւ տանում այնտեղ, որտեղից վերադարձը հրաշք կարող էր լինել:
Երկար սպասումից յետոյ եկան աւելի բարւոք օրեր: Մթնոլորտը թեթեւացաւ: Ղարաբաղցին սկսեց իրեն աւելի ամուր զգալ պապենական հողի վրայ, սկսեց աւելի ազատ մտածել, աւելի ազատ արտայայտել իր իղձերը Մայր Հայաստանի նկատմամբ: Գնալ-գալը շատացաւ, հեշտացաւ: Նա այլեւս վտանգ չ՚էր տեսնում իր հայ լինելը, իր ազգային արժանապատուութիւնը ցոյց տալուց: Համարձակուեց նոյնիսկ օրինական պահանջներ ներկայացնել:
Լեռնային Ղարաբաղի մարզային կենտրոնը` Ստեփանակերտը, որ տարիներ շարունակ հողին էր կպել ու հողից վեր բարձրանալու ուժ ու կարողութիւն չունէր, միանգամից բացեց թեւերը, կառուցման շունչ ու թափ առաւ, ծաւալուեց, մեծացաւ, գեղեցկացաւ: Աճեցին մտաւորականներ, որոնք արդէն կարող էին մարզի հայութեան անունից խօսել, ներկայացնել նրա խոհերն ու պահանջները:
Լեռնային Ղարաբաղը արդէն ունէր իր գրողները, դերասանները, երգիչները, իր գիտնականները, մշակոյթի օճախները: Ազգային կեանքը մի տեսակ աշխուժացաւ:
Սակայն մարզի հայութիւնը դժգոհ էր իր վիճակից, որովհետեւ այդպէս էլ մնում էր որպէս հատուած, բաժանուած Մայր Հայաստանից:
Այս բանը զգում էին Ադրբեջանի նոր ղեկավարները, որոնք չէին ազատուել ու չէին
էլ ուզում ազատուել իրենց նախորդների մտայնութիւնից ու չար ծրագրերից: Նրանք զգում էին, որ փոխուել են ժամանակները եւ իրենց հայահալած քաղաքականութեան դէմ բողոքողներին այլեւս չէին կարող բանտ ու աքսոր քշել: Ուրեմն, պէտք էր նոր եղանակներ գտնել հին «մեղաւորներին» վնասազերծելու համար: Շուտով գտան այդ եղանակները: Սովորական դարձան աշխատանքից հեռացնելու, կուսակցական տոյժ ու պատիժ տալու փաստերը:
Չուշացան նաեւ ադրբեջանական ազգայնամոլութեան գաղափարախօսները: Նրանք իրենց մամուլն ու գրքերը լցրեցին ամէնաբազմազան անհեթեթութիւններով, որոնցից մէկի համաձայն, Ղարաբաղի հայերը խեղճ եկուորներ են համարւում իրենց հողի վրայ: Միւսի կարծիքով, նոյն այդ հայերը ոչ թէ իսկական հայեր են, այլ բռնութեամբ հայացուած աղուաններ կամ թուրքեր: Իսկ մի երրորդը Ղարաբաղի «ինքնավարութեան» 40ամեակը «ողջունեց» հետեւեալ բարբաջանքով. «Եղել է Շուշին, Աղդամը, բայց նրանց միջեւ ընկած Ստեփանակերտ քաղաք չի եղել»: Իբր հայկականը 40 տարուայ ընթացքին է, որ ընկել է ադրբեջանական երկու քաղաքների արանքը: Շուշի քաղաքի փառահեղ մասը, որ հայկական է եղել, կործանել են 1920 թուին, վերջերս էլ աւերակներն են վերացել գետնի երեսից, որպէսզի չարագործութիւնը վկայող ոչինչ չմնայ: Հիմա էլ, օրը ցերեկով կոչ են անում վերացնելու քաղաքի հայկական գերեզմանոցը:
Եւ այսպէս. սկսուել է մի նոր արշաւ Ղարաբաղի հայութեան դէմ: Սկզբում զգուշաւոր, իսկ յետոյ` բացայայտ ու սանձարձակ: Հրազէնով, խուլիգանի դանակով եւ մահ պատճառող այլեւայլ միջոցներով, Ղարաբաղի տարբեր վայրերում հայեր սպաննուեցի: Օրերից մի օր սպաննուեց…, ո՜չ յօշոտուեց, խոշտանգուեց 8ամեայ մի հայ տղայ: Մարդասպաններին գտան, երեք ադրբեջանցիներ էին, որոնցից մէկը այն դպրոցի դիրեկտորն (վարիչ) էր, որտեղ սովորում էր այդ ութամեայ տղան:
Մարդասպաններին դատեցին եւ դատավճիռը կարդացին Ստեփանակերտի քաղաքային այգում, բացօթեայ: Դատական որոշումը մեղմ էր ու անարդար: Ժողովուրդը, որ այլեւս չէր կարող համբերել` զայրացաւ, պոռթկաց ու դիմեց ինքնադատաստանի, վառեց երեք մարդասպաններին: Դրան հետեւեց մի ահեղ հաշուեյարդար, որը ահա վեց տարի է չի աւարտւում ու չի մեղմանում: Բանտերը լցուեցին ղարաբաղցի հայերով, որոնցից շատերը տանջամահ եղան հենց բանտի մէջ:
Սարսափը տարածուեց ամէնուր, սպանութիւններ տեղի ունեցան մարզի տարբեր
վայրերում: Ստեփանակերտի շրջանի Կրասնի գիւղում ադրբեջանցի զինուորականները մորթեցին մի հայ գեղջկուհու եւ մնացին անպատիժ: Մարտակերտում ոչնչացրին «կոլխոզ»ային պահակի ամբողջ ընտանիքը: Ոճրագործները մինչեւ օրս էլ չեն «յայտնաբերուել»: Չեն «յայտնաբերուել» նաեւ այն գիշերահէնները, որոնք Նոր Շէնի դաշտում սպանեցին երկու հայի: Իսկ Շուշիի մասին խօսելն աւելորդ է, քանի որ այնտեղ իւրաքանչիւր ամիս հայ է սպաննւում դանակով, ատրճանակի գնդակով, կամ էլ` մահադեղով:
Սպանութիւնների, ահաբեկումների այս շարքը վերջ չունի, քանի որ ամէն շաբաթ մի նորն ու առաւել ահաւորն է կատարւում: Վերջերս էլ ավտովթարի (ինքնաշարժի արկած) կազմակերպումով սպանել են մարզի գլխաւոր վիրաբոյժ Շահէն Դանիէլեանին: Մարզի վախկոտ ղեկավարները ջանում են այդ ստոր յանցագործութիւնը ներկայացնել որպէս պատահական աղէտ: Ադրբեջանի ազգամոլ ղեկավարները Ղարաբաղը նուաճելու ամենայուսալի միջոցներից մէկն են համարում մարզի աչքաբաց ու համարձակ մտաւորականների դէմ նիւթուող հալածանքները: Մարզում ստեղծել են մի այնպիսի վիճակ, արդարութեան մասին խօսք ասող եւ ընդվզող մտաւորականների շուրջը կրակի այնպիսի օղակ, որ նրանք թողել են տուն-տեղ, պապենական տուն ու բնակավայր, եւ ապաստան են գտել ուրիշ վայրերում: Նրանց ետեւից հեռանում են նաեւ արհեստաւորներն ու մասնագէտները: Նրանք ուրիշ ելք չեն տեսնում դուրս գալու այն վիճակից, որ Ադրբեջանի հայատեաց ղեկավարները եւ նրանց սպառնալիքի տակ ճզմուած հայ ապիկար պաշտօնեաներն են ստեղծել Ղարաբաղի անպաշտպան հայութեան համար:
Որպէսզի պարզ լինի, թէ Ղարաբաղի հայերի ադրբեջանականացումը ինչպիսի միջոցներով է կատարուում, բաւական է յիշել Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի (հիմնարկ) չարաբաստիկ օրինակը:
Հիմնարկի կէսն ադրբեջանական է` ադրբեջանցիների համար, այն էլ` ոչ ղարաբաղաբնակ ադրբեջանցիների, այլ ուրիշ վայրերից եկող ադրբեջանցիների:
Հարց է ծագում. Ինչո՞ւ պիտի դրսից եկող ադրբեջանցին ուսանի Ղարաբաղում եւ ոչ թէ տեղաբնակը: Պատասխանը յստակ է. Ադրբեջանական բաժանմունքը պիտի վերածուէր լրտեսական կենտրոնի: Ինստիտուտն աւարտող ադրբեջանցիները գնալով շատացան Ղարաբաղում եւ օրէ օր բազմապատկուելով, իրենց ձեռքն առան Ղարաբաղի վարչական օղակներն ու զանազան պաշտօններ: Ստեփանակերտի միլիցիայում (ոստիկանութիւն) աշխատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են, եւ նրանք է, որ պիտի «պաշտպանեն» հայ աշխատաւորների իրաւունքները…
Ծանր, յուսահատ վիճակ է ապրում հայոց Ղարաբաղը: Ղարաբաղցին շատ է բողոքել, ընդվզել է իր արդար իրաւունքները պաշտպանելու համար, բայց միշտ էլ մնացել է անպաշտպան:
– Եւ ինչո՞ւ, մինչեւ ե՞րբ…Ոչ մի հանրապետութիւնում այնքան շատ չեն խօսում եղբայրութեան մասին, որքան Ադրբեջանում:
– Ո՞ւր է եղբայրութիւնը, ո՞ւր են Ղարաբաղի հայութեան եղբայրները…Եթէ չեն ցաւում ուրիշների սրտերը, եթէ այսպիսին են նրա հետ եղբայրացածները, ապա ի՞նչ են մտածում արիւնակից եղբայրները, հայ եղբայրները: