Ուղեւորութիւն Ի Կ.Պոլիս

Խմբ.-1910 թուականի ամառն է եւ Ս.Վրացեան ցարական ոստիկանութենէն փախուստ տալով, պէտք է փորձէ հասնիլ արտասահման՝ Պոլիս:
Ընկեր Գասպարը շտապով ներս մտաւ սենեակս, Պաթումի «Պելվիւ» պանդոկում:
– Անմիջապէս պատրաստուիր նաւահանգիստ երթալու, նաւը մեկնում է շուտով:
(…) Իսկոյն հաւաքեցի ինչ որ ունէի գրքերով լեցուն նիհար պայուսակիս մէջ եւ հետեւեցի Գասպարին (…) Մոսկուայից Նոր Նախիջեւան՝ ծնողներիս եւ ընկերներիս հետ վերջին անգամ տեսնուելու ցանկութեամբ: Այս անխոհեմ քայլը քիչ մնաց ողբերգական վախճան ունենար ինձ համար: Հազիւ կարողացայ ինձ նետել Խրիմ: Խրիմում –Սիմֆերոպոլ, Եւպատորիա, Եալտա – մեծ դժուարութեամբ կարելի եղաւ մի թրքահպատակի անցագիր ճարել արտասահման դուրս գալու համար:
Խրիմից՝ Փոթի, ուր բանտարկուած էր իմ հայրենակից եւ ճեմարանական ընկեր, Նոր Նախիջեւանի Սուրբ Թորոս ծխական դպրոցի աւագ ուսուցիչ եւ ՀՅ Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Խայըխեանը: Անխոհեմ եւ վտանգաւոր քայլ մըն էր, բայց ես անպատճառ պէտք է տեսնէի Յակոբին:
Փոթիում ինձ որ տեսաւ տեղական կոմիտէի նախագահ ատամնաբոյժ Ապրիլեանը, սարսափած բացագանչեց.
– Տնաքանդ, ի՞նչ գործ ունես այստեղ, շուտով հեռացիր: Եւ երբ իմացաւ այցելութեանս նպատակը, աւելի եւս զայրացաւ: Բայց, վերջ ի վերջոյ, մեղմացաւ եւ նոյնիսկ բանտ առաջնորդեց ինձ իր բարեկամ բանտապետի համաձայնութեամբ: Ատամնաբոյժ Ապրիլեանի շնորհիւ էր, որ ես գտայ ընկեր Գասպարին Պաթումում:
Գասպարը զարմանալի մարդ էր: Ի պաշտօնէ բեռնակիր՝ բնաւ բեռնակրութեամբ չէր զբաղւում: Արհեստով դաշնակցական էր: Օրն ի բուն նստում էր սրճարաններում՝ կուսակցական գործերով կլանուած: Դաշնակցութեան աչքն ու ականջն էր Պաթումում եւ գործակատարը միաժամանակ:
Անցագիրս որ տեսաւ՝ Գասպարը քահ-քահ ծիծաղեց:
– Տնաքանդ, այս թղթով ո՞ւր ես ուզում գնալ:
– Պոլիս, պատասխանեցի ես:
– Չի՛ լինի, աղաւնեակս, անկարելի է: Մի տես՝ ի՞նչ է գրուած այս զահրումար (անպէտք) թղթի մէջ:
Ես էլ գիտէի, որ այդ «զահրումար» թղթում լաւ բաներ գրուած չէին, բայց ի՞նչ անէի, երբ աւելի յարմար անցագիր կարելի չեղաւ գտնել:
– Պոլիս պէտք է երթամ, պնդեցի ես:
– Պոլի՜ս… Սիպիր կ՛երթաս այս անցագրովդ… Համբերիր, տեսնենք ի՞նչ կարող ենք անել: Վաղը կը տեսնենք:
Եւ ձգելով ինձ «Պելվիւ», ընկեր Գասպարը անհետացաւ:
Յաջորդ կէսօրին ներս մտաւ սենեակս քիթը կախ:
– Չէ՛, սիրական, անկարելի է: Առնուազն երեք շաբաթ պէտք է սպասես նոր անցագիր հանելու համար:
Բայց ես չէի կարող սպասել: Նախ՝ վտանգաւոր էր, կարող էի ձերբակալուել. Պէտք է օր առաջ ծլկէի: Երկրորդ՝ դրամս էլ կը վերջանար: Նաեւ շատ անհամբեր էի դարձել. Պէտք է օր առաջ հեռանայի:
– Ինչ էլ լինի, ես պէտք է անմիջապէս մեկնեմ, պնդեցի ես: Պոլիս թէ Սիպիր՝ միեւնոյնն է. պէտք է մեկնեմ:
– Մեկնել՝ կարող ես մեկնել, բայց թէ ուր կը հասնես, չգիտեմ, փիլիսոփայեց Գասպարը: Եւ հեռացաւ նոր խոստումով «մի բան անելու»:
Երկու օր վերջը եկաւ, թէ՝
– Թուղթը պատրաստ է. կարող ես մեկնել. Եթէ Սիպիր չուղարկեն, գոնէ կարող ես Պոլիս հասնել:
Իմ անցագրիս վրայ «վիզա» էր առել: Եւ մէկ ժանտարմի (ոստիկան) հետ պայմանաւորուել էր, որ նաւի թղթերը ստուգելիս, աչք գոցեն իմ անցագրի վրայ: Նաեւ տոմսս էլ ապահովեր էր: Եւ ահա եկել էր աճապարանքով ինձ նաւ առաջնորդելու:
Ճանապարհին խրատ տուեց.
Հասկանո՞ւմ ես. աստիճաններով նաւ բարձրացիր, կարծես քեռուդ տունն ես մտնում – համարձակ: Կամրջակի գլխին կանգնած ժանտարմներին նայիր ոնց որ քո հին բարեկամները լինէին—խնդա՛ երեսներին: Չվախենաս: համարձակ եղիր: Արագ շարժուիր եւ անվախ պատասխանիր: Եթէ պայուսակդ ուզեն բանալ, «համեցէք» ասա, « բացէք, մէջը քամի կը գտնէք»: Ամենագլխաւորը՝ համարձակութիւն…
Բայց «ամենագլխաւոր»ի պէտք չեղաւ: Ժանտարմները թեթեւ աչք նետեցին անցագրիս վրայ, ո՛չ մէկ խօսք չարին եւ քաղաքավարութեամբ թողին, որ ներս մտնեմ նաւը: Նաւում էլ, մինչեւ մեկնումը, ուշադրութիւն չդարձրին վրաս:
Երեկոյեան դէմ նաւը հեռացաւ Պաթումից ուղիղ դէպի Սինոպ, ուր, քոլերայի պատճառով, պէտք է մնար մի քանի օր առանձնացած, վերջը Տրապիզոն վերադառնալու եւ այնտեղից ճամբորդութիւնը շարունակելու համար դէպի Պոլիս:
* * *
«Համարձակ եղիր», միշտ հնչում էր ականջներումս ընկ. Գասպարի խրատը:
Ես աշխատում էի նաւի վրայ էլ «համարձակ լինել» եւ շուտով ծանօթացայ փոքրիկ նաւի գրեթէ բոլոր ճամբորդների հետ:
Երբ նաւը խարսխեց Սինոպի ծոցի խորքում, իսկոյն ցամաքից մօտեցան մեծ նաւակներ ճամբորդների մի մասը ծովափ փոխադրելու համար: Հետաքրքրութեան համար ես էլ խառնուեցի նրանց հետ: Պարզուեց, որ երրորդ կարգի ճամբորդներ էին միայն, որ ափ էին տարւում բաղնիքում լողացնելու, ախտահանելու եւ քանի օր մեկուսացած պահելու համար: Ես երկրորդ կարգի տոմսակ ունէի եւ նման գործողութեան ենթակայ չէի, բայց ինչքան աշխատեցի, անկարելի եղաւ համոզել թուրք պաշտօնեաներին, որ ինձ ազատ ձգէին: Ինձ էլ միացրին երրորդ կարգի ճամբորդներին, մերկացրին ու հրեցին տաք բաղնիք՝ հագուստս նետելով շոգեմեքենայի մէջ…
Երբ դուրս եկայ քաւարանից, հագուստս անճանաչելի էր դարձել: Տաբատս բզիկ-բզիկ էր եղել, վերից վար ճեղքուել, բաճկոնս ճմռթկուել էր: Անձրեւի տակ թրջուած հնդկահաւի կերպարանքով՝ արտօնութիւն ստացայ վերադառնալու նաւ…
Ընթրիքի վրայ, Չինաստանից վերադարձող մետաքսի վաճառական պոլսեցի մի հայ, լսելով իմ ոդիսականը, պատմեց նապաստակի եւ ուղտի առակը.
– Մի օր, Պարսկաստանից, մի նապաստակ խելակորոյս փախչում է դէպի Ռուսաստան: Սահմանի վրայ նրան հանդիպում է մի ուրիշ նապաստակ:
– Խէր լինի, բարեկամ, էդ ո՞ւր ես վազում այդպէս արագ:
– Պա՛, դու չե՞ս լսել, որ շահը հրաման է արձակել բոլոր ուղտերին պայտել:
– Բայց քե՞զ ինչ. Դու հօ ուղտ չես:
– Ուղտ չես…գնա եւ ապացուցիր, որ ուղտ չես: Մինչեւ, որ ապացուցանես, քեզ կը պայտեն…
Ինձ էլ ապացուցանելու ժամանակ չտուին. Պայտեցին ու ճամբու դրին…
Երբ «քարանթինա»ն (մեկուսացում) լրացնելուց յետոյ նաւը հասաւ Տրապիզոն, եւ ճամբորդները սկսեցին ափ իջնել, ուղտի եւ նապաստակի պատմութիւնը մտքումս էր: Սինոպի դէպքը այստեղ էլ չէ՞ր կրկնուի արդեօք:
Բայց կրկնուի թէ չկրկնուի, ես պատրաստուած էի դուրս գալու գոնէ մի ձեռք հագուստ գնելու համար. խաղք ու խայտառակ էի եղել նաւի վրայ…
Տրապիզոնում այդ օրերին մերոնք ի պատուի էին: Նաւահանգստում թուրք պաշտօնեաները, լսելով մեր ընկեր Աւոյի անունը, «պույուրուն»ով (հրամեցէ՛ք) ընդունեցին ու վերջը «պույուրունով» էլ ճանապարհ դրին դէպի նաւը: Սահմանադրութիւնը տակաւին մեղրամիսի շրջանում էր, եւ հայերի ու Դաշնակցութեան վարկը բարձր էր թուրքերի աչքին…
նկար
1223simon-vratsian.jpg