Վաղարշակ Վարդանեան
Ռուսերէն մի արտայայտութիւն կայ՝ «կամու նի լեն», որ թարգմանւում է «ով չի ծուլանում»: Ահա, ուրեմն ասում ենք, որ ով չի ծուլանում խօսում է հայերէնի « հետզհետէ նահանջի» մասին, զանազան անիրագործելի առաջարկներ անելով, դրութիւնը լաւացնելու համար, սակայն «սայլը տեղից չի շարժւում»: Ահա, ուրեմն, այստեղ բերւում է այս դժնդակ խնդրի լուծման մի գործնական առաջարկ, այն սկսելով անսովոր ձեւով՝ բարձրացնելով հետեւեալ հարցը՝ « ինչպէ՞ս եւ ի՞նչ չափով կարելի է «հայացնել» Panarmenian-ով ցուցադրուող «Իդեալական Ընտանիք»ի «հեռուստասերիալը» արտայայտութիւնը: Այնուհետեւ առաջարկւում է յայտարարել մրցոյթ հարցի լաւագոյն պատասխանի համար (տողերիս հեղինակը պատրաստ է իր համեստ միջոցներից մի գումար յատկացնել մրցանակի համար): Այստեղ բարձրանում է մրցոյթի դատակազմի (ժիւրի) հարցը, որի կապակցութեամբ մենք անցնում ենք մեր հիմնական ասելիքին, հէնց որի համար է այս գրութիւնը:
Հայկական Սփիւռքի բազում խնդիրների սկզբնապատճառը պետական կառոյցի բացակայութիւնն է եւ նման մի բան ստեղծելու անհամար փորձերը չեն յաջողուել. սակայն հնարաւոր է եւ կենսականօրէն անհրաժեշտ ստեղծել այլ օժանդակ կառոյցներ, եւ դրանցից մէկն է Լեզուապահպանական Միացեալ Մարմինը (այսուհետեւ ԼՄՄ). ինչի՞ց է բաղկացած այդ մարմինը. առաջին հերթին բոլոր հայկական լրատուամիջոցներից. աւելի որոշակի, Լոս Անջելեսի ԼՄՄն կազմուած կը լինի «Ասպարէզ», «Նոր Օր», «Մասիս», «Պայքար», «Հայ Կեանք» եւ «Մոլորակ» պարբերաթերթերից (որոնց ուղարկւում է այս գրութիւնը տպուելու ակնկալութեամբ): Ուրեմն, ԼՄՄն սկսում է վերոյիշեալ մրցոյթը յայտարարելով եւ մրցոյթի դատակազմ ընտրելով: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդպիսի մրցոյթները լինելու են շարունակական՝ որպէս հայերէնի բարելաւման՝ գործնականօրէն միակ լաւագոյն միջոց:
Տողերիս հեղինակը ուզում է յոյս յայտնել, որ վերջապէս հայերէնի բարելաւման «սայլը տեղից կը շարժուի»:
Առաջարկները յղել՝ vvvard@hotmail.com հասցէին։
gՎաղարշակ Վարդանեան, «Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութեան եւ «Նոր Վերնատուն» հասարակական-մշակութային միութեան համահիմնադիր, Հր. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի արեւմտահայերէնի բաժնի Սփիւռքի խմբի անդամ