ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամը» (ԶԱՀ) Դեկտեմբերի 2ի դրութեամբ հատուցում է տրամադրել արցախեան վերջին պատերազմում 4646 զոհուածների ընտանիքների ու 1ին եւ 2րդ կարգի հաշմանդամութիւն ձեռք բերած մարտիկների: ԶԱՀի շահառուների շուրջ 86%-ը զոհուած հերոսներ են, 2%-ը՝ անյայտ բացակայողներ, 12%-ը՝ 1ին կամ 2րդ կարգի հաշմանդամութիւն ունեցողներ։ Այս մասին Լոս Անջելեսում յայտնեցին հիմնադրամի Հանրային կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Նարինէ Գալստեանն ու Ֆոնդհայթայթման եւ նուիրատուների հետ յարաբերութիւնների պատասխանատու Սոնա Բաղդասարեանը: Հիմնադրամի ներկայացուցիչները մէկ ամսեայ այցով ԱՄՆում էին՝ կազմակերպութեան հինգ տարիների գործունէութեան մասին Սփիւռքին իրազեկելու, ամերիկահայ համայնքների հետ կապերն ամրապնդելու, եւ երախտագիտութիւն յայտնելու նպատակով:
««Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամը» ազգային միասնականութեան յաջողուած պատմութիւն է, երբ համահայկական ջանքերով հոգ է տարւում հայրենիքի պաշտպանութեան պայքարում զոհուած մեր հերոսների ընտանիքների եւ հաշմանդամ դարձած մարտիկների համար։ Մենք աշխատում ենք, որ նրանք ապրեն արժանապատիւ եւ բարեկեցիկ կեանքով», նշեց Սոնա Բաղդասարեանը՝ Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսոութիւնում «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում:
Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Նիւ Ջերսիում, Նիւ Եորքում, Բոստոնում, Դեթրոյթում, Շիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում եւ Լոս Անջելեսում իրենց հանդիպումների ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները համայնքներին ներկայացրել են կազմակերպութեան գործունէութեան մանրամասներ: «Շատերը լսել են մեր մասին, սակայն հանգամանալից չեն պատկերացնում, թէ ինչ մեծ աշխատանք ենք կատարել պատերազմից յետոյ: Այս պահի դրութեամբ, ունենք 4646 ակտիւ շահառու, որոնց տրամադրուել է միանուագ հատուցում 10 միլիոն դրամի չափով, որը համարժէք է 20 հազար դոլարին: Այնուհետեւ, քսան տարի շարունակ, ամէն ամիս, Հիմնադրամը 400-600 դոլար է յատկացնում եւ յատկացնելու զոհուած, անյայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, ինչպէս նաեւ 1ին կարգի հաշմանդամութիւն ձեռք բերած մարտիկներին, եւ 200-400 դոլար՝ 2րդ կարգի հաշմանդամութիւն ունեցողներին: Հիմնադրամի բոլոր շահառուներն իրաւասու են ստանալ ամսական յաւելեալ 200 դոլար, եթէ ընտանիքում կայ երեք եւ աւելի անչափահաս երեխայ», տեղեկացրեց Նարինէ Գալստեանը:

Հիմնադրամի մասին Հայաստանում բոլորը գիտեն, դիմելու գործընթացն էլ, ըստ ներկայացուցիչների՝ շատ պարզ է: Անհրաժեշտ փաստաթղթերը շահառուից ստանալուց եւ դրանք Պաշտպանութեան նախարարութեան տուեալների հետ համապատասխանացնելուց յետոյ, հատուցման որոշումից հինգ օրուայ ընթացքում, շահառուի համար բացւում են անձնական բանկային հաշիւներ, որոնք մշտապէս անվճար են սպասարկւում:
Մինչ օրս հիմնադրամը հաւաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը՝ Հայաստանի եւ Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից, եւ 23 միլիոնը՝ նուիրաբերութիւնների տեսքով Հայաստանից եւ աշխարհի աւելի քան 70 երկրներից։
«Հիմնադրամի հիմնական միջոցները գոյանում էին Հայաստանում եւ Արցախում աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձից գանձուող հազար դրամներից: Սակայն Սեպտեմբերի 27ի պատերազմից յետոյ, «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի միջոցներն այլեւս բաւարար չէին հատուցումներ կատարելու համար եւ պարտադիր վճարները ստիպուած եղանք բարձրացնել: Օրէնքում փոփոխութիւններ կատարուեցին, ըստ որի, կախուած անձի եկամուտից՝ փոխւում է նաեւ գանձուող գումարի չափը եւ 2021թ. Յունուարից, այն դառնում է հազար հինգհարիւր դրամից (շուրջ երեք դոլար) մինչեւ 15 հազար դրամ (շուրջ երեսուն դոլար) եւ աւելի: Պատերազմից յետոյ աճեց նուիրատուութիւնների քանակը՝ հիմնականում Սփիւռքից»: Սոնա Բաղդասարեանը նշում է, որ մինչեւ տարեվերջ ակնկալւում է, որ շահառուների թիւն աւելանալու է աւելի քան 300ով, եւ ցաւօք այդ թիւը, պայմանաւորուած Հայաստանի շուրջ տիրող իրավիճակով, հնարաւոր է աւելանայ, ինչը ենթադրում է, որ ամսական կտրուածքով հիմնադրամի պարտաւորութիւնները կազմելու են շուրջ 2.3միլիոն, տարեկան՝ 28 միլիոն դոլար: Այս առումով, Բաղդասարեանը կարեւորում է հիմնադրամի գործունէութեանը համահայկական մասնակցութիւնը. «Ամուր եւ հզօր հայրենիք ունենալուց շահում է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի բնակչութիւնը, նաեւ՝ սփիւռքահայութիւնը, եւ կարծում ենք, որ եթէ ՀՀ բնակիչը կարող է իւրաքանչիւր ամիս իր մասնաբաժինն ունենալ հիմնադրամի առաքելութեան մէջ, ապա կենսական է, որ առնուազն նոյն չափով սփիւռքահայութիւնը նուիրաբերութիւն կատարի: Քանի որ մենք խաղաղ տարածաշրջանում չենք, եւ մշտապէս պէտք է պատրաստ լինենք յաջորդ պատերազմին, հիմնադրամը պէտք է գործի դրամագլխի մոդելով: Մեր նպատակն է, որ երկարաժամկէտ, խաղաղ պայմաններում, կարողանանք կուտակել պահուստ: Ծրագրում ենք երեքից հինգ տարիների համար հաւաքել հարիւր միլիոն դոլար, որը մշտապէս պէտք է կառավարուի, ներդրումներ արուեն՝ երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ եւ հիմնադրամի ֆինանսաւորման մոդելը պէտք է փոխի՝ նուիրատուութիւններից եւ պարտադիր վճարներից անցնելով ինքնաֆինանասաւորման եւ մենք ունենանք կայուն եկամուտներ մեր կողմից կառավարուող միջոցներ»:
Հիմնադրամի ներկայացուցիչներն ուրախութեամբ նշում են, որ ԱՄՆում, կազմակերպութիւնների ու հոգեւոր կառոյցների ղեկավարների, երիտասարդական միաւորումների անդամների ու անհատ նուիրատուների հետ հանդիպումները ոգեւորիչ են, քանի որ ամերիկահայ համայնքը մեծապէս կարեւորում է «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամի» առաքելութիւնն ու պատրաստակամ է աջակցելու:
«Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին» նուիրաբերութիւն կարելի է կատարել մի քանի ձեւով՝ Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով, որտեղ հնարաւոր է ակտիւացնել (բանեցնել) ամսեկան առցանց նուիրաբերութեան տարբերակը, մեծ նուիրաբերութեան դէպքում էլ բանկային փոխանցում կատարել: ԱՄՆ բնակիչների համար հիմնադրամն ունի ամերիկեան գործընկեր կազմակերպութիւն՝ fasf.org, որտեղ նուիրատուութիւն կատարելիս տրւում է հարկային նուազեցում (tax deductible), ինչպէս նաեւ armenianwoundedheroes.com ամերիկեան շահոյթ չհետապնդող կազմակերպութեան միջոցով՝ նշելով, որ նուիրատուութիւնը նախատեսուած է ԶԱՀի համար:
Հիմնադրամի Հանրային կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Նարինէ Գալստեանը յայտնում է, որ իրենց համար առանցքային կարեւորութիւն ունի գործունէութեան թափանցիկութիւնը։ «Մեր կայքի գլխաւոր էջում առկայ է տեղեկատուութիւն այն մասին, թէ գործունէութեան ողջ ընթացքում որքան գումար է մուտք գործել հիմնադրամ, դրանից որքանն է ձեւաւորուել պարտադիր դրամներից եւ որ մասը՝ նուիրաբերութիւնից, եւ թէ որքան հատուցում է տրամադրուել»: Գալստեանը նաեւ ընդգծեց, որ «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամը» մասնաւոր, շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, եւ չունի քաղաքական կողմնորոշում։ «ՀՀ կառավարութիւնը մասնակից չէ ո՛չ հիմնադրամի ստեղծման, ոչ ֆինանսաւորման գործում: Մենք ղեկավարւում ենք անկախ եւ արհեստավարժ խորհրդի կողմից, որի անդամներն են բանկային ոլորտում աշխատանքային փորձ ունեցող, խաղաղութեան հաստատման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման, դրամահաւաքի եւ բիզնես խորհրդատուութեան ոլորտում փորձառու մասնագէտներ։ Հոգաբարձուների խորհրդի անդամների մեծ մասը սփիւռքահայեր են ԱՄՆից, Եւրոպայից, Ռուսաստանի Դաշնութիւնից․ մարդիկ, ովքեր ունեն վստահելի եւ բարձր վարկանիշ։ Խորհրդի ամերիկեան անդամներն են Ադամ Կապլանեանն ու Ժոզէֆ Սիմոնեանը»:
Կազմակերպութեան ներկայացուցիչները յայտնեցին, որ 44օրեայ պատերազմի հետեւանքով ԶԱՀի պարտաւորութիւնները կտրուկ աճել են՝ մօտ տասն անգամ, եւ շարունակում են աճել։ Արդիւնքում, հիմնադրամի պատմութեան մէջ առաջին անգամ իրականացւում է լայնածաւալ իրազեկման ու դրամահաւաքի արշաւ ամբողջ աշխարհում։ «Մեր կազմակերպութեան առաքելութիւնն ազգային է, եւ ցանկացած հայ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամ»ին իր փոքր ներդրումով պարտքն է տալիս մեր զոհուած ու հաշմադամ դարձած հերոսներին», նշում են Նարինէ Գալստեանն ու Սոնա Բաղդասարեանը:
Տեղեկանք.- «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամը» ստեղծուել է 2017 թ.ին՝ ապրիլեան 4օրեայ պատերազմից յետոյ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհուած, անյայտ կորած, հաշմանդամութիւն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների ընկերային բարօրութեան, կայուն եւ հաւասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Գործունէութեան առաջին չորս տարիներին հիմնադրամն աշխատել է բացառապէս կամաւորների ջանքերով: Պատերազմից յետոյ, սակայն, պարտաւորութիւնները շատացել են, եւ մեծ անձնակազմ ունենալու անհրաժեշտութիւն է առաջացել: Այսօր հիմնադրամի աշխատակիցների թիւը 16 է, որոնց շարքում են՝ ֆինանասկան, իրաւաբանական, հասարակայնութեան հետ կապերի, հատուցման հարցերով մասնագէտներ: 2022 թուականից հիմնադրամն անցնում է ինքնաֆինանսաւորման համակարգի: