ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելի սրտում շուրջ մէկ ամիս առաջ բացուած «Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ն (Glendale Artsakh Farmers Market) կարճ ժամանակահատուածում հասցրել է գրաւել հազարաւոր այցելուների: Աւանդականից տարբերուող ֆերմերային այս շուկան ոչ միայն միակն է քաղաքում, նաեւ՝ բացառիկ է բնոյթով: Այն մէկ հովանու ներքոյ համախմբել է հայկական ամենատարբեր արտադրութիւններ՝ սնունդից տեքստիլ, գեղեցկութեան պարագաներ ու զարդեղէն, նաեւ՝ ազգային մշակոյթն ու կրթութիւնը: «Արցախի պատերազմի ժամանակ տարբեր ոլորտների հայ արտադրողներ իրենց ապրանքն էին վաճառում՝ առաջացած հասոյթով օգնելու հայրենիքին, սակայն չկար միասնական մի հարթակ, որտեղ բոլորը կարող էին ներկայացուած լինել՝ միաժամանակ հասանելի լինելով աւելի լայն հանրութեանը: Եւ միտք յղացաւ ստեղծելու ֆերմերային շուկայ, որտեղ բացի սնունդից կը վաճառուէր նաեւ այլ արտադրանք: Տասը ամիս տեւած կազմակերպչական աշխատանքներից յետոյ, յաջողուեց Սեպտեմբերի 12ին բացել «Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ն, որի նպատակն է Լոս Անջելեսի հասարակութեանը հայկական մշակոյթը ներկայացնել մեր խոհանոցի եւ մշակոյթի միջոցով, եւ որ կարեւորն է՝ իւրաքանչիւր վաճառող, վաճառքի շահոյթից որոշակի տոկոս փոխանցում է Արցախին եւ հայրենիքին աջակցող բարեգործական կազմակերպութիւնների», նախաձեռնութեան մասին պատմում է հիմնադիրներից, «Հայնուռ» ընկերութեան նախագահ Հիլդա Աւանեսեանը: Նա ուրախութեամբ նշում է, որ ծրագրի մասին յայտարարելուց յետոյ, շատ արագ ի յայտ եկան բազմաթիւ արտադրողներ՝ Կալիֆորնիայի տարբեր շրջաններից, եւ հարցազրոյցից յետոյ ընտրուածներն իրենց անկիւնը բացեցին Գլենդելի կենտրոնական գրադարանի դիմացի կանաչապատ տարածքում:
Այսօր արդէն «Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ն դարձել է Գլենդելի ու յարակից քաղաքի բնակիչների սպասուած այցելավայրերից: Իւրաքանչիւր Կիրակի, առաւօտեան ժամը 10ից 3ը, 222 Իսթ Հարվարդ պոողատայում կարելի է ձեռք բերել Ֆրեզնոյի թարմ ու բնական միրգ-բանջարեղէն, հաց ու անուշեղէն, հայկական խոհանոցը ներկայացնող ճաշասրահների բարիքներ:
«Բակետօ Բէյքրի» ընկերութեան համահիմնադիր Անին, ով իր գործում մասնագիտացել է Եւրոպայում, նպատակ ունի հացի նոր մշակոյթ ներմուծել Լոս Անջելես: Անդրադառնալով տեսականուն, նա պատմում է թթխմորով տարեկանի հացի մասին, որը սննդարար է, առողջարար, նաեւ՝ շաքարախտի համար յարմար: «Վալենթայնզ Սուիթս» արտադրութեան ղեկավար Մարիաննա Վարդանեանն էլ ծանօթացնում է իր պատրաստած մեղրաբլիթներին, որոնք յայտնի ռուսական բլիթներն են համեմուած ամերիկեան համերով, նաեւ՝ առանց շաքարի եւ օրգանական կիտօ թխուածքաբլիթներ:
«Աւետիսեան Սոփս»ը Հայաստանում, բնական հիմքից պատրաստուած օճառներ են: Ստեղծողը՝ Նելլի Աւետիսեանն է, ով վերականգնել է հայաստանի օճառագիտութեան աւանդոյթները եւ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ստեղծում է օճառներ, որոնք բուժական յատկութիւններից զատ, նաեւ ներկայացնում են հայկական մշակոյթն ու պատմութիւնը: «Օգտագործելով մաքուր բնական հումքեր՝ իւղեր, եթերաիւղեր եւ հայկական լեռնաշխարհին բնորոշ բոյսեր, միաժամանակ, ուսումնասիրելով հայրենի հարուստ բժշկական ժառանգութիւնը, նպատակ եմ ունեցել վերականգնել եւ նոր շունչ տալ աւանդական դեղատոմսերին: Միաժամանակ, նաեւ փաթեթաւորման միջոցով ներկայացնում եմ հայոց պատմութեան էջերից այն մասին, որ միջնադարեան Հայաստանում մենք ունեցել ենք օճառաբուժութիւն եւ մեր գիտնականներին, ովքեր եղել են ակունքներում՝ Ամասիացին, Ալիշանը», նշում է Նելլի Աւետիսեանն ու կարեւորում է նախաձեռնութիւնը՝ նաեւ հայ արտադրողներին ներկայացնելու եւ հնարաւորութիւն տալու առումով:
«301 AD» ընկերութիւնն էլ իւրովի է ներկայացնում հայոց պատմութիւնը՝ շապիկների վրայ տպագրութեան միջոցով: Հիմնադիր ընկերները նշում են, որ ճանաչում ձեռք բերել են առցանց հարթակում, սակայն «Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ն հնարաւորութիւն է տուել ներկայանալ նաեւ այլ շրջանակների: «Ապրանքանիշի անունն էլ ընտրուած է ընդգծելու, որ առաջին ազգն ենք, որ պաշտօնապէս ընդունել ենք քրիստոնէութիւնը 301թ.ին, եւ ցոյց տալ, թէ որքան գեղեցիկ ու հին է մեր հայրենիքը», նշում է Էմինը: «Անահիտ» ընկերութեան հիմնադիր, գրաֆիկական դիզայներ Եւան Լոս Անջելեսից, պատմելով իր կազմակերպութեան մասին, նշում է, որ գաղափարի հիմքում հայ մշակութային ժառանգութիւնն աշխարհին ներկայացնելն է: Նա համագործակցում է աշխարհասփիւռ հայ արուեստագէտների հետ՝ հայկական մոտիւներով (բնախորհուրդներով) նրանց ստեղծագործութիւնները ներկայացնելով տարբեր տպագրութեան միջոցով, եւ կերպարները՝ կենդանացնելով ժամանակակից ճարտարարուետներով: Վաճառքից ստացուած շահոյթի մի մասն Եւան փոխանցում է արուեստագէտներին, եւ հինգ տոկոս էլ՝ Արցախ ՀԱԲ ոչ-կառավարական կազմակերպութեանը՝ աջակցելու սթարթափ ընկերութիւններին:
«Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ում ներկայացուած են նաեւ մանուկների համար կրթական տաղաւարներ: Քիդզ Քլաբ» ընկերութիւնը ներկայացնում է իրենց հեղինակած, ժամանակակից ձեւաւորմամբ հայկական հեքիաթներ եւ հայալեզու մանկական այլ գրականութիւն: «Հայ Լեզու» ընկերութեան հիմնադիր Անաշէն էլ ներկայացնում էր երեխաների համար իր պատրաստած խաղերը, որի միջոցով մանուկները կարող են իրենց հասանելի միջոցներով հայոց լեզուն սովորել: Մի շարք տաղաւարներում էլ կարելի է գտնել Հայաստանից արուեստագէտ ստեղծագործողների աշխատանքներ: Վաճառողների խօսքով, իրենց նպատակն է Ամերիկայում հանրաճանաչ դարձնել հայկական արտադրանքը:
«Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ում ներկայում գործող մի քանի տասնեակ գործարարները կարեւորեցին հարթակը՝ իրենց արտադրանքը նաեւ հանրութեան ոչ-հայ ներկայացուցիչներին մատուցելու, եւ միաժամանակ, շահոյթից բարեգործական կազմակերպութիւններին նուիրատուութիւն տալու միջոցով հայրենիքին օգտակար լինելու առումով: Հիլդա Աւանեսեանը յայտնեց, որ Գլենդելի քաղաքապետարանի կողմից «Գլենդել Արցախ ֆերմերային վաճառատեղի»ին սկզբանէ տրուած է երեք ամսով, սակայն յաջողութիւնն ու կարեւորութիւնը հաշուի առնելով, հնարաւոր է, որ այն դառնայ մշտական: