
Հայաստան Համահայկական հիմնադրամի ամերիկեան տեղական մարմնի ջանքերով Սեպտեմբեր ամսուայ ընթացքում 1,000,000 ամերիկեան դոլար է հաւաքագրուել եւ փոխանցուել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը` Լիբանանի հայ համայնքի ընկերային, ինչպէս նաեւ հայ կրթական հաստատութիւնների կարիքները հոգալու նպատակով: Սոյն դրամահաւաքն արձագանգն էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա․ի համայն հայութեանն ուղղուած կոչին:
Հիմնադրամը, հաւատարիմ մնալով իր համահայկական առաքելութեանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների եւ լիբանանահայութեան կողքին: Այս օժանդակութիւնը շարունակական բնոյթ է կրում եւ սկիզբ է առել դեռեւս 2019ի Դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացաւ տնտեսական ճգնաժամը:
Յաջորդ աջակցութիւնը 2020ի Օգոստոսին Բէյրութի աղէտալի պայթունից անմիջապէս յետոյ հիմնադրամի նախաձեռնած դրամահաւաքն էր: Այնուհետ սոյն թուականի Ապրիլ ամսին եւս որոշակի դրամական աջակցութիւն ցուցաբերուեց տեղի հայ կրթական հաստատութիւններին` ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ամերիկեան դոլար:
Հայաստան Համահայկական հիմնադրամն իր երախտիքն է յայտնում բոլոր նուիրատուներին, հիմնադրամի ցանցին, ինչպէս նաեւ ամերիկեան տեղական մարմնին` Armenia Fund Inc. կազմակերպութեանը` լիբանանահայութեան գոյապահպանման խնդիրներին արագ արձագանգելու եւ տեղում դրամահաւաք կազմակերպելու համար:
Հայաստան Համահայկական հիմնադրամն իր զօրակցութիւնն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին` յոյս յայտնելով, որ կայունութիւնն ու բարեկեցութիւնը մօտ ապագայում կը վերահաստատուեն Լիբանանում:
***
ՀՀՀի առաքելութիւնը համահայկական ցանցային համակարգի ձեւաւորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցուած զարգացման ապահովումն է` հիմնուելով ընդհանուր ինքնութեան վրայ:
(Հաղորդագրութիւնը՝ հիմնադրամէն)