(ՀԲԸՄի Մանուկեան-Տէմիրճեան Վարժարանի 45ամեակին Ընդառաջ)
Յովհաննէս սարկաւագ Գումրույեան*
Սփիւռքում հայապահպանութեան հարցը միշտ եղել է ազգային հրատապ խնդիրներից, որին անմնացորդ ծառայել է Հայոց Մայր եկեղեցին ու հայ դպրոցը: Ցաւօք սրտի, լոսանջելոսահայ գաղութը վերջին տարիներին ականատես եղաւ հայկական մի քանի վարժարանների փակման տխուր իրողութեանը, որի պատճառած ցաւը համր ու կոյր դարձրեց շատերիս` տեսնելու եւ գնահատելու այն ովկիանոսածաւալ աշխատանքը, որ տարւում է որոշ կրթօջախներում, որոնցից մէկն էլ ՀԲԸՄի Մանուկեան-Տէմիրճեան վարժարանն է:
Դպրոցն իր 45ամեայ պատմութեան ընթացքում անցել է բազմաթիւ յաջողութիւնների ու նեղութիւնների միջով: Առաւել ծանր էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ դրան յաջորդող տարիները, երբ աշակերտների թուի ահաւոր նուազման հետ, դպրոցը կանգնեց ֆինանսական եւ այլ դժուարութիւնների առջեւ: Հաստատութեան համար նոր արշալոյս բացուեց, երբ 2015ին տնօրէն դարձաւ ազնուափայլ հայուհի, Արփի Աւանեսեանը եւ դպրոցում սկսուեց բարեփոխումների եւ վերելքի շրջան:
Նրա առաջին քայլերից մէկը վարժարանում մայրենի լեզուի դերի բարձրացումն էր եւ հայերէնի դասաւանդման հետ կապուած արդիական ու հիմնարար փոփոխութիւնների մեկնարկը: Մի կողմ դնելով ժամանակավրէպ կարծրատիպերը` դպրոցում արեւմտահայերէնից բացի սկսուեց դասաւանդուել նաեւ արեւելահայերէնը: Այս քայլով հնարաւորութիւն ընձեռնուեց աշակերտներին առանց արհեստական դժուարութիւնների հանգիստ արտայայտուել այն լեզուով, ինչ որ լսում էին իրենց ընտանիքներում:
Հպարտութեամբ պէտք է ընդգծել, որ նորարարութեան արդիւնքում, դպրոցի հայերէնի ուսուցիչների թիւն անհամեմատ մեծացաւ: Եթէ ժամանակին Սփիւռքի դպրոցներում հայերէնի ուսուցիչ լինելու նշաձողը մայրենի լեզուի իմացութիւնն էր, հիմա հաստատութեան ուսուցիչներն ունեն համապատասխան մասնագիտական բարձր կրթութիւն եւ որակաւորում:
Աւանեսեանն իր աշխատանքային խմբի հետ դպրոցում նոր թափ հաղորդեց հայրենիք-Սփիւռք կապերին` բարձրացնելով այն նոր որակի: 2017ից սկսած անձամբ գլխաւորեց երկրորդական վարժարանի աշակերտների այցը դէպի հայրենիք: Այս ընթացքում դպրոցականները կարողացան ոչ միայն սեփական աչքերով տեսնել Հայաստանը, այլեւ մասնակցել նրա կեանքին` կամաւոր աշխատելով տարբեր ոլորտներում: Սրանով իրենց օգնութեան բաժինը բերեցին մեր երկրին, միաժամանակ հմտացան իրենց ապագայ մասնագիտութիւնների մէջ:
Տնօրէնի յորդորով, ուսումնական տարուայ ընթացքում ձեւաւորուած աշակերտական խմբակներում յատուկ նուէրներ էին պատրաստւում մարզադպրոցների, մանկատների, զոհուած ազատամարտիկների ընտանիքների եւ վիրաւոր զինուորների համար` արժանանալով պետական ու մասնաւոր շնորհալակագրերի: Վարժարանի հեղինակութեան բարձրացման վկայութիւններից մէկն էլ այն է, որ Մայր հայրենիք հասնելուն պէս աշակերտներին դիմաւորում էին պետական այրեր:
ՀԲԸՄի ոգին զօրացնելու եւ արմատաւորելու ուղղութեամբ, միջոցառումներից ու զրոյցներից զատ, տնօրէնի նախաձեռնութեամբ հիմք դրուեց նաեւ մի գեղեցիկ աւանդոյթի: Որոշուեց, որ ամէն տարի Ս․ Էջմիածնում դպրոցականներն իրենց յարգանքն ու խոնարհումը պէտք է բերէին Ազգային հերոս, ՀԲԸՄի երկարամեայ նախագահ Ալէք Մանուկեանի եւ նրա կնոջ` Մարի Մանուկեանի, շիրիմներին: Հարկ է նշել, որ Հայաստան ուխտագնացութեան բաղկացուցիչ մասերից մէկն էլ Արագածի գագաթ բարձրանալն էր, ինչպէս նաեւ մեր լինելիութեան խորհրդանիշ Արցախ այցելելը:
Դպրոցի գիտակրթական նոր առաջընթացի մասին է վկայում 2019ին Ամերիկայի Արեւմտեան շրջանի դպրոցների եւ քոլեջների հաւատագրման միութեան (WASC) կողմից երկարաժամկէտ վկայագրի տրամադրումը: Ամենեւին էլ պատահական չէ, որ այսօր աշակերտների թիւը հասել է իր գագաթնակէտին` արձանագրելով ամենաբարձր ցուցանիշն իր ողջ գոյութեան ընթացքում:
Մարդկութեանը վրայ հասած համավարակի առաջին իսկ օրերից, Աւանեսեանը` որպէս անձնուրաց ղեկավար, իր խմբով լծուեց աշխատանքի` դպրոցի մեծ ընտանիքը զերծ պահելով ցնցումներից: Անմիջապէս վերակազմաւորուեց կրթական գործընթացը` հաշուի առնելով բոլոր սաների անհատական հնարաւորութիւններն ու անվտանգութեան կանոնները: Կարճ ժամանակում առցանց ուսուցմանը զուգահեռ, դասարանները վերազինուեցին ժամանակակից համակարգչային միջոցներով: Ուսուցիչներն արագ վերապատրաստումից յետոյ, սկսեցին առկայ եւ հեռավար դասերի միաժամանակեայ կազմակերպում, որի արդիւնքում չտուժեց կրթական որակը, այլ այն հարստացաւ նոր հմտութիւններով: Կրթօջախը դարձաւ չափօրինակ, որի փորձը սկսեցին կիրառել հայ եւ օտար այլ հաստատութիւններ:
Արցախեան երկրորդ պատերազմի օրերին, Աւանեսեանի ղեկավարութեամբ եւ ուսուցչական կազմի մասնակցութեամբ, սկսուեց հայրենասիրական ոգին բարձրացնելու ձեռնարկներ, միջոցառումներ ու զրոյցներ, որի արդիւնքում հանգանակուած մի քանի հարիւր հազար դոլարի նուիրատուութիւններն ուղղուեցին հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին:
Աւանեսեանը սերտօրէն համագործակցում է նաեւ Արեւմտեան թեմի առաջնորդարանի հետ: Իր մանկավարժական ու մարդկային ներուժն օգտագործում է տարբեր ծրագրերի իրագործման համար: Յիշարժան է դպրոցի աշխուժ մասնակցութիւնն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ․ի հովուապետական այցելութեան ժամանակ, ինչպէս նաեւ իր արժէքաւոր դասախօսութիւններն առաջնորդարանի կողմից կազմակերպուող հայերէնի ուսուցիչների հաւաքներին:
Իր կատարած աշխատանքի մասին նա չի սիրում խօսել, այլ փոխարէնն ամէն ինչ ապացուցում է գործով ` միաժամանակ վառ պահելով մեր ազգային, վեհ արժէքները: Իր ծառայասէր բնաւորութեամբ նա անխտիր բոլոր աշակերտների եւ գործընկերների սիրելին է, բարեկամը եւ առաջին, անշահախնդիր օգնութեան ձեռք մեկնողը: Բոլորովին վերջերս, երբ յայտնի դարձաւ, որ աւարտական դասարանի աշակերտներից մէկը տառապում է չարաբաստիկ հիւանդութեամբ եւ մասնաւոր բուժման համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, Արփի Աւանեսեանն անմիջապէս անցաւ գործի` հաշուըւած օրերի ընթացքում կազմակերպելով անհրաժեշտ հանգանակութիւնը, որը տուեց եւ շարունակում է տալ հրաշալի արդիւնքներ:
Պէտք է խոստովանել, որ սա Արփի Աւանեսեանի լուսաւոր իրագործումների մի աննշան մասն է, որի ականատեսը եղանք մենք, իրականում դրանք աւելի շատ են ու գնալով պէտք է շատանան, որովհետեւ որպէս կրթական գործի կազմակերպիչ, նա միշտ ձգտում է կատարելութեան` հաւատալով իր առաքելութեանը եւ կոչմանը: Լիայոյս ենք, որ նման վառ անհատականութիւնները, ինչպիսին Աւանեսեանն է, պիտի շարունակի փառք ու պատիւ բերել մեր համայնքին, ժողովրդին եւ, ի հարկէ, հայրենիքին:
* Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ