ԵՐԵՒԱՆ․- Սեպտեմբերի 17ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ, COAF) եւ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ, AMAA) Հայաստանի մասնաճիւղը չորսամեայ փոխըմբռնման յուշագիր ստորագրեցին, Լոռու մարզի 6 համայնքներում (Վահագնի, Եղէգնուտ, Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագիւղ) կաթնամթերքի արտադրութիւնը բարելաւելու եւ ընդլայնելու նպատակով:
Բարելաւելով արօտավայրերը եւ անասնակերի արտադրութիւնը մարզում` նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ եւ բարձրարժէք կաթի արտադրութեան աճին, ինչպէս նաեւ ապահովելու գիւղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ:
Տնտեսական զարգացումը ՔՈԱՖի ծրագրերի ուղղութիւններից մէկն է, որ նպաստում է գիւղական համայնքներում ընդհանուր ընկերա-տնտեսական միջավայրի բազմակողմանի զարգացմանը: ՔՈԱՖը նախկինում իր տնտեսական ծրագրերի շրջանակում համագործակցել է ՄԱԿի Զարգացման ծրագրի hայաստանեան գրասենեակի հետ, ինչի արդիւնքում հատապտուղների սերմերի, կաթիլային ոռոգման համակարգ տրամադրելու եւ 50 տնային տնտեսութիւնների` հատապտուղների աճեցման եւ մշակման առանձնայատկութիւններ սովորեցնելու միջոցով, Լոռու մարզում ձեւաւորուել է ազնուամորու արժեշղթայ:
Հիմնուելով նախորդ ծրագրի յաջողութիւնների վրայ` ՔՈԱՖը ցանկանում է այս նախատիպը կիրառել նաեւ Հայաստանի կաթնարտադրութեան թերզարգացած ոլորտ ունեցող շրջաններում: ԱՀԱԸի հետ համատեղ ջանքերով, ՔՈԱՖը կը կարողանայ համապարփակ ազդեցութիւն թողնել Լոռու կաթնամթերքի արտադրութեան ոլորտում: Միաժամանակ, կը հիմնուեն կաթնամթերքի 2 նոր գործարքներ, որոնք կ՛օգտուեն կենդանիների վերարտադրողականութեան բարձրացման նախաձեռնութիւնից: Կաթի բարձրացուած որակը հնարաւորութիւն կը տայ բարելաւել անասնապահութիւնը, արտադրել բարձրորակ պանիր եւ մրցունակ դառնալ տեղական ու միջազգային շուկայում:
Նախագծի շրջանակներում տեղացի գիւղատնտեսները նաեւ ձեռք կը բերեն նոր հմտութիւններ: Գործընկերների գնահատմամբ նախագծի շրջանակներում կը ստեղծուեն 70ից աւելի աշխատատեղեր:
(Քաղուած ԱՀԱԸի թղթակցութենէն)