Ընթերցողը համացանցի վրայ կարող է ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի սոյն թուականի 9րդ համարը:
Պաշտօնաթերթի «Առաջնորդող»ում նշւում է, թէ այսուհետ մեզ համար Սեպտեմբերը կարեւորուելու է Հայաստանի ու Արցախի անկախութեան օրերի, ինչպէս եւ 44օրեայ ողբերգական պատերազմի սկզբի ամսաթուերով: «Դրօշակ»ի սոյն համարի հրապարակումները գլխաւորաբար վերաբերում են հէնց այս պատմական իրադարձութիւններին:
Պատմաբան Էդիկ Մինասեանի ծաւալուն հրապարակումը անդրադարձ է Արցախի անցած ճանապարհին` սկսած 1988ից մինչեւ մեր օրեր: Քաղաքական, ռազմական եւ դիւանագիտական զարգացումների մանրամասն վաւերագրմամբ համակողմանիօրէն ներկայացւում է Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցած հերոսական ու դրամատիկ իրադարձութիւններով յագեցած 30ամեայ գործընթացը:
Հայկական երկրորդ պետութեանն առնչուող ներկայ քաղաքական, դիւանագիտական գործընթացներում տարբեր երկրների, այդ թւում ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող միջնորդ կողմերի դիրքորոշումներն են ներկայացնում ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի աշխատակիցներ Լիանա Պետրոսեանն ու Արտեոմ Տօնոյեանը:
Այս համարում ներկայացուած են մի շարք այլ նիւթեր եւս, որոնք անդրադարձ են յօշոտուած եւ ճակատագրական փորձութեան առջեւ յայտնուած Արցախին: Այս եւ յետագայ մի քանի համարներում «Դրօշակ»ն իր պարտքն է համարում անդրադառնալու վերջին պատերազմում անմահացած հերոս տղաների մի փաղանգի:
Վերլուծաբան Հրանդ Մելիք-Շահնազարեանը անդրադառնում է հայկական պետութիւնների անվտանգութեան ներկայ վիճակի եւ հեռանկարի յոյժ օրախնդիր թեմային: Ներկայացուած են մի շարք առաջարկներ: Պետականութիւնների թեմային հետամուտ պատմաբան Անի Մելքոնեանը անդրադառնում է հայոց պետականութիւնների պատմութեանը` մեզ յայտնի առաջին այդպիսի կազմաւորումներից սկսած մինչեւ մեր օրեր:
«Դրօշակ»ում տեղ են գտել այլ հրապարակումներ եւս, որոնք, կարծում ենք, կ՛արժանանան ընթերցողի ուշադրութեանը:
Համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ: