ՏԻՄԱՇՈՎԿԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

– Նայէ, հայնակ չմոռնաս, եղաւ մօրս վերջին խօսքը:
Կառքը կեցաւ գետի եզերքին: Միւս ափից եկաւ նաւակը: Անցանք Տիմաշովկա գիւղը եւ բարձրացանք ակացիաներով (acacia) ու բարդիներով շրջապատուած մի մեծ տուն. Գիւղի օդաման (ղեկավարը) եւ հօրս բարեկամ՝ Տերենտի Բուհրիեւի տունն էր, ուր ինձ վիճակուած էր գիշերօթիկ ապրելու:
Հայրս մնաց հիւր, իսկ ես Տերենտիի աղջկայ, ինձ գրեթէ տարեկից Մարիայի հետ գնացի դպրոց: Կարմիր թուշերով, լեցուն մարմնով, ժպտուն աչքերով զուարթ աղջիկ էր Մարիան: Թէեւ մի քիչ հեգնանքով վերաբերուեց ինձ, բայց առաջին տպաւորութիւնս լաւ էր: Կողք-կողքի քայլելով՝ հասանք դպրոց, որ շատ հեռու չէր:
Ուսուցիչը, բարձրահասակ, նուրբ կազմով, շիկահեր մի սարկաւագ, ինձ նստեցրեց Մարիայի կողքին եւ սկսեց հարցաքննել: Կարդալ գիտե՞մ – ոչ: Գրել գիտե՞մ – ոչ: Ի՞նչ գիտեմ – ոչինչ:Գրատախտակի վրայ կաւիճով գծեց մի կլոր նշան.
– Աս ի՞նչ է:
– Բուբլիկ (սիմիթ, քաղցր խմորեղէն), պատասխանեցի ես անհամարձակ:
Դասարանի աղջիկներն ու տղաները բարձր հռհռացին: Ծիծաղեց եւ Մարիան, որ իմ վրայ վատ ազդեց:

– Բուբլիկը դու ես, կաղամբի գլուխ, ասաց ուսուցիչը՝ նոյնպէս ծիծաղելով:
Ուսուցիչը քնքշութեամբ շոյեց գլուխս եւ ասաց.
– Ոչինչ, տղաս, չվախենաս. Շուտով կը սովորես. Մարիան քեզ կ՛օգնէ, հանգիստ եղիր:
Բայց անունս մնաց Բուբլիկ:
Այսպէս սկսուեց իմ դպրոցական կեանքը կազակների Տիմաշովկա գիւղում:
Մեր դպրոցը գտնւում էր եկեղեցու բակում, տախտակէ երկար մի շէնքում, թիթեղէ կանաչ կտուրով: Ունէինք երկու ուսուցիչ. տնօրէնը եւ բոլոր առարկաների դասատուն էր սարկաւագ Իւան Վոյինովը, կրօնասոյցը՝ գիւղի երէց հայր Նիկոլայը:
Աւելի խիստ հակապատկեր կարելի չէր երեւակայել:
Հայր Իւանը բարձրահասակ, գեղադէմ, մետաքսի նման նուրբ մազերով, ահագնադղորդ բամբ ձայնով, անշահասէր մի մարդ էր:
Քահանան կարճահասակ էր, վտիտ մարմնով, այծի մօրուքով եւ այծի ձայնով, յարաշարժ եւ անհանդարտ, շահամոլ ու նախանձոտ: Մահացու թշնամի էին միմեանց քահանան ու սարկաւագը. միակ միացնող կապը նրանց միջեւ օղին էր:
Խմելու մէջ էլ, սակայն, նրանք հակապատկեր էին: Սարկաւագը կարող էր տակառներով օղի խմել եւ երբեք չէր հարբում. Միայն աւելի զուարթ ու սրամիտ էր դառնում: Քահանան երկրորդ գաւաթից արդէն գլուխը կորցնում էր եւ սկսում չարախօսել ու կռիւ փնտռել:
Դասամիջոցներին եւ յաճախ նաեւ դասի ընթացքին, տէրտէր ու սարկաւագ քաշւում էին ժամկոչի սենեակը եւ կոնծում: Երբ սկսում էին եկեղեցական մեղեդիներ երգել, այդ նշանակում էր, թէ մենք՝ աշակերտներս էլ կարող էինք թողնել դասարանը եւ երթալ լողանալու գետում:
Երբեմն էլ պատահում էին այսպիսի տեսարաններ. հարբած երկուսով մտնում էին դասարան եւ սկսւում էր իւրայատուկ դասաւանդութիւնը:
– Պետրով, հարցնում էր տէրտէրը, ասա նայենք, Նոյի տապանում ի՞նչ կենդանիներ կային:
– Ձի, կով, շուն, արագ պատասխանում էր Պետրովը, կատու, գայլ, աղուէս, խոզ…
– Խոզը դու ես, յիմա՛ր, կտրում էր սարկաւագը, քո հայրն էլ խոզ է, մայրիկդ էլ խոզ է…
Մենք գիտէինք, թէ ինչ էր սպասում ապաբախտ Պետրովին:
Նրա հայրը, եկեղեցու նախկին տիրացուն, ինչ որ խնդիր էր ունեցել հայր Իւանի հետ, որի մեղքը այժմ որդին էր քաւում:
– Այստեղ արի նայենք, կանչում էր սարկաւագը:
Պետրովը անհամարձակ քայլերով մօտենում էր սարկաւագին, եւ սա ականջի կակուղ մասից բռնելով՝ բարձրացնում էր վեր, վե՛ր, մինչեւ որ տղան սկսում էր ցաւից ճչալ:
– Ասա՛, ես խոզ եմ, հրամայում էր սարկաւագը:
– Ես խոզ եմ, շտապում էր պատասխանել Պետրովը:
– Ասա՝ հայրս էլ խոզ է:
– Հայրս էլ խոզ է:
Տէրտէրը եւ սարկաւագը հռհռալով՝ հեռանում էին դասարանից:
Հայր Նիկոլայը ինձ չէր սիրում: «Արմեաշկա» կոչում էր արհամարհանքով: Հայր Իւանը, ընդհակառակը, սիրում էր: Բաւական ուշ հասկացայ մէկի սիրով եւ միւսի ատելութեան պատճառը: Մի անգամ քահանան հարբած եկել էր մեր տունը օրհնելու, մայրս լաւ չէր վարուել հետը, թոյլ չէր տուեր տունը օրհնելու եւ առանց դրամ տալու կամ օղի խմցնելու ճամբու էր դրել:
– Տէրտէր չես, ռախիի Ֆիչի ես (օղիի տակառ, օղեմոլ), – ասել էր նրա երեսին մայրս:
Ընդհակառակը, հայր սարկաւագին մեր տանը յարգում էին: Հայրս յաճախ նուէրներ էր ուղարկում նրան:
Հայր Իւանը սովորաբար ինձ էր ուղարկում օղի բերելու:
– Սեոմկա, առ այս քսան կոպեկը, թռիր շուտով օղի բեր:
Եւ ես թռչունի թեւերով թռչում ու վերադառնում էի օղիի շիշը ձեռքիս: Սարկաւագը ինձ էր յանձնում դասարանը, որ լռութիւն պահեմ, իսկ ինքը քահանայի հետ քաշւում էր ժամկոչի սենեակը:
Հետեւեալ դէպքը աւելի եւս գրգռեց քահանային իմ դէմ:
Մի օր, երբ քահանայ ու սարկաւագ սկսեցին երգել հոգեւոր երգեր, եւ մենք պատրաստւում էինք գետը երթալու, յանկարծ դասարանի դուռը բացուեց եւ մեր ուսուցիչները աղմուկով մտան ներս: Երկուսն էլ լոլիկ էին դարձել:
Սարկաւագը բացեց մի գիրք եւ սկսեց թելադրել. Քահանան կաւիճը ձեռքին գրում էր սեւ տախտակի վրայ:
Ապա հայր Իւանը հրամայեց.
– Սեո՛մկա, ա՛ռ կաւիճը եւ սրբագրիր տէր հօր սխալները: Սխալներ տեսնո՞ւմ ես:
Ես մօտեցայ. Տէրտէրը բաւական կոպիտ սխալներ էր արել: Կաւիճով ընդգծեցի մի քանիսը:
– Մալադեց – ապրի՛ս –քաջալերեց սարկաւագը:
Քահանան, այծի մօրուքը վեր-վար շարժելով, ջղագրգիռ եւ արհամարհանքով շպրտեց երեսիս:
– Վանիւչիյ արմեաշկա – հոտած հայուկ – եւ այնուհետեւ երբեք չներեց իմ «ստահակութիւնը», մինչ սարկաւագը աւելի սիրալիր դարձաւ: Քահանան փորձեց ինձ հեռացնել երգչախմբից, բայց սարկաւագը թոյլ չտուեց: Ես հաւատում էի թէ ձայնիս եմ պարտական այդ շնորհքը, բայց վերջը անհերքելի փաստեր եկան հաստատելու, որ մօրս կողմից սարկաւագի կնոջ նուէր ուղարկուած անուշեղէններն էին ինձ հասցրել մինչեւ երգչախումբ…
Ինչպէս ասացի, հայր Իւանը սիրում էր ինձ: Ես էլ փոխադարձաբար սիրում էի նրան:
Սիրելը թերեւս չափազանցութիւն է, աւելի ճիշդ՝ ես յարգում եւ խղճում էի նրան:
Երբեմն այդ վիթխարի մարդը ինձ տուն էր հրաւիրում: Փոքրիկ ու փխրուն սարկաւագուհին հիւրասիրում էր անուշով ու խմորեղէնով, իսկ ամուսինը հետս խօսում էր այնպէս, կարծես ես նրան հաւասար մէկը լինէի: Այդ ինձ դուր էր գալիս:
Հայր Իւանը գանգատում էր աշխարհից, մարդկանցից, իր թշուառ կեանքից: Բողոքում էր, որ իրեն անարդար տեղը ուղարկել են Տիմաշովկա կոչուած արջի որջը: Ինքը վաղո՜ւց քահանայ ձեռնադրուած պէտք է լինէր, բայց տեսէք՝ այդ խոզ Նիկոլայը, այդ ոջիլը քահանայ էր, իսկ իրեն պահում էին սարկաւագի աստիճանով… Ինչո՞ւ: Որովհետեւ ինքը արժանապատուութեան տէր է, սեփական գաղափարներ ունի, ամէն մի անասունի առջեւ չորս թաթերի վրայ չի կանգնում: Մա՛րդ պէտք է լինել, հասկանո՞ւմ ես, մա՛րդ, եւ ոչ թէ հայր Նիկոլայի նման հարբեցող խոզ…
Ես փաստով համոզուեցի, որ հայր Իւանը սեփական գաղափարներ ունէր: Մի օր նա հարցրեց ինձ.
– Սեո՛մկա, ասա՝ դու արմեաշկա՞ ես:
Ես չպատասխանեցի:
– Յիմա՛ր, ինչո՞ւ ես լռում, դու հպարտ պէտք է լինես, որ հայ ես:
Ես առանձին պատճառ չէի տեսնում հպարտանալու:
– Ասա՛, հայ եմ, բարկացաւ նա:
– Հայ եմ, կրկնեցի ես թութակի պէս:
– Ասա, հպարտ եմ, որ հայ եմ, պահանջեց նա, կարծես ինձ տանջելու նպատակով:
– Հպարտ եմ, որ հայ եմ:
– Հասկանո՞ւմ ես դու, ով կաղամբի գլուխ, Աստուած մարդու ճակտին ինչ որ գրել է, այդպէս էլ պէտք է լինի: Ես ռուս եմ, հարբեցող սարկաւագ, անունս էլ Իւան: Իւան ծնուել եմ, Իւան ապրում եմ, Իւան էլ պիտի մեռնեմ: Դու էլ հայ ես եւ հայ էլ պէտք է մնաս, հասկանո՞ւմ ես, կաղամբի գլուխ: Հայ էլ պէտք է մնաս: