ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութիւնը, 30 տարուայ ընթացքում առաջին անգամ չմասնակցեց Ստեփանակերտում Արցախի անկախութեան միջոցառումներին: Նման որոշումը ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանաւորուած: Ինչպէ՞ս կը բնութագրէք Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջեւ ներկայ յարաբերութիւնները:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Իսկապէս աննախադէպ իրադարձութիւն է տեղի ունեցել այն առումով, որ Արցախի Հանրապետութեան ստեղծումից յետոյ առաջին անգամ Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն իշխանութիւնը ներկայ չի գտնուել Արցախի Հանրապետութեան հռչակման միջոցառումներին: Այս տարի բնականաբար տօնակատարութիւններ չեն եղել, քանի որ մարդկանց մի մեծ մաս, յատկապէս Արցախի Հանրապետութիւնում, շարունակում է սգալ հարազատների կորուստը, եւ բազմաթիւ ընտանիքներ դեռ սպասում են իրենց որդիների աճիւնների վերադարձին: Սակայն, այնուամենայնիւ իրադարձութիւնը շատ կարեւոր է, ամսաթիւը շատ կարեւոր է, որովհետեւ դա փաստացի Արցախի հանրապետութեան սուբյեկտայնութեան, այդ թւում նաեւ՝ միջազգային հարթակներում սուբյեկտայնութեան (ենթակայ կողմ ըլլալու) կարեւորագոյն գրաւականներից է: Այսինքն, եթէ չես կարեւորում անկախութիւնը, հետեւաբար, նաեւ ըստ էութեան թէկուզ խորհրդանշական առումով խոչընդոտում ես Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը:
Կարծում եմ, որ սա միտում է, եւ ոչ պատահականութեան արդիւնք, որվհետեւ, ՀՀ ներկայի իշխանութեան բարձր ներկայացուցիչներից մէկը, Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարը, որպէս թիմի ներկայացուցիչ յայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացուել՝ չմասնակցել Ստեփանակերտում Արցախի անկախութեան 30ամեակին նուիրուած միջոցառումներին: Երկրորդ, մենք տեսնում ենք, որ Նոյեմբերի 9ից յետոյ կայ յստակ քաղաքական գիծ, այն է՝ Հայաստանի դէ ֆակտօ (իրողապէս գոյութիւն ունեցող) իշխանութեան ծրագրերում եւ նաեւ խօսոյթում չկայ որեւէ անդրադարձ Արցախի Հանրապետութեան իրական խնդիրներին: Շատ յաճախ նրանք օգտագործում են Արցախի գրաւեալ տարածքներին տրուած թուրքական անուանումները՝ այնպիսի եզրեր, որոնք անհամատեղելի են Արցախի անկախութեան հետ: Այսինքն, լսում ենք ոչ թէ Արցախի Հանրապետութիւն արտայայտութիւնը, այլ՝ ուղղակի Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ, չի կիրառւում Հանրապետութիւն բառը, որը խորհրդանշում է այդ տարածքի անկախ քաղաքական միաւոր լինելը Ադրբեջանից: Երրորդը, որին յաճախ ականատես ենք լինում, այն է, որ Արցախի մասին սակաւ յիշատակումները գերազանցապէս կրում են ընկերային բնոյթ: Այսինքն, Արցախը ոչ թէ այլեւս քաղաքական հարց է ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների համար, այլ ցաւօք սրտի վերածուել է ընդամէնը հումանիտար (մարդասիրական) օգնութիւն կազմակերպելու կամ առաքելու հարցի, եւ դա էլ արւում է միայն այն պատճառով, որովհետեւ հասարակութեան համար դեռ շարունակում է անընդունելի լինել Արցախին մենակ թողնելը: Այս պահին, նշուած հանգամանքները հաշուի առնելով, կարող ենք ասել, որ առկայ է իւրայատուկ միտում, որը կոչուած է հայկական քաղաքական օրակարգից դուրս մղելու Արցախը՝ այն վերածելով զուտ սոցիալական (ընկերային) խնդրի: Հետեւաբար, սա նաեւ Արցախի՝ Ադրբեջանից անկախութեան երաշխաւորման դէմ կարեւոր խոչընդոտ է դառնում, եւ ինչ որ առումով աննախադէպ է, որ Հայաստանի իշխանութիւնն է նաեւ մասնակցում Արցախի միջազգային ճանաչմանը խոչընդոտելուն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Օրեր առաջ, Թուրքիայի նախագահ Էրդողանը մամուլի ասուլիսում անդրադարձաւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը՝ կրկին առաջադրելով նախապայմաններ: Դրանք մասնաւորապէս վերաբերում են Հայաստանի կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչմանը, Հայոց Ցեղասպանութեան համար Թուրքիայի դէմ մեղադրանքների դադարեցմանը: Հայաստանի Հանրապետութեան վարչապետը, ի պատասխան, դրական որակեց Էրդողանի ուղերձը՝ դրանում տեսնելով Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու հնարաւորութիւն: Այսինքն, Հայաստանի ներկայ իշխանութիւնները համաձայն են թուրքական սցենարով (բեմագրութեամբ) յարաբերութիւնների հաստատմանը թշնամի երկրի հետ: Ի՞նչ հետեւանքներով է յղի Հայաստանի այս կեցուածքը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Թուրքիայի նախագահ Էրդողանը յստակ ուղերձ յղեց հայկական կողմին՝ նշելով այն երեք կէտերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման համար: Նախ նշեմ, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների եւ տարածաշրջանում այսպէս կոչուած խաղաղութեան հաստատման ուղղութեամբ աշխատանքներ տանելու համար թուրքերը մեծ յոյսեր են կապում ՀՀ նոր կառավարութեան հետ՝ նկատի ունեմ Յունիսի 20ին վերընտրուած ՀՀ դէ ֆակտօ իշխանութեանը: Երկրորդը՝ նախապայմաններն են, որոնք ըստ էութեան արդէն առաջադրուել են Հայաստանի իշխանութիւններին, ովքեր կարծում են, որ կ՛իրականացնեն դրանք, եւ երրորդ կէտը խօսում է այն մասին, որ առանց նախապայմանների կատարման, եւ առանց համաձայնուելու տուեալ տարածաշրջանում Թուրքիայի ունեցած պատկերացումներին եւ ծրագրերին՝ հնարաւոր չի լինելու Թուրքիայից ակնկալել ոչ ագրեսիւ (յարձակողապաշտ) մօտեցում:
Երբ Թուրքիայում ու Ադրբեջանում խօսում են տարածաշրջանում խաղաղութեան մասին՝ նկատի ունեն, որ Հարաւային Կովկասը պէտք է լինի ըստ էութեան այնպիսի տարածաշրջան, որը չունի ինքնուրոյն ռազմաքաղաքական կշիռ: Այսինքն, դիցուք Հայաստանը կամ Վրաստանը չունեն ռազմաքաղաքական ռեսուրս (միջոց) իրենց անվտանգութիւնը, ինքնավարութիւնը պահելու համար, հետեւաբար՝ չունեն զինուած ուժեր, չունեն տնտեսութիւն, որը բաւարար կը լինի բանակ պահելու համար: Դա նշանակում է, որ այս երկրները լինելով թոյլ՝ կախման մէջ են գտնուելու Թուրքիայից՝ որպէս տարածաշրջանի ամենամեծ ու ազդեցիկ պետութիւն: Այս դէպքում, խաղաղութիւնը նշանակում է կախուածութիւն Թուրքիայի Հանրապետութիւնից, եւ ըստ էութեան Հարաւային Կովկասը դառնում է Թուրքիայի ազդեցութեան գօտի: Երկրորդը, որ բխում է սրանից այն է, որ տուեալ տարածքի պետութիւնները, խաղաղութիւն ասելով պէտք է նկատի ունենան, որ չպէտք է յաւակնեն օրինակ իրենց համար կարեւորութիւն ներկայացնող այս կամ այն հարցի բարձրաձայնմանը, կամ լուծմանն ուղղուած իրական քայլեր կատարեն: Օրինակ, Արցախում չպէտք է հնարաւոր լինի զինուած ուժով հարց լուծել, ինչը նշանակում է, որ այդ հարցը ընդհանրապէս չի կարող լուծուել, քանի որ զինուած գործողութիւններից բացի, այդ հարցը լուծելու այլ տարբերակ չկայ, ինչն էլ նշանակում է, որ պէտք է ենթարկուենք թուրքական այս կամ այն ծրագրին, օրինակ՝ Արցախը Ադրբեջան է, եւ հարցը փակուած է: Դրանից յետոյ ի յայտ կը գայ օրինակ Սիւնիքի հարաւի հարցը՝ պահանջով, որ այն դառնայ թուրքական, եւ եւ եթէ չունենք ինքնուրոյն հնարաւորութիւն՝ բանակ, ռեսուրսներ դիմադրութիւն կազմակերպելու եւ թոյլ չտալու, որ այդ ծրագիրը իրականանայ՝ պէտք է ենթարկուենք այդ պահանջին: Այսինքն, աստիճանաբար կորցնում ես որպէս լիարժէք պետութիւն գոյութիւնը, եւ դառնում ես ուղղակի հայերով բնակեցուած կախեալ տարածք, որոշ ժամանակ անց էլ՝ «հայերով բնակեցուած» տողն էլ կը փոխուի: Թուրքիայում խաղաղաղութիւն ասելով նկատի ունեն, որ տուեալ տարածքը պէտք է վերածուի Թուրքիայի ազդեցութեան գօտու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ես բազմաթիւ առիթներ եմ ունեցել ասելու, թող ներեն ինձ պոլսահայերը, որ բոլորս արժանանալու ենք պոլսահայերի ճակատագրին՝ հայկական ազգանունը պահելու ենք, ապրելու ենք մշտական վախի պայմաններում, դառնալու ենք մշակութային ինքնավարութիւն: Ի միջիայլոց, հէնց այդ մշակութային ինքնավարութիւնն են առաջարկում արցախահայերի համար Ադրբեջանի կազմում: Այսինք, սա շատ խորհրդանշական է՝ մշակութային ինքնավարութեան տեսլականը կայ նաեւ Հայաստանի Հանրապետութեան համար ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում:
Անդրադառնալով մեզ առաջադրուող նախապայմաններին, ասեմ, որ դրանք մեծ ծրագրի նախաբանն են, որտեղ պահանջում են, որ հրաժարուենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից, ճանաչենք տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութիւնը, եւ այստեղ ոչ միայն վտանգ է այն առումով, որ մենք Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելն ենք ճանաչում, որովհետեւ եթէ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, ընդունում ես, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է: Նոյնն էլ կատարւում է Թուրքիայի դէպքում՝ այսինքն Թուրքիայի հանդէպ էլ մեր պահանջատիրութիւնն ամբողջութեամբ ջուրն ենք նետում: Երրորդ, Հայաստանը Թուրքիային պէտք է տրամադրի Սիւնիքով անցնող «թուրքական միջանցք», այսինքն՝ յատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, ինչը պան-թուրքական մեծ նախագծի շրջանակներում է՝ Թուրքիայով դէպի Ադրբեջան եւ դէպի Միջին Ասիա, եւ այս առումով եւս Հայաստանը կորցնում է աշխարահաքաղաքական իր նշանակութիւնը որպէս hյուսիս-հարաւի կարեւոր գօտի: Եւ միւս նախապայմանը, որ ինչպէս Էրդողանն է ձեւակերպել՝ Հայաստանը մոռանում է ոչ վաղ անցեալի ցաւոտ դէպքերը, որոնք չպէտք է խոչընդոտ հադիսանան լաւ ապագայի համար: Այսինքն, ըստ էութեան, մոռանալ Ցեղասպանութեան հարցը, մոռանալ բոլոր ոճրագործութիւնները, որոնք կատարուել են հայերի ու հայութեան նկատմամբ վերջին մէկ դարում՝ սկսած Հայոց Ցեղասպանութիւնից, աւարտուած հայերի շարունակական էթնիկ զտումներով Թուրքիայի Հանրապետութեան տարածքում, Սումգայիթում, եւ վերջին պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակչութեանը գլխատումը, այսօր էլ՝ Բաքւում պահուող հայ ռազմագերիները: Այսինքն, այս բոլորը մեզ կոչ են անում մոռանալ եւ հաշտ ու խաղաղ ապրել:
Սա ոչ միայն հարուած է լինելու հայկական ինքնութեանը նաեւ՝ Սփիւռքում, այլ նաեւ հարուած է Հայաստանի պետականութեանը, որովհետեւ Հայաստանի պետութեան գոյութիւնն ու առաջին հանրապետութեան ստեղծումը 1918 թուականին ըստ էութեան պայմանաւորուած էր նրանով, որ հայ վերնախաւը հասկացել էր, որ հայերի ֆիզիկական գոյութեան միակ երաշխիքը դա անկախ հայկական պետութիւնն է՝ սեփական զինուած ուժերով: Հիմա փորձում են համոզել, որ այդպէս չէ: Եթէ այդպէս չէ, մեզ սպասում է Սիրայի, Իրաքի կամ ասորինէերի ճակատագիրը, այսինքն՝ առանց պետութեան գոյութիւն ունեցող էթնիկ միաւոր:
Սրանք են Թուրքիայի առաջադրած նախապայմանները, եւ ցաւօք սրտի դատելով Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնների խօսքերից, եւ պարբերաբար հնչող յայտարարութուններից, եւ նախապատրաստական աշխատանքից, կարելի է արձանագրել, որ ամենայն հաւանականութեամբ մենք գործ ունենք մեզ ներկայացուած ծրագրի հետ համաձայնութեան հետ: Նշեմ նաեւ, որ թուրքական կողմից հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խօսք չկայ, այլեւ չկայ անհրաժեշտութիւն այն գործարկելու: Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարաւում նախիջեւանեան երկաթուղու հետ՝ Սիւնիքի միջանցքով ձգուելով դէպի Ադրբեջան:
Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը երբեք այսքան բացայայտ եւ յստակ չի գործել Հայաստանի ու հայութեան շահերի դէմ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը պարզ է, եւ Հայաստանի ու հայութեան շահերից ելնելով՝ անհրաժեշտ է կասեցնել պարտուողական ու յանձնողական, պետականակործան այս քաղաքականութիւնը: Սփիւռքն ինչպէ՞ս պէտք է առաւել աշխուժօրէն ներգրաւուի նշուած գործընթացում:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Ներկայում Հայաստանն ու հայութիւնը առերեսւում են բազմաթիւ մարտահրաւէրների, եւ դրանք այսօր, ի տարբերութիւն այն իրավիճակի, որ կար մինչ պատերազմը, կրում են ոչ միայն ուղղակի մարտահրաւէրի բնոյթ, այլ ըստ էութեան իրենցից ներկայացնում են ճգնաժամեր, որոնք մեծ մասով առնչւում են նաեւ Հայկական Սփիւռքին: Այսինքն, խօսքը ոչ միայն Հայաստանի մասին է, նաեւ՝ հայութեան առաջ կանգնած մարտահրաւէրների: Ես սա ասում եմ՝ հիմնուելով նաեւ որոշ համայնքներում հանդիպումների եւ ուսումնասիրութիւնների վրայ: Այսինքն, ունենք ինքնութեան ճգնաժամից սկսած մինչեւ ինչ անելու ճգնաժամ, չենք կողմնորոշւում, թէ ինչի վրայ պէտք է ռեսուրս, ժամանակ, ջանք թափենք:
Հայ-թուրքական հարցի առնչութեամբ, կարծում եմ, դեռ բաւական թարմ են յիշողութիւնները, երբ 2008 թուականին սկսուած երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի դէմ Սփիւռքի տարբեր համայնքներ բողոքի հաւաքներ էին կազմակերպում այն ժամանակուայ ՀՀ իշխանութիւնների դէմ: Այսօր, այս իշխանութիւնները ոչ միայն չեն խորհրդակցում ոչ մէկի հետ, այլ նաեւ անում են խնդրայարոյց քայլեր՝ խօսքը Հայոց Ցեղասպանութեան հարցում յետքայլի, բազմաթիւ հարցերում մեր զիջումների մասին է, եւ այժմ այդ վտանգը իրական է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկւում: Ինչպէս նախկինում այնպէս էլ հիմա, Սփիւռքը պէտք է բարձրաձայնի մտահոգութիւնները, ինչ-որ առումով ստիպի դրանց հետ հաշուի նստել, եւ դրա մեխանիզմները (կառովցակազմերը) կան՝ ի դէմս սփիւռքեան կազմակերպութիւնների:
Արցախը մեր ճգնաժամերից միւսն է: Արցախի հարցի ոչ միայն արդարացի լուծումն է մեզ համար շարունակում մնալ առաջնայնութիւն, այլ պատերազմը եւ դրանից յետոյ ստեղծուած իրավիճակը մեզ յուշում է, որ մենք ունենք նախաքայլ մինչեւ Արցախի հարցի լուծումը՝ հայութիւնը պէտք է հասկանայ Արցախի հարցի կարեւորութիւնն ընդհանրապէս Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան գոյատեւման առումով: Այսինքն, ոչ թէ ուղղակի ներկայացնենք որպէս պատմական Հայաստանի տարածքում ապրող հայութեան մի մասի իրաւունքների հարց, ինչպէս յաճախ անում ենք միջազգային հարթակներում՝ խաղալով աշխարհաքաղաքական կանոններով: Հայութեան համար դա բաւարար չէ: Պէտք է բացատրել, որ Արցախի գոյութիւնը դա Հայաստանի գոյութեան երաշխիքն է, ինչը ցաւօք սրտի բաւարար չափով չի արուել մինչեւ պատերազմը: Այսօր մեր բազմաթիւ գործողութիւնների առաջինը պէտք է լինի հայութեան շրջանում, յատկապէս Սփիւռքում Արցախի կարեւորութեան ներկայացումը, որովհետեւ հնարաւոր չէ մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել) հայութեանը որեւէ հարցի շուրջ, եթէ չես ներկայացնում իրավիճակը:
Այստեղ, ինչպէս նշեցի, գործ ունեն անելու Սփիւռքի հայկական կառոյցները՝ համագործակցաբար Հայաստանի այն կառոյցների հետ, որոնք ունակ են յստակ ներկայացնելու իրավիճակը՝ հայութեան շրջանում տեղեկատուական մակարդակը բարձրացնելու համար: Գործողութիւններից առաջինը պէտք է լինի ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների նկատմամբ ճնշումները, որ Արցախի հարցը չվերածուի զուտ սոցիալական խնդրի, այլ՝ Արցախը շարունակի լինել ՀՀ իշխանութիւնների համար քաղաքական օրակարգի համար մէկ հարց, որովհետեւ դրանով լուծւում է ըստ էութեան նաեւ Հայաստանի սուբյեկտայնութեան հարցը, ինչպէս մենք այս պահին ականատես ենք լինում, թէ ինչպէս է Արցախի կորստից յետոյ Հայաստանը աաստիճանաբար վերածւում իւրայատուկ Սիրիայի:
Կարծում եմ, որ ժամանակն է, որ արձանագրուի փաստը, որ Սփիւռքը եւս պէտք է աշխուժօրէն մասնակցի Հայաստանի կառուցմանը եւ ոչ միայն այն ռեսուրսներով, որ մինչ այժմ տրամադրուել են, եւ որի շնորհիւ է, որ բազմաթիւ ենթակառուցուածքներ են Հայաստանում ստեղծուել, տարաբնոյթ ուղղութիւններով աշխատանքներ են իրականացուել: Ժամանակն է փոխելու Սփիւռք-Հայաստան համագործակցութեան փիլիսոփայութիւնը: Սփիւռքը պէտք է լինի Հայաստանի եւ հայութեան կեանքը կազմակերպող մարմիններից մէկը, պէտք է ինքնակազմակերպման նոր մոդելներ որդեգրի: Միայն այս պարագայում է հնարաւոր առկայ ճգնաժամերից լուծում, հակառակ պարագայում ունենալու ենք մի իրավիճակ,երբ փորձելու ենք ձեւացնել, թէ յաջողութիւն ենք գրանցում, լուծում ենք խնդիրներ, իսկ իրականում լինելու է արտաքին գեղեցիկ շղարշով պատուած, բայց ներքինից փտած համակարգ, որը յատկապէս ճգնաժամերի պարագայում ցոյց է տալու խնդիրներ լուծելու իր անկարողութիւնը: Այս պարագայում մենք սպառելու ենք առկայ նուազ ռեսուրսները՝ այլեւս հնարաւորութիւն չունենալով վերականգնելու թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում: