Խմբ.- «Գրադարան» սիւնակի մեր առաջին կտորը առնուած է Սիմոն Վրացեանի «Կեանքի Ուղիներով» գործին առաջին հատորէն: Ներկայացուած հատուածէն ճիշդ առաջ, հեղինակը պատմած է, թէ ինչպէս Նոր Նախիջեւանի Մեծ Սալա գիւղէն ընտանեօք փոխադրուած են Սիմոնի հօր ծառայած կալուածը՝ Քուպան նահանգի, կազակներու (cossacks) Թիմաշովքա գիւղին մօտ վայր մը: Հոն, Սիմոնն ու իր քոյրը՝ Շուշանիկը անցուցած են երջանիկ օրեր, մինչեւ որ…
Անհուն էր ե՛ւ տատիս ուրախութիւնը: Մեր տունը, ասում էր նա, միայն թռչունի կաթ կը պակսի… Սահման չունէր, ի հարկէ, եւ մեր՝ երեխաներիս երջանկութիւնը: Մեր թիւը տարուէ-տարի աւելանում էր: Մեզ խաղընկեր էին ռուս մշակների երեխաները: Առաւօտից մինչեւ երեկոյ մենք անցկացնում էինք նրանց հետ. թափառում էինք դաշտերում, նայելով տարուայ եղանակին՝ գնում էինք ելակ, կոկան (վայրի սալոր, prunella) կամ կոճղէզ (bulb) հաւաքելու, կամ բոստաններից (պարտէզ) վարունգ ու ձմերուկ թռցնելու, գետում լողանալու, ձուկ կամ խեցգետին որսալու, թռչունների հաւկիթ հաւաքելու բներից… Խաղալ ուզողին խաղ չէր պակսի: Մեր ժամանակը անցնում էր անհոգ, ուրախ, երջանիկ…
Այո, երջանիկ, բայց ինչո՞ւ մայրս այդքան դժգոհ էր, ինչո՞ւ դառն խօսքեր էր ասում մեզ, գանգատում էր հօրս, թէ մենք մոռանում ենք «հայնակ կալաճի լինել», թէ մեծ քոյրս բոլորովին մարուշքա է դարձել, թէ իմ անունս այլեւս Սիմաւոն չէ, այլ Սեոմկա է…
Ճիշդ է, մենք միայն տանն էինք գործածում «հայնակ լեզուն», այն էլ դժուարութեամբ, իսկ դուրսը ամէնքի հետ խօսում էինք ռուսերէն. է՛, դրա մէջ ի՞նչ վատ բան կար: Յաճախ Տիմաշովկայից մեզ հիւր էր գալիս Սեւեան ընտանիքը մեզ հասակակից մանչ եւ աղջիկ զաւակներով. նրանք բոլորովին հայերէն չգիտէին. ինչո՞ւ մեր մայրը դժգոհ էր մեզանից: Շրջակայ գիւղերում, կազակների մէջ, ուրիշ հայ ընտանիքներ էլ էին ապրում: Նրանց երեխաները նոյնպէս հայերէն չգիտէին: Նրանց էլ Մարիամը դարձել էր Մաշա, Պետրոսը՝ Պետիա, Շուշանը՝ Սուսաննա – ի՞նչ վատ բան կար դրա մէջ…
Ինչքան ժամանակը անցնում էր, այնքան մօրս դէմքը մռայլւում էր՝
– Եո՛խ պիտի ըլլան (պիտի անհետանան) մեր զաւակները, գանգատւում էր նա հօրս՝ արտասուքը աչքին: Եո՛խ պիտի ըլլան, ի՞նչ պիտի անինք:
Մի Կիրակի հայրս գնացել էր Տիմաշովկա գիւղը: Վերադարձին բերեր էր խաղող, որ այդ շրջանում հազուագիւտ էր: Կէսօրին, երբ ճաշը վերջանալու վրայ էր եւ ես մի մեծ ողկոյզ առած պատրաստւում էի ուտելու, հայրս, կարծես սովորական բան լինէր, մօրս ասաց հանդարտ.
– Վաղը Սիմաւոնին վարժատուն պիտ տանիմ. դոշակ-եորղանը հազիր արա… (ներքնակ-վերմակը պատրաստէ՛):
Կարծես կայծակ զարկեց գլխիս: Խաղողը ընկաւ ձեռքիցս, եւ ես, սուր ճիչ մը արձակելով, դուրս թռայ տնից: Փախչում էի խելայեղ: Ո՞ւր— չէի իմանում: Հասայ խոտի դէզերին: Այստեղ, յաճախ, ես խաղում էի մեր խոհարարի տղայի՝ Նիկիտայի հետ: Ահա այն խորունկ ծակը դէզի մէջ, ուր ես պահւում էի Նիկիտայից: Ներս սողոսկեցի խորը, խորը: Խոտով ծածկեցի մուտքը…
Այժմ ես մենակ էի. այս ի՜նչ անիրաւ մարդիկ են – դպրո՜ց… ուզում են հեռացնել ինձ տնից, զրկել խաղի ընկերներից, բաժանել, զրկել հարազատներից, օտար մարդկանց յանձնել… Ես լսել էի հօրս եւ մօրս խօսքերը, թէ ինձ մի կազակի ընտանիքում գիշերօթիկ պիտի տեղաւորէին: Ի՞նչպէս չէ, կը տեղաւորեն…

Գլխումս հազար ու մէկ մտքեր էին վխտում: Ո՛չ, ես է՛լ տուն չեմ վերադառնայ: Թող ինչքան ուզում են փնտռեն. ես կը մնամ այստեղ, խոտի դէզում, մինչեւ որ անօթութիւնից մեռնեմ: Չեմ ուզում ոչ նրանց հացը, ոչ խաղողը… Էլ ոչինչ չունեմ ես այս աշխարհում, ոչ մէկ բարեկամ: Մայրս ու հայրս էլ թշնամի են ինձ: Դպրոց են ուզում ուղարկել. ուզում են ռադ անել գլխից (ձերբազատուիլ): Ես նրանց դպրոցը ցոյց կու տամ…
Կամաց-կամաց, սակայն, մտքերս ուրիշ ընթացք ստացան. Ինչքան պէտք էր մնալ այս ծակում, մինչեւ մեռնելը, մինչեւ երեկո՞յ, ամբողջ գիշե՞րը:
Մթից ես վախենում էի: Գիշերները սատանաներն են շարժւում, խորթլախները (ոգիներ) դուրս են գալիս եւ փոքր տղաների արիւնը ծծում: Մարմնովս սարսուռ էր անցնում, երբ պատկերացնում էի, թէ ինչպէս չար ոգին պիտի խմէր արիւնս, եւ ես պիտի մահանայի նրա ճիրաններում…
Եւ յետոյ, ի՞նչ յիմարութիւն է մնալ խոտի դէզի մէջ: Տանը, երեւի, չեն էլ նկատում իմ բացակայութիւնը: Ճաշը կերան-վերջացրին, խաղողն էլ անուշ արին, նրանց ի՞նչ հոգը, թէ ուր եմ ես եւ ինչ դրութեան մէջ: Գոնէ Նիկիտան երեւար: Հիմա որտեղից որ է կը լսուի նրա ձայնը… Եւ, յիրաւի, շուտով հեռուից ականջիս հասաւ նրա զիլ կանչը.
– Սեոմկա, ո՞ւր ես:
Չլսող ձեւացրի: Նորից սատանան մտաւ փորս: Չեմ պատասխանի: Դուրս չեմ գայ: Ինչ ուզում է լինի, ես դպրոց գնացողը չեմ…
– Սեոմկա՜, լսուեց մօտից Նիկիտայի ձայնը: Ապա խոտի խշխշոց, եւ Նիկիտան սկսեց քաշել ոտներիցս:
– Դուրս եկ, ի՞նչ ես անում այստեղ:
– Չեմ գայ, պատասխանեցի ես խռոված. թող ինձ հանգիստ:
Բայց Նիկիտան այն տղաներից չէր, որ հանգիստ թողնէր: Զօռով լոյս աշխարհ հանեց ինձ:
– Ես տուն պիտի չերթամ, ասացի ես վճռական կերպով:
– Ինչո՞ւ, հետաքրքրուեց Նիկիտան:
– Պիտի չերթամ… Հայրս ուզում է ինձ դպրոց տանել Տիմաշովկա…
Նիկիտան լուրջ դէմք առաւ, տխրեց: Պինդ բռնեց ձեռքս ու.
– Մի՛ վախենար, ես էլ կը գամ հետդ: Հայրիկիդ կը խնդրենք, որ ինձ ալ տանի…
Կը լինի՞ – չի՞ լինի: Լուրջ խորհրդակցութիւնից յետոյ համաձայնութեան եկանք. հիմա միասին պիտի երթանք մեր տունը եւ – վերջը կը տեսնենք ինչ կը լինի:
Բայց տուն չգնացինք: Գետակը վարից այնքան հրապուրիչ էր. ինչո՞ւ չլողանանք տուն երթալուց առաջ, մանաւանդ որ ջրի միջից լսւում էին հիւղակների մեր ընկերների զուարթ բացագանչութիւնները…
Երբ ես վախվխելով վերադարձայ տուն, արդէն մթնշաղ էր, եւ մեր ընտանիքի բոլոր անդամները նստած էին ընթրիքի, սեղանի շուրջ, իրենց տեղերը: Իմ աթոռը պարապ էր եւ առջեւը, սեղանի վրայ, ափսէիս մէջ դրուած էր մի մեծ ողկոյզ խաղող: Ինձ որ տեսան, մէկէն տիրեց լռութիւն. հայրս, սեղանի գլխից, մեղմ հայեացքով նայում էր ինձ: Մայրս ժպտաց, եւ ես խենթի պէս նետուեցի նրա գիրկը ու լացի, լացի ջղաձգօրէն…:
Մայրս քնքշօրէն շոյում էր գլուխս, փայփայում էր, քաղցր խօսքերով աշխատում էր ամոքել մեծ վիշտս:
Տատս մօտեցրեց ինձ խաղողը եւ խանդաղատանքով ասաց.
– Կեր, բալաս, անուշ արա, մեծադ (մեծ մայրդ) քու ցաւը առնէ:
Քոյրս, Շուշանիկը, լուռ կարեկցութեամբ իր համակրանքն էր արտայայտում ինձ: Իմ վիշտը, սակայն, անսահման էր, անյատակ, հաւասարը չունեցող: Դպրոց պէտք է երթայի:
Առաւօտ կանուխ հայրս տարաւ ինձ դպրոց…