ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Մահացել է իրանցի անուանի գրող, թարգմանիչ եւ հետազօտող, Իրանում հայագիտութեան ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ դոկտ. Ահմադ Նուրիզադէն:
Նա ծնուել էր 1951 թուականին՝ Բանդար Անզալիում: Հայերէն սովորել էր իրանահայ բանաստեղծ Արշի Բաբայեանի մօտ, որից յետոյ հայերէնի իր իմացութիւնը կատարելագործել էր Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնի դեկան Խաժակ Տէր Գրիգորեանի մօտ:
1969-70 թթ. նա սկսեց պարսկերէնի թարգմանել եւ հանրութեան ներկայացնել հայ գրողների եւ բանաստեղծների ստեղծագործութիւնները:
Նուրիզադէն մեծ սէր է տածել հայութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի ու գրականութեան նկատմամբ: Այս թեմաներով նա հեղինակել եւ թարգմանել է 14 գիրք, որոնցից ամենակարեւորն անշուշտ «100 Տարւայ Հայ Պոէզիան» կոթողային աշխատութիւնն է: