Օգոստոսի 12ին՝ Երիտասարդութեան միջազգային օրը, Ստեփանակերտում եւ Ասկերանում տեղի է ունեցել արդէն 10 օր ընթացող ՀՅԴ պատանեկան ճամբարների փակման հանդիսաւոր արարողութիւնը:
ՀՅԴ պատանեկան ճամբարները, որոնց ընդգրկուած են աւելի քան 280 պատանիներ Ասկերանում եւ Ստեփանակերտում մեկնարկել են Օգոստոսի 2ին: Ճամբարներն իրականացւում են ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան, եւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համագործակցութեամբ` ներգրաւելով ՀՅԴ երիտմիութիւնների ներուժը:
Ասկերանում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի ԿԿի ներկայացուցիչ Արթուր Մոսիյեանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտէի ներկայացուցիչ Ալեօշա Գաբրիէլեանը, շրջվարչակազմի ղեկավար Արմէն Ղահրամանեանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միաւորի նախագահ Աշոտ Աղաջանեանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան անդամներ, ծնողներ:
Ստեփանակերտի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի ԿԿի անդամներ Արա Պուլուզեանն ու Ալեօնա Դադամեանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմէն Պետրոսեանը, ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան անդամներ, ծնողներ:
Փակման արարողութեան միջոցառումը բացուեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամ Տիրուհի Գասպարեանի ելոյթով:
«Ուրախ ենք բոլորիդ տեսնելու «Երկիր ծրագիր» ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողութեանը: Աւելի քան 280 պատանիների հնարաւորութիւն է ընձեռնուել մասնակցելու ՀՅԴ երիտմիութիւնների կողմից նախաձեռնուած Արցախում լաւագոյն պատանեկան ճամբարին: Ճամբարի ընթացքում ճամբարականները զինուեցին գիտելիքներով, հմտացան ազգային երգ ու պարի ոլորտում, ամենօրեայ օգտակար դասախօսութիւններով եւ հաճելի ժամանցային խաղերով մէկ թիմ դարձած պատանիները յագեցած ժամանակ անցկացրեցին», ասաց Գասպարեանը:
Նա շնորհակալութիւն յայտնեց այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպէսզի կազմակերպուեն այդ ճամբարները, որի ընթացքում պատանիները իրենց հանգիստը կարողացան օգտակար ու արդիւնաւէտ վայելել:
Այս տարուայ ընթացքում ՀՅԴն կազմակերպել է 7 ճամբար, որոնք ունէին 2 ուղղուածութիւն` հայեցի դաստիարակութիւն եւ կարգապահութիւն ու ժամանցային ծրագրեր: Այս մասին ելոյթի իր խօսքում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿի անդամ, Արցախում պատանեկան ճամբարների համակարգող Ալեօնա Դադամեանը:
«Աւարտին է մօտենում ՀՅԴ 2021թուականի համար նախատեսուած ճամբարների ծրագիրը: Թէ որքանով ենք կարողացել իրականացնել մեր առջեւ դրուած խնդիրները այսօր գնահատական տուողը դուք էք լինելու: Շատ հաճելի է աշխատել պատանիների հետ, որովհետեւ ինչպիսի մօտեցում ցուցաբերում ենք եկող սերնդին, այդպիսի արդիւնք էլ ստանում ենք, ինչպիսի նուիրումով մօտենանք պատանիներին, այնպիսի ապագայ էլ ունենալու ենք», նշեց Դադամեանը:
Նա շնորակալութիւն յայտնեց բոլոր այն կառոյցներն, ովքեր համագործակցեցին ճամբարների կազմակերպման հարցում` ԱՀ ԿԳՄՍ նախարարութեանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին: «Վստահ եմ, որ այս համագործակցութիւնը շարունակական է լինելու, քանի որ բոլորիս նպատակը մէկն է` մատաղ սերնդի դաստիարակութիւնը», եզրափակել է Դադամեանը:
Խօսք ասաց նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմէն Պետրոսեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեանն ու Սփիւռքի ՀՅԴ երիտմիութիւններին` նման ճամբարներ կազմակերպելու համար: «Նմանատիպ ճամբար իրականացւում է նաեւ Ասկերանի Էդմոն Բարսեղեանի անուան դպրոցում, որից մեծ բաւականութիւն ենք ստացել:
Արմէն Պետրոսեանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի անունից երախտագիտութիւն յայտնեց ճամբարի կազմակերպիչներին եւ աջակիցներին:
Անդրադառնալով մասնակից պատանիներին Արմէն Պետրոսեանը նշեց. «Սիրելի պատանիներ, միշտ մնացէք ձեր շապիկներին գրուած խօսքերին հաւատարիմ: Գարեգին Նժդեհը մեզ տուել է ապրելու բանաձեւը` «արիացիր եւ արիացրու»: Քանի որ մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որտեղ ուժն է ծնում իրաւունք, ապա մենք թոյլ տեսակ չպէտք է լինենք. պէտք է արիանանք եւ արիացնենք մեր կողքիններին, որպէսզի մեր դիմաց բացուեն բոլոր դռները»:
Ելոյթներից յետոյ պատանիները հանդիսատեսների համար պատրաստել էին բեմական ներկայացում, որի ընթացքում ներկայացրել են ճամբարի ընթացքում իրենց սովորած ազգային երգերն ու պարերը, նաեւ արտասանել մէջբերումներ Գարեգին Նժդեհի «Յիշի՛ր Պատերազմը» գրքից:
ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը «Ապառաժ»ի հետ զրոյցում նշեց, որ ՀՅԴն Արցախում այն եզակի կառոյցն է, որն ամէն տարի կազմակերպում է Արցախում ամենախոշոր պատանեկան ճամբարները:
«Ճիշդ է, նախորդ տարի համաճարակով պայմանաւորուած հնարաւոր չեղաւ կազմակերպել ճամբարներ, սակայն այս տարի յատկապէս պատերազմից յետոյ մեզ համար սկզբունքային էր Արցախում կազմակերպել ճամբարները», ասաց Խաչատրեանը:
Նա իր խօսքում ընդգծեց, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնը հաւատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին` այն է յետպատերազմեան շրջանում նեցուկ լինել Արցախի պատանիներին:
Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան անդամներին, ովքեր այս օրերին աշխատում էին պատանիների հետ, Սփիւռքի երիտմիութիւնների անդամներին, ովքեր աջակցեցին այս ճամբարների իրագործմանը:
«Ապառաժ»