
Բրոկոլին (բրքուկ) պարունակում է բազմաթիւ վիտամիններ (կենասնիւթ), հանքանիւթեր, մանրաթելեր եւ հակաօքսիդանտներ, որոնց շնորհիւ դառնում անփոխարինելի մեր խոհանոցում: Նշենք բրոկոլիի օգտակար յատկութիւնները:
Բրոկոլին ֆենոլիկ միացութիւնների բարձր պարունակութեամբ շնորհիւ կարող է նուազեցնել օրգանիզմի բորբոքային գործընթացները: Բայց բանջարեղէնի օգտակարութիւնը պահպանելու լաւագոյն միջոցը ընդամէնը մի քանի րոպէ եփելն է:
Բրոկոլին օգնում է բարելաւել տեսողութիւնը: Այս բանջարեղէնի կանոնաւոր օգտագործումը կանխում է կատարակտը եւ նուազեցնում տարիքի հետ կապուած տեսողութեան վատթարացման հնարաւորութիւնը: Վիտամին K բարձր պարունակութեան շնորհիւ բրոկոլին ամրացնում է ոսկորները ու յօդերը, մեծացնում դրանց խտութիւնը եւ նուազեցնում կոտրուածքների հնարաւորութիւնը: Բացի այդ հարուստ է կալցիումով, մագնեզիումով եւ ֆոսֆորով:

Բրոկոլին հզօր դետոքսիկատոր (հակաթոյն) է եւ ամենահարուստն է մանրաթելով: Դրանք օրգանիզմը մաքրում են թոյներից, աւելցուկային շաքարից, խոլեստերոլից եւ քաղցկեղածիններից: Բրոկոլիի կանոնաւոր օգտագործումը կարգաւորում է մարսողութիւնը եւ կանխում աղեստամոքսային հիւանդութիւնները: Բրոկոլիի շնորհիւ օրգանիզմից դուրս են գալիս օդի միջոցով ներթափանցած քիմիական նիւթերը: Բրոկոլին նպաստում է քաշի կորստին: Դրա 100 գ․ը պարունակում է 34 կալորիա (ջերմուժ): Բացի այդ, այն արագացնում է նիւթափոխանակութիւնը, իսկ կալիումի ու նատրիումի շնորհիւ կարգաւորում է ջրի ու աղի հաւասարակշռութիւնը օրգանիզմում: Բրոկոլիում առկայ ջրի ու մանրտաթելերի բարձր պարունակութիւնը դանդաղեցնում է մարսողական գործընթացները, ստեղծում յագեցուածութեան զգացողութիւն: Բրոկոլին բարձրացնում է դիմադրողականութիւնը, օգնում է պայքարելու ցրտի դէմ եւ ոչնչացնում մանրէները: Բրոկոլին արագացնում է մկանների աճը: 100 գրամ հում բրոկոլիում կայ աւելի շատ սպիտակուց, քան սպանախում (շոմին) ու կարտոֆիլում (գետնախնձոր): Բացի այդ բրոկոլիի կազմում կայ մեծ քանակութեամբ կալիում, որը նուազեցնում է արեան ճնշման մակարդակը, կանխում մկանների կծկումները: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս բանջարեղէնը նաեւ նեարդային խանգարումները խանգարումները կանխելու համար: Բրոկոլին պարունակում է կարեւոր վիտամինններ, որոնք բարելաւում են ծերացման գործընթացները: Պարունակուող վիտամիները նպաստում են կալոգենի (սոսինձածին) զարգացմանը: Սա է մաշկի հիմնական սպիտակուցը, որը նուազեցնում է կնճիռների առաջացումը, մեծացնում մաշկի առաձգականութիւնը:
Չնայած այս բոլոր օգտակար յատկութիւններին` ոչ բոլորին է կարելի բրոկոլի ուտել: Անառողջ ստամոքս ունեցողները չպէտք է չարաշահեն այս բանջարեղէնը: Բացի այդ, բրոկոլին կարող է ազդել արիւնը նօսրացնող դեղերի արդիւնաւէտութեան վրայ: Իսկ սննդակարգում այս բանջարեղէնի գերակշռութիւնը մեծացնում է վահանաձեւ գեղձի հիւանդութեան զարգացման հնարաւորութիւնը: