Վաշինգտոնում գրանցուած Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC), համագործակցաբար Հայաստանում գրանցուած Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի հետ, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրւում է հայ ռազմագերիների եւ պատանդառութեան մէջ գտնուող անձանց մահուան համար: ՄԻԵԴ ներկայացուած փաթեթում նշւում է` թուով 19 անձինք, ինչպէս իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպէս էլ զինուորականներ, միմեանցից տարբեր 10 միջադէպերի արդիւնքում սպաննուել են, երբ գերութեան մէջ են գտնուել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալուած: Դիմումները ներկայացուել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածուած տեսաձայնագրութիւնների, դատաբժշկական փորձաքննութիւնների անհերքելի ապացոյցներով եւ փորձագիտական եզրակացութիւններով:
Երկու իրաւապաշտպան կազմակերպութիւնները հաւաքուած նիւթերով փորձում են պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին` ինչպէս Մարդու իրաւունքների եւրոպական դաշինքի, այնպէս էլ միջազգային մարդկային իրաւունքի համաձայն` գերութեան մէջ գտնուող անձանց կեանքը չպաշտպանելու համար:
«Չկարողանալով պաշտպանել գերութեան մէջ գտնուողների կեանքը եւ չկարողանալով հետաքննել սպաննուած գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրաւունքներն ու չի կատարում Մարդու իրաւունքների եւրոպական դաշինքով ստանձնած իր պարտաւորութիւնները: ՄԻԵԴի եւ եւրոպական բոլոր յարակից կառոյցների պարտականութիւնն է միանշանակ կարմիր գիծ քաշել եւ ստիպել Ադրբեջանի բռնապետութեանը պատասխանատուութիւն ստանձնել», ընդգծում է Հայկական իրաւական կենտրոնի նախագահ Քէն Խաչիկեանը:
Հայկական իրաւական կենտրոնը յանձնառու է սպաննուած 19 անձանց դէպքերով հետապնդել արդարութիւն, ինչպէս նաեւ ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակուեն եւ առանց վնասների հայրենադարձուեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայուած հայկական իրաւական կենտրոնը համագործակցում է Երեւանում գտնուող Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի հետ` առաւել քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴում գործեր յարուցելու համար: Այսպիսով, այս գործընկերութիւնը թոյլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնուող հայ ռազմագերիների կէսից աւելիին: Համագործակցող կազմակերպութիւնների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացուեց ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանի հանդէպ կիրառել միջանկեալ միջոց: Մշտական աշխատանք է տարւում Ադրբեջանի կողմից պահուող այլ ռազմագերիների վերաբերեալ հետաքննութիւն անցկացնելու եւ բացայայտումներ անելու ուղղութիւններով, հետամուտ լինելու ինչպէս նրանց ազատութեանը, այնպէս էլ կեանքի իրաւունքին:
Հայկական իրաւական կենտրոնը հրապարակել է այն անձանց անուն-ազգանուններն ու սպանութեան դէպքերը, որոնց առնչութեամբ սկսուել է իրաւական գործընթաց: Հաշուի առնելով սպանութեան դէպքերի առանձնակի դաժան բնոյթը` դրանց վերաբերեալ տեղեկատուութիւնը թարգմանաբար չենք հրապարակում:
Ադրբեջանական վայրագութիւնների արդիւնքում գերութեան մէջ սպաննուած մեր հայրենակիցներն են․ Վահրամ Լալայեանը, Վոլոդիա Աղաբեկեանը, Արսէն Ղարախանեանը, Եուրի Ադամեանը, Բենիկ Յակոբեանը, Մուշեղ Մելքումեանը, Նարեկ Բաբայեանը, Գենադի Պետրոսեանը, Եուրիկ Ասրիյեանը, Սարգիս Մանուկեանը, Լիւդվիգ Աւդալեանը, Սենիկ Խուրշուդեանը, Յուսիկ Հովակիմեանը, Կարէն Ներսիսեանը, Հայկ Յարութիւնեանը, Ալբերտ Ստեփանեանը, Գրիշա Գրիգորեանը, Սասուն Պետրոսեանը, Սամուէլ Սմբատովը:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
11 Օգոստոս 2021