ՍԻԱԹԸԼ․- Այս տարի, Սիաթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցին կազմակերպել էր ամառային երկշաբաթեայ ճամբար: Այն սկսուեց Յուլիս 6ին եւ աւարտուեց Յուլիս 16ին: Ճամբարի կազմակերպումն առաջին փորձն էր, որին մասնակցեցին շուրջ 45 երեխայ: Հոգեւոր հովուի, կազմակերպիչների եւ քսանից աւել կամաւորների կողմից պատրաստուած բազմակողմանի ծրագրի շնորհիւ կեանքի կոչուեց այս ճամբարը, որը երեխաների ամառային արձակուրդը դարձրեց առաւել յագեցած ու յիշարժան: Յիրաւի, արուել էր ամէն ինչ, որպէսզի երեխաները լիարժէք վայելեն իրենց ճամբարական բացառիկ օրերը. հոգեւոր զրոյցներ, երգ, պար, նկարչութիւն, մարզական եւ հետաքրքական խաղեր, տարբեր մրցոյթներ:
Երեխաները մեծ սիրով եւ հետաքրքութեամբ էին ունկնդրում եկեղեցու հոգեւոր հովիւ Վազգէն քհնյ․ Բոյաջեանի ամէնօրեայ հոգեւոր պատգամները եւ զրոյցները, որոնք վերածւում էին երկխօսութեան, առիթ տալիս զանազան քննարկումների:
Սուրբ Յարութիւն եկեղեցու ճամբարի յաջողութեան համար պարտական ենք նաեւ համայնքիս մի խումբ արուեստագէտներին, որոնք իրենց իւրայատուկ տաղանդով երեխաներին տեղափոխեցին արուեստի կախարդական աշխարհ: Նրանք երգի, պարի եւ նկարչութեան դասընթացքների միջոցով փորձեցին ճամբարականներին ծանօթացնել նաեւ հայկական մշակոյթի հետ: Երեխաները սիրով սովորեցին երգի ուսուցչուհի Լենա Ասլանեանի կողմից մատուցած մանկական երգերը:
Նկարիչ-քանդակագործ Գեղամ Աբրամեանի դասընթացները գծի եւ գոյնի, ծաւալի եւ ներդաշնակութեան բացայայտումներով արտայայտում էին նկարչութեան գաղտնիքները, որոնցով ներշնչուած մանուկները պատկերում էին իրենց շրջապատող բնութիւնը:
Պարուսոյց Ստելա Միրզոյեանի դասերին երեխաները բացայայտեցին հայ ազգագրական պարերը: Նրանք մեծ խանդավառութեամբ կրկնօրինակում էին ուսուցչուհուն, որը պարի միջոցով «պատմում էր մեր ժողովրդի անցած ճանապարհի, հաւատի ու անկոտրում կամքի» մասին:
Սուրբ Յարութիւն ճամբարի առաքելութիւններից մէկն էլ երեխաներին շրջակայ միջավայրի հետ հաղորդակից դարձնելն էր` նրանց մէջ սերմանելով սիրոյ եւ խնամքի զգացողութիւն` հանդէպ Աստուծոյ պարգեւ բնութիւնը, որին անտարբեր լինելը աղէտ է ողջ մարդկութեան համար:
Ճամբարային եւ մարզական խաղերը լուրջ մրցակցութեան եւ հաճելի պահեր էին պարգեւում մասնակիցներին: Խաղերի կազմակերպիչ Գրիգոր Յակոբեանի անաչառ մրցավարութեան եւ նրբանկատութեան շնորհիւ իւրաքանչիւրն արժանանում էր խրախուսանքի:
Անգնահատելի է նաեւ Սելինէ Յակոբեանի ստեղծագործական մօտեցումը երեխաներին. նրա կատարած թարգմանական աշխատանքի շնորհիւ ընթերցուեցին հայկական բանաստեղծութիւններ` հայրենիքից հեռու ապրող փոքրիկներին փոխանցելով հայկական ոգին եւ շունչը:
Ճամբարի վերջին օրը լի էր յիշարժան պահերով: Տէր հօր օրհնութիւնից եւ հրաժեշտի խօսքերից յետոյ, երեխաներն իրենց ծնողների հետ վայելեցին Տիկնանց յանձնախմբի պատրաստած հիւրասիրութիւնը, ապա տեղի ունեցաւ խարուկահանդէս, որն ուրախ երգերի ուղեկցութեամբ եւ բոլորին սիրելի «մաշմելօ»ի ճաշակմամբ իր շուրջը համախմբեց բոլոր ճամբարականներին:
Ուզում ենք մեր երախտագիտութիւնը յայտնել ճամբարի պատասխանատու Աննա Յակոբեանին, որի բծախնդիր եւ հետեւողական աշխատանքի մասին նշեց նաեւ եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Լեւոն սարկաւագ Էսիբովը, երեխաները եւ բոլոր ծնողները:
Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր կամաւորներին` Աննա Եղիազարովին, Արմինէ Խաչատրեանին, Նաիրա Յարութիւնեանին, Ռիտա Դօքմեքչեանին, Նինա Նիկողոսեանին, Էլինէ Ղալամքարեանին, Ծովինար Մուրադեանին, Ինգա Եղիազարեանին Աժելինա Պրօշիկեանին, Ռիտա Թորշինսկուն, Քէյթ Առուստամեանին եւ Նելլի Անտոնեանին։ Յատուկ շնորհակալութիւն Ոսկանեան եւ Իսրայէլեան ընտանիքներին, որոնք, իբրեւ հայ եկեղեցու արժանաւոր զաւակներ, իրենց օգնութեան ձեռքը մեկնեցին եւ յանձնառու եղան երկօրեայ ճաշի սպասարկութիւնը: Աստուած օրհնի եւ բարի ամառ բոլորին:
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)