
Վերապատուելի Դոկտոր Ռընէ Լէոնեանը՝ Լիոնի Քաթոլիկ Համալսարանի Հայագիտութեան Ամբիոնի Նոր Ղեկավար
Վերջերս վերապատուելի Ռընէ Լէոնեանը նշանակուել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ՝ համալսարանի ռեկտորի կողմից, նաեւ՝ համալսարանի աստուածաբանութեան ֆակուլտետի (կաճառի) դեկանի (տեսուչ) հետ խորհրդակցութեամբ:
Ստորեւ ներկայացւում է համալսարանի կայքի համար անցկացուած հարցազրոյցը դոկտոր Լէոնեանի հետ:
ԼԻՈՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.- Դոկտոր Լէոնեան, կարո՞ղ էք համառօտ ներկայացնել ձեզ:
ՌԸՆԷ ԼԷՈՆԵԱՆ.- Ես Ռընէ Լէոնեանն եմ, Ֆրանսիայի Հայ աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխայ եւ վեց թոռնիկ: Ծնուել եմ Մարսելում: Ե՛ւ հայրական, ե՛ւ մօրս կողմից պապերս ու տատերս 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան վերապրողներ են եղել` ծագումով Կիլիկիայից:
ԼԻՈՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.- Ո՞րն է ձեր մասնագիտական ուղին:
ՌԸՆԷ ԼԷՈՆԵԱՆ.- Աստուածաբանական կրթութիւնս ստացել եմ Փարիզի աւետարանական աստուածաբանութեան համալսարանում: Լիոնում իմ առաջին հոգեւոր ծառայութիւնն անցկացրի ինը տարի: Առիթից օգտուելով, դոկտորական թէզս շարունակեցի գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրեցի Հայ աւետարանական եկեղեցու ծագման վերաբերեալ իմ թէզը: Գիտական խորհրդականս պրոֆեսոր Գրիգոր Պըլտեանն էր, ով այդ ժամանակ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչն էր:
Աւարտել եմ նաեւ Լիոնի համալսարանի ընկերային հարցերի մագիստրատուրան եւ Փարիզ – Սորբոն արեւելեան լեզուների ու քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել եմ նաեւ գիտութեան եւ կրթութեան գծով ասպիրանտ:
Իմ ծառայութեան ողջ ընթացքում ապրել եմ բազմաթիւ երկրներում:
Նախ` Հայաստանում, որտեղ տասնեօթ տարի եղել եմ Հայ աւետարանական համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան եւ Ֆրանսիայի «Յոյս Հայաստանի համար» կազմակերպութեան ներկայացուցիչը:
Եղել եմ նաեւ Հայաստանի Աւետարանական եկեղեցու աւագ հոգեւոր հովիւ, Հայաստանի աւետարանական աստուածաբանութեան ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:
Որպէս հոգեւոր հովիւ ծառայել եմ նաեւ Ուրուգուայում, Յունաստանում, Կանադայում, նաեւ Ֆրանսիա, Լիոն, Փարիզ եւ Վալանս քաղաքներում:
Եղել եմ Ֆրանսիայի Աստուածաշնչային ընկերակցութեան Գլխաւոր քարտուղար, նաեւ՝ բանտերի հոգեւոր հովիւ: Աշխատել եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութեան գրասենեակի վարիչ: Լիոնի քրիստոնէական Ռադիօ-Ֆուրուիերի համահիմնադիր եմ: Ներկայումս Եւրասիայի Հայ աւետարանական եկեղեցիների միութեան նախագահն եմ:
ԼԻՈՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.- Ինչո՞ւ է կարեւոր, որ քրիստոնէութիւնը Հայաստանում ներկայացուած լինի ակադեմիական աշխարհին:
ՌԸՆԷ ԼԷՈՆԵԱՆ.- Քրիստոնէութիւնը Հայաստանում ծագել է ամենաառաջիններից մէկը աշխարհում:
Դրա հաւատը, պատմութիւնը, աւանդոյթները եւ նահատակութիւնը յարգանքի առարկայ են: Ակադեմիական աշխարհի համար առիթ եւ պատիւ է Հայ եկեղեցուն առանձնայատուկ տեղ յատկացնելը:
Յիշեցնե՛նք, որ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը ստեղծուել է 1987 թ.ին Հայ առաքելական եկեղեցու Լիոնի՝ այն ժամանակ հոգեւոր առաջնորդ Նորուան եպիսկոպոս Զաքարեանի նախաձեռնութեամբ:
ԼԻՈՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.- Որո՞նք են ձեր նպատակները, երբ ստանձնէք այս պաշտօնը:
ՌԸՆԷ ԼԷՈՆԵԱՆ.- Նպատակս է յարատեւ դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ յարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել: Ուրախ կը լինեմ կրկին տեսնել այս դասընթացների կանոնաւոր մասնակիցներին: Յուսով եմ՝ նորեկներին նոյնպէս կը գրաւեմ:
Ապագայում ուշադիր կը լինեմ մասնակիցների եւ ապագայ մասնակիցների առաջարկների նկատմամբ: Միասին մենք կը փորձենք աւելի մեծ լսարանի համար աւելի մատչելի դարձնել Հայաստանը, հայերին եւ հայկական քրիստոնէութիւնը:
ԼԻՈՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.- Ո՞րն է լինելու այս տարի հայագիտութեան ամբիոնի կողմից առաջարկուող դասընթացի թեման:
ՌԸՆԷ ԼԷՈՆԵԱՆ.- 2021-2022 թուականների համար մենք ընտրել ենք հետեւեալ թեմաները.
– Հայաստանի եւ հայերի պատմութիւնը ծագումից մինչեւ մեր օրերը:
– Հայկական եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ, աւետարանական). պատմութիւն, աստուածաբանութիւն եւ հոգեւոր արժէքներ:
– Եկեղեցիների միջեւ փոխյարաբերութիւննների հեռանկարներ:
Յաջողութիւն կը մաղթենք ձեր ծրագիրներուն, նաեւ՝ նորանոր նուաճումներ եւ քաջառողջութիւն: