ԳԼԵՆԴԷՅԼ․- Մարտի 30ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Վաշինգտոն նահանգի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Լորի Ջինկինսի հետ:
Բայբուրդեանը Ջինկինսին ներկայացրեց Հայաստանը` սեւեռուելով պատմական ընդհանուր նկարագրի, քաղաքական պատկերի եւ տնտեսական միջավայրի վրայ: Յատուկ անդրադարձ եղաւ հայկական Սփիւռքին` իբրեւ հայ ազգի անքակտելի մաս: Հաշուի առնելով, որ Վաշինգտոն նահանգն աչքի է ընկնում բարձր արհեստագիտութեան ոլորտի զգալի առաջընթացով, դեսպանը Ջինկինսին ներկայացրեց Հայաստանի մեծ ներուժը՝ բարձր եւ տեղեկատուական արհեստագիտութեանց ոլորտներում եւ այդ ուղղութեամբ համագործակցութիւն ծաւալելու` Հայաստանի շահագրգռուածութիւնը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ քիմիական արդիւնաբերութեան, մետաղագործութեան, հաստոցաշինութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում գործակցելու հեռանկարներին:
Ներկայացուցիչների պալատի խօսնակը պատրաստակամութիւն յայտնեց համագործակցութեան ծրագրերը գործնական հարթութիւն տեղափոխելու գործում:
Հանդիպման մասնակիցները պայմանաւորուեցին համագործակցութան թեման շարունակել գլխաւոր հիւպատոսի Վաշինգտոն հնարաւոր այցի ընթացքում, որը կը կայանայ ելնելով համավարակի իրավիճակից:
Ջինկինսը Դեմոկրատ կուսակցութեան անդամ է եւ ներկայ պաշտօնում ընտրուել է 2020ին: Նա Վաշինգտոնի Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահն է:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)