ԳԼԵՆԴԷՅԼ․- Ապրիլի 1ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Փասադինայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հետ: Հանդիպումը տեղի ունեցաւ 145 հազար բնակչութիւն ունեցող Փասադինայի քաղաքապետարանի պատմական շէնքում: Զրոյցին մասնակցում էր քաղաքապետի տեղակալ Վանիա Դէ Լա Կուբան:
Այս հանդիպումն առաջինն էր Փասադինայի քաղաքապետի պաշտօնում Վիկտոր Գորդոյի ընտրուելուց եւ համավարակի պատճառով կիրառուող սահմանափակումներից ի վեր:
Բայբուրդեանը, առիթն օգտագործելով, շնորհաւորեց քաղաքապետ Գորդոյին պատասխանատու պաշտօնին անցնելու կապակցութեամբ: Քաղաքապետ Գորդոն, իր հերթին, ուրախութիւն յայտնեց, որ պաշտօնավարում է հայաշատ քաղաքում, որտեղ ամերիկահայերը մեծ ներդրում ունեն քաղաքի տարբեր ոլորտների զարգացման գործում:
Բայբուրդեանը եւ Գորդոն քննարկեցին համագործակցութեան մի քանի գործնական ծրագրերի գաղափարներ, որոնց իրագործումը հնարաւորութիւն կը տայ գործակցութիւնը նոր մակարդակի բարձրացնել: Որոշուեց առաջիկայում առաջին քայլը կատարել այդ ուղղութեամբ, ինչի մասին լրացուցիչ կը տեղեկացուի:
Զրուցակիցները պայմանաւորուեցին իրենց հանդիպումներին պարբերական բնոյթ տալ:
Գորդոն քաղաքապետ է ընտրուել 2020ի Նոյեմբերի 3ի համաքաղաքային ընտրութիւններում: Նա Փասադինայի քաղաքային խորհրդի անդամ է 2001ից:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)