ԳԼԵՆԴԷՅԼ.- Մարտի 29ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Վաշինգտոնի նահանգային քարտուղար Քիմ Ուայմենի հետ: Գլխաւոր հիւպատոսը նշեց, որ Ամերիկայի արեւմտեան ափում Հայաստանի համար գերակայութիւն է համարւում Վաշինգտոն նահանգի հետ սերտ գործակցութեան հաստատումը` որպէս երկրի կարեւորագոյն եւ առաջատար նահանգներից մէկը: Վաշինգտոնը համարւում է Ամերիկայի ամենաբարեկեցիկ, ամենահարուստ, ազատական եւ արհեստագիտականօրէն առաւել զարգացած նահանգների սանդղակի ամենավերեւում գտնուողներից մէկը:
Գլխաւոր հիւպատոսը ներկայացրեց Հայաստանի հետաքրքրութիւնների շրջանակը` Վաշինգտոն նահանգի հետ կապուած: Դա վերաբերում է գործարար որոլտին, մաքուր եւ այլ ժամանակակից արհեստագիտութիւններին, նահանգային օրէնսդրական դաշտին եւ այլն: Վաշինգտոնի չափազանց յաջողուած փորձառութիւնը` ուղղուած զուգահեռաբար գիտական արդիւնաբերութեան ու գիւղատնտեսութեան զարգացմանը, արժանի է ուսումնասիրութեան եւ կիրառման: Եւ դա Վաշինգտոնում իրականացւում է խարսխուած այնպիսի օրէնսդրութեան վրայ, որն ապահովում է բնութեան լիակատար պաշտպանութիւնը:
Բայբուրդեանը ներկայացրեց Հայաստանում արհեստագիտական առաջընթացը, բարձր արհեստագիտութեանց եւ տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտի ներուժն ու հեռանկարները: Վաշինգտոն նահանգն աչքի է ընկնում բարձր եւ տեղեկատուական արհեստագիտութեանց զգալի առաջընթացով: Բացի այդ, այստեղ են տեղակայուած խոշորագոյն ամերիկեան ընկերութիւնների կենտրոնական գրասենեակներ, ինչպիսիք են` Amazon, Microsoft, Starbucks, Costco, Boing եւ այլն: Բայբուրդեանն ուրուագծեց քիմիական արդիւնաբերութեան, մետաղամշակման, հաստոցաշինական, հաղորդակցութեան եւ փոխադրական սարքաւորումների արտադրութեան ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւնները: Նա նաեւ Ուայմենին յայտնեց, որ համագործակցութեան համար օրէնսդրական նպաստաւոր դաշտ կարող է ստեղծուել շրջանակային համաձայնագրով, ինչի ստորագրման նախադէպը Հայաստանն ունի Կալիֆորնիայի հետ:
Ուայմենը գոհունակութիւն յայտնեց համագործակցութեան առաջին քայլերի առիթով եւ հեռանկարային գնահատեց համագործակցութեան նշուած ոլորտները: Նա յոյս յայտնեց, որ խոր համագործակցութիւն ծաւալելուն նուիրուած առաջիկայ քննարկումները տեղի կ՛ունենան գլխաւոր հիւպատոսի` Վաշինգտոնի նահանգ կատարելիք այցի ընթացքում: Նահանգի քարտուղարը հրաւիրեց գլխաւոր հիւպատոսին այցելել Վաշինգտոնի մայրաքաղաք Օլիմպիա: Նա իր գնահատանքի խօսքն ասաց ամերիկահայ համայնքի վերաբերեալ, որն աչքի է ընկնում ամերիկեան կեանքի եւ իրողութիւնների բոլոր ոլորտներում իր արդիւնաւէտ ներգրաւուածութեամբ:
Ուայմենը Վաշինգտոն նահանգի միակ ընտրուած հանրապետական պաշտօնեան է: Նա զբաղեցնում է նահանգի քարտուղարի պաշտօնը 2013ի Յունուարից: