
Այս օրերին լրացաւ «Նեմեսիս» ծրագրի մեկնարկի հարիւրամեակը: Փառք ու պատիւ այն գործադրողներին: Յիշատակն արդարոց օրհնեալ եղիցի:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Կարծում եմ, թէ արդարադատութեան երկուորեակ եղբայրն է վրիժառութիւնը՝ վստահ լինելով, որ շատերը պիտի համաձայն չլինեն այդ մտքի հետ, յենուելով տարածուած այն կեղծ մարդասիրական ձախակողմեան սկզբունքներին (islamo-gauchiste), որոնք իրենց գնահատում են առաջադէմ, վրէժը համարում են կամքի եւ զգացումների թուլութիւն:
Անառակ որդու առակը դարերի ընթացքին քարոզուել է աշխարհով մէկ, բայց նա ներկայացնում է ներողամիտ լինելու հանգամանքը, որ իրականում մեծահոգութեան նշան է եւ կատարւում է հօր եւ զաւակի միջեւ, ուր վրէժ հասկացութիւնը բացակայ է սկզբունքով:
Երբ ճիշդ հարիւր տարի առաջ (15-3-1921) մեր քաջարի Սողոմոն Թեհլիրեանը շան սատակ արեց՝ Բեռլինի Հարտենբերգ Շտրասէ փողոցում հայակեր Թալէաթին, ամէն մարդ գոհ էր, քանզի ինչ անուն որ տանք՝ արարքը ճիշդ էր եւ արդար. այն պատգամն էր նահատակ բիւրաւոր մեր հարազատների: Նոյնիսկ խստապահանջ Գերմանիոյ արդարադատութիւնը անհրաժեշտ չհամարեց դատապարտել, քանի լաւ գիտէին, թէ ինչ դժոխային ծրագրի են մեղսակից եղել: Իրար յաջորդեցին միւս իթթիհատական ճիւաղների տեղին, իմա՝ արդարացի ահաբեկումները, որոնց հեղինակներն էին փառապանծ հայորդիներ՝ անմոռանալի Միսաք Թորլաքեանը, Արշաւիր Շիրակեանը, Արամ Երկանեանը, Ստեփան Ծաղիկեանը, Պետրոս Պօղոսեանը, եւ եւս մի քանի նոյնքան արժանապատիւ եւ յարգելի հերոսներ, որոնց բոլորի անունները ցաւօք չեմ յիշում եւ յուսամ ներողամիտ կը լինի ընթերցողը: Ի մէջ այլոց կ՛ուզեմ յիշել մի դրուագ, որ ծանօթ չէ բոլորին:

1922ի Յուլիսին, մարդակեր Ջեմալ փաշան գտնւում էր Թիֆլիսում դէպի Անկարա ճամփորդութեան առիթով եւ հայերը իմանալով կազմակերպում են նրա ահաբեկումը «Նեմեսիս» ծրագրի շրջանակում՝ Ստեփան Ծաղիկեանի եւ Պետրոս Պօղոսեանի ձեռքով: Օրը ցերեկով փողոցում այդ ճիւաղին շան սատակ անելով տղաները փախչելով մտնում են մօտակայ հայ հացթուխ Արշակի խանութը եւ սկսում խմոր հունցել՝ պայմանին համաձայն: Երբ ոստիկանները ամէն տեղ ստուգելով մտնում են նաեւ այդտեղ միայն գործով զբաղուած անձեր են տեսնում եւ նոյնիսկ չեն նկատում, որ խմորի մէջ երկու ատրճանակ կայ խառնուած: Այս դէպքը ինձ են պատմել հացթուխի զաւակները եւ կարծում եմ, թէ հանրութեանը ծանօթ չէ: Այս դէպքից մի քանի օր անց, Միջին Ասիոյ Բուխարա քաղաքում Կարմիր բանակի սպայ Յակոբ Մելքումեանը գետնին է փռում մէկ ուրիշ հայակեր ճիւաղի լէշը, որի անունն էր Էնվեր փաշա:
Այս փառապանծ վրիժառուների գործը աննախադէպ չէր: Հայերի դէմ օսմանեան պաշտօնեաների շարունակական պիղծ եւ անարդար ճնշումները, քուրդ եւ չերքէզ հրոսակների բիրտ աջակցութեամբ, զինուած բախումներ էին ստեղծել, մանաւանդ 94ի նախճիրից յետոյ, ուր աչքի էին ընկնում ըմբոստ ֆեդայիններից՝ Մուրադը, Հրայրը, Սեպուհը, Սերոբը եւ միւս անմահ հերոսները՝ մասնաւորապէս Անդրանիկը, որ կարկառուն դէմք է հայ ազատագրական պայքարի պատմութեան մէջ:
Ռուսական «Պետերբուրսկիէ Նովոստի» թերթը 1903ին մանրամասնօրէն գրում է, թէ ինչպէս Անդրանիկը իր 70 քաջարի զինակիցներով ի սպառ ոչնչացնում է մի թուրքական զօրագունդ, որ գրաւել էր մի հայկական վանք, մշտական մնալու միտումով:

Կարիք կա՞յ յիշելու Զէյթունն ու Մուսա լեռը: Յիշեցնեմ, որ յաւակնութիւնը չունեմ հայ ազատագրական պայքարի պատմական վերլուծութիւնը անելու, միայն թէ պէտք չէ մոռանալ, որ Եղեռնի յիսնամեակից յետոյ վերսկսուեց հայ ըմբոստ կեցուածքը, երբ Գուրգէն Եանիքեանը իր յանդուգն վրիժառու կեցուածքով ահաբեկեց երկու թուրք դիւանագէտ՝ միեւնոյն ժամանակ դառնալով հայ գաղտնի բանակի բարոյական կնքահայրը:
Այդ տարիների գործողութիւններին պիտի չհամարձակուեմ գնահատական տալ, միայն թէ աշխարհը գիտակից էր հայ վրիժառուների արթնացման փաստին, որ խամրեց մեզ անյայտ պատճառներով եւ երդուեալ թշնամին անգործ չմնաց հերթով ահաբեկելով Հրանդ Տինքին՝ մնալով անպատիժ, իսկ քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանին կացնահարող Սաֆարովը ունեցաւ գեներալի ուսադիրներ:
Ամլացա՞ծ է հայի միտքն ու պատուի զգացումը, երբ այս տարի ամրան ամիսներին Մոսկուայի շուկայի դռները փակեց ազերի խուժանը՝ արգելք դնելով հայ ծիրանի մուտքին եւ միաժամանակ ջարդելով հայերի մեքենաները, վարորդի հետ մէկտեղ: Ինչ ասել «Գորշ գայլ»երի վոհմակին, որ տէր ու տիրական են Լիոն քաղաքի շրջակայքում, բոլոր տեսակի հայկական միջոցառումները խանգարելու եւ յուշարձանները պղծելու համար: Որեւէ միջոց չձեռնարկուեց նման ճիւաղներին պատժելու, մինչ մեր դեղնակտուց աքաղաղները իրար են յօշոտում հայրենի հողի վրայ՝ փողոց փակելով:
Աւելի քան ողբալի է, զանց չառնելով քառասուն չորս օրուայ դժոխքը:
Կա՞յ յոյս, որ հասունանալով կը կազմակերպուենք: