ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Ապրիլի 1 լոյս 2ի գիշերը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնը (ԱԵՄ) նախաձեռնութիւն մը կատարեց «Մենք ենք մեր սարերը» յուշարձանին դիմաց՝ նուիրուած Քառօրեայ պատերազմի 5րդ տարելիցին: Միութեան անդամները ջահերով գրեցին «Recognize Artsakh», որմով կոչ ուղղեցին միջազգային հանրութեան՝ ճանչնալու Արցախի անկախութիւնը եւ դատապարտելու ատրպէյճանական յարձակումները եւ բռնութիւնները, որովհետեւ անտարբերութիւնը նոր պատերազմներոու պատճառ կը դառնայ:
ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը 2 Ապրիլին հրապարակեց յայտարարութիւն, որուն մէջ յատկապէս կը նշուի հետեւեալը.
«Յարգելի հայրենակիցնե՛ր, ինչպէս գիտէք այսօր լրանում է ապրիլեան քառօրեայ պատերազմի 5րդ տարելիցը: Ապրիլի 1 լոյս 2ի գիշերը ադրբեջանը լայնածաւալ յարձակում սկսեց հայկական դիրքերի վրայ: Կիրառելով իր սպառազինութեան ողջ տեսականին, ունենալով մարդուժի զգալի առաւելութիւն թշնամին չկարողացաւ յաջողութիւն գրանցել: Աւաղ, հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար իրենց կեանքն են զոհել տասնեակ հայորդիներ: Յաւերժ փառք նրանց: Արցախեան շարժմամբ եւ ապա պատերազմում յաղթանակ տանելով հայը վաստակեց ազատ ապրելու իր իրաւունքը: Արցախը չճանաչեց մարդասէր աշխարհը, ինչպէս չճանաչուեցին ու չդատապարտուեցին Սումգայիթի, Բաքուի, Մարաղայի, Շուշիի ջարդերը, Հայոց Ցեղասպանութիւնը: Աշխարհի այս անտարբերութիւնը թեւ տուեց թշնամուն, բացեց նրա ախորժակը եւ նրանք յանդգնեցին հրադադարից 22 տարի անց սուր ճօճել արցախցու դէմ եւ տեղի ունեցաւ 2016ի քառօրեայ պատերազմը: Դարձեալ լռեց աշխարհը: Չէր տեսնում խաղաղ բնակչութեան խոշտանգումները, երեխանների մահը, զինուորների գլխատումը: Լռեցին, աչք փակեցին, ներեցին: Սակայն թշնամին չհանգստացաւ: Նա մեծ ախորժակ ունէր: Եւ աշխարհի այս անտարբերութիւնը ծնեց մի նոր դաժան պատերազմ: 2020ի 44 օրեայ պատերազմում ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը, սիրական վարձկանների եւ այլ խոշոր պետութիւնների աջակցութեամբ կարողացան ճեղքել ռազմաճակատը եւ բռնագրաւել հայկական հողերը, իսկ մի մասն էլ նուէր ստանալ: Այս պատերազմում զոհուեցին հազարաւոր երիտասարդներ, տասնեակ խաղաղ բնակիչներ: Ու կրկին լռութիւն, ու կրկին անտարբերութիւն: Եւ այժմ էլ ադրբեջանական խուժանները սկսել են ոչնչացնել ու պղծել մեր մշակութային օջախները, սրբավայրերը` ճիշդ այնպէս, ինչպէս արւում է Թուրքիայում: Մենք, ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան անդամներս, կոչ ենք անում միջազգային հանրութեանը ճանաչել Արցախի անկախութիւնը, դատապարտել ադրբեջանի ագրեսիան, որովհետեւ ձեր լուռ անտարբերութիւնը մարդկային կեանքեր է խլում եւ ճակատագրեր է խեղում»:
Այս առիթով պատրաստուած տեսերիզը կարելի է դիտել՝ այցելելով կայքէջը։