ԳԼԵՆԴԵԼ․- Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանի հետ, որը նաեւ Կալիֆորնիայի Հայկական օրէնսդրական խմբակցութեան անդամ է: Հիւպատոսութիւնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Քալիֆորնիա յարաբերութիւնների զարգացմանը եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Նրանք վեր են հանել Կալիֆորնիայում նահանջի փուլ թեւակոխած համավարակի այս շրջանում երկկողմ բազմաբնոյթ յարաբերութիւնների առկայ ներուժն առաւելագոյնս օգտագործելու խնդիրը: Հայաստանի եւ Կալիֆորնիայի յարաբերութիւնների երկկողմ իրաւական դաշտը խարսխուած է Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ 2019ի Սեպտեմբերին ստորագրուած համագործակցութեան շրջանակային համաձայնագրի վրայ: Հանդիպման մասնակիցները խօսել են նաեւ յետ-պատերազմեան շրջանում ինչպէս Արցախում եւ Հայաստանում, այնպէս էլ ամբողջ տարածաշրջանում ստեղծուած իրավիճակի մասին: Յատուկ կարեւորուեց Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների անյապաղ ազատման խնդիրը:
Ադրին Նազարեանն Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ է: Նա ընտրուել է նահանգային խորհրդարանում 2012ին՝ ներկայացնելով Կալիֆորնիայի 46րդ ընտրաշրջանը, որն իր մէջ ներառում է Հոլիվուդ Հիլզը, Լէյք Բալբոան, Նորթ Հիլզը, Նորթ Հոլիվուդը, Պանորամա Սիթին, Շերման Օքսը, Ստուդիօ Սիթին, Թոլուկա Լէյքը, Վալի Գլենը, Եունիւերսալ Սիթին, Վեն Նայզը եւ Վալի Վիլեջը: Նա նախագահում է տարեցութեան եւ երկարաժամկէտ հոգածութեան հարցերով մշտական յանձնաժողովը, ինչպէս նաեւ անդամակցում է արուեստի, ժամանցային ոլորտի, մարզանքի, զբօսաշրջութեան եւ համացանցային լրատուութեան, փոխադրամիջոցների, առողջապահութեան յանձնախումբերին եւ Պետական կառավարման չորրորդ ենթայանձնախումբին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)