ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԵԱՆ
ԳԼԵՆԴԵՅԼ.- Փետրուարի 24ին կայացաւ Հայաստանից Ամերիկա պարէնի եւ սննդամթերքի ներկրմանը նուիրուած գործարարների սեմինար` հեռավար ձեւաչափով: Սեմինարը կազմակերպել էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը` տեղական Հայ-ամերիկեան գործարար խորհրդի աջակցութեամբ:
Սեմինարը վարեց գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը: Մասնակցեցին Ամերիկայի արեւմտեան նահանգներ Հայաստանում արտադրուած սննդամթերք ներկրող ընկերութիւնների ներկայացուցիչներ եւ մեծածախ մատակարարներ, գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Վարազդատ Պահլաւունին, Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկեան գործարար խորհրդի (AABC) նախագահ Արմէն Յարութիւնեանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Արմէն Վարդանեանը, Հայաստանի մասնագիտական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Քննարկուեց, թէ ինչպիսի քայլեր են անհրաժեշտ պարէնի եւ սննդամթերքի արտահանման ծաւալները աւելացնելու համար, ինչպէս խթանել նրանց սպառումը ամերիկեան խոշոր առեւտրային ցանցերում, որոնք են պարէնի եւ սննդամթերքի Ամերիկա արտահանման ոլորտում առկայ խոչընդոտներն ու սահմանափակումները եւ դրա հետ կապուած խնդիրները: Մասնակիցները մտքեր փոխանակեցին նաեւ պետութիւն-արտահանող համագործակցութեան արդիւնաւէտ քայլեր կիրառելու վերաբերեալ:
Բայբուրդեանը ընդգծեց ամերիկեան շուկաներում հայկական սննդամթերքի ծաւալների աւելացման կարեւորութիւնն ու ամերիկեան խոշոր առեւտրային ցանցէր այդ արտադրանքի թափանցման անհրաժեշտութիւնը: Նա կարեւորեց նաեւ այդ ուղղութեամբ շուկայի շահագրգիռ մասնակիցների համագործակցութիւնը, որը թոյլ կը տայ համակարգուած` աւելի էական արդիւնքներ գրացել:
Սեմինարի մասնակիցները նշեցին, որ հայկական սննադամթերքի Ամերիկա արտահանելու գործում կարեւոր է շեշտը դնել որակի վրայ` վաճառքի բարձրակարգ շուկայում տեղաւորուելու համար: Մասնակիցները նաեւ քննարկեցին Հայաստանում արտադրուած ապրանքների` Ամերիկայի Սննդի եւ դեղորայքի վարչակարգի (FDA) սահմանած չափորոշիչներին համապատասխանութեան հարցը: Մասնակիցները կարեւորեցին հայկական արտադրողների եւ ներմուծողների կողմից Ամերիկայի սննդի եւ դեղորայքի վարչակարգի` Օտարերկրեայ մատակարարների վերահաստատման ծրագրին (Foreign Suppliers Verification Program) համապատասխանութիւնը:
Գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանը, ողջունելով գործարար քննարկման արդիւնաւէտ ընթացքը` աջակցութիւն յայտնեց հայկական արտադրանք ներկրող ընկերութիւններին` շարունակական ջանքերի եւ յաջորդիւ ծրագրուած միջոցառումների ճանապարհով: