ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրուած խնդիրներին։
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Պայմանաւորուած նոր վարչակազմի ձեւաւորմամբ եւ քաղաքական հիմնարար փոփոխութիւններով՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի եւ, ընդհանրապէս, Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների կառոյցի աշխատանքային ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.) շարունակում է բարձր մնալ։ Յունուարի 7ին յանձնախումբը, առանձին հաղորդագրութեամբ, շնորհաւորեց մեր ժողովրդի մեծ բարեկամ, Սենատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի համահեղինակ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի՝ Սենատի առանցքային յանձնաժողովներից մէկի՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ ընտրուելու առթիւ։
Յունուարի 13ին Հայ Դատի յանձնախմբին յղուած նամակով սենատոր Շելդոն Ուայթհաուսը, լիովին կիսել է յանձնախմբի մտահոգութիւնները՝ կապուած խաղաղ հայ բնակչութեան հանդէպ յարձակման ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործուած թուրքական անօդաչուների կազմութեան մէջ ամերիկեան արտադրամասերի առկայութեան հետ: Սենատորը կարծիք է յայտնել, որ ամերիկեան ընկերութիւնները պէտք է ձեռնպահ մնան, այնպիսի արտահանումներից, որոնք կարող են օգտագործուել յանցագործութիւնների կամ մարդու իրաւունքների խախտումների համար։
Յունուարի 19ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը կոշտ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ հեռացող վարչախմբին՝ Թուրքիայի հետ փոխըմբռնման յուշագիր ստորագրելու համար, ըստ որի ԱՄՆն ընդունում է Թուրքիայի իրաւունքները իր տարածքում այլ ժողովուրդների հսկայական մշակութային ժառանգութեան նկատմամբ։ Հայ Դատի յանձնախմբի քննադատութեանը միացել են նաեւ ամերիկայունական ղեկավարների խորհուրդը եւ Քրիստոնեաների պաշտպանութեան կազմակերպութիւնը։
Յունուարի 19ին Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ քննարկումներ են եղել ԱՄՆ Սենատում՝ նախագահ Բայդենի կողմից, իբրեւ պետքարտուղարի թեկնածու առաջադրուած Էնթնի Բլինքենի թեկնածութեան քննարկման ժամանակ։ Մասնաւորապէս, սենատոր Ռոբերտ Մենենդեզը ուշադրութիւն է հրաւիրել Թուրքիայի ապակառուցողական կեցուածքի վերաբերեալ իրեն յարակից գրեթէ բոլոր տարածաշրջաններում՝ Սիրիայում եւ Լիբիայում, Յունաստանի բացառիկ տնտեսական գօտու եւ Կիպրոսի սուվերեն (գերիշխանութեան-Խմբ.) ջրային տարածքներում։ Մենենդեզը յատուկ ուշադրութիւն դարձրեց Ղարաբաղեան վերջին պատերազմի վրայ՝ Դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ու պատերազմական գործողութիւններ հրահրելը:
Սենատորը հետաքրքրուեց, թէ արդեօք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերո՞վ» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց. «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպէս դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպէս, ինչպէս պէտք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարեւոր մարտահրաւէր է, եւ մենք դրան շատ յստակ ենք նայում»։
եՄենենդէզը նաեւ յոյս է յայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը՝ նկատելով, թէ ինչ դժուար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանութեան յուշահամալիր եւ չարտասանել Ցեղասպանութիւն բառը։ Սենատորը նաեւ կարծիք է յայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։
Յունուարի 20ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, պաշտօնավարումը ստանձնելու առթիւ շնորհաւորելով նախագահ Բայդենին, հրապարակել է ամերիկեան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթութիւնները։ Դրանք են՝ 250 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օժանդակութեան փաթեթ Արցախին, Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օժանդակութեան եւ ռազմական նշանակութեան արտադրանքի վաճառքի արգելք, Ալիեւի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Ադրբեջանի կողմից հայ բանտարկեալների ազատ արձակման գործում ամերիկեան գործուն դերակատարութիւն, Քրիստոնէական մշակութային ժառանգութեան պահպանութիւն, Արցախի անկախութեան ճանաչում, Հայաստան-Ամերիկա միջպետական յարաբերութիւնների վերակտիւացում։
Բլինքենի հետ ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ քննարկումները շարունակուել են նաեւ այլ՝ գրաւոր հարց-պատասխանի ձեւաչափով։
Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի քառամաս հարցմանն ի պատասխան՝ Բլինքենը «աջակցութիւն է յայտնել Հայաստանի անվտանգութեանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու տնտեսական աճի խթանմանն ուղղուած օգնութեան տրամադրմանը, նկատելով, որ դրանք կ՛օգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգութիւնն ու կայունութիւնը»: Բլինքենը նաեւ աւելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողութիւնների համատեքստում, վարչակազմը կը վերանայի ամերիկեան անվտանգային աջակցութիւնը Ադրբեջանին՝ նկատելով, որ եթէ որոշ հանգամանքներ հաստատուեն, Բայդեն-Հարիս վարչակազմը կը կասեցնի Ազատութեան աջակցութեան ակտի 907րդ յօդուածի պահանջների կատարումից հրաժարման գործընթացը։ Բլինքենը ընդգծել է իր յանձնառութիւնը՝ աշխատել Կոնգրեսի եւ պաշտպանութեան դեպարտամենտի (բաժանմունքի-Խմբ.) հետ՝ որոշելու տարածաշրջանի եւ Հայաստանի անվտանգութեան կարիքները բաւարարելու համար ԱՄՆ օժանդակութեան մակարդակը։
Ի պատասխան յանձնաժողովի նախագահ Մենենդեզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆի վերակտիւացման եւ նաեւ Հայաստանի հետաքրքրութիւններն արտայայտող լուծման հասնելու վերաբերեալ հարցին՝ Բլինքենը հաստատել է, որ ինքը «կը խթանի ԱՄՆ ներգրաւածութիւնը՝ հասնելու Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական լուծմանը, որը կ՛ապահովի Ղարաբաղի անվտանգութիւնը եւ կը բացառի նոր պատերազմի բռնկումը։ Ասուածը ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրաւուածութեան ակտիւացումը, որի համանախագահ է Միացեալ Նահանգները, եւ լրացուցիչ դիւանագիտական աշխատանք` երրորդ կողմերի յետագայ միջամտութիւնը կանխելու համար»:
ԵՒՐՈՊԱ
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը Յունուարի 15ին հանդէս եկաւ յայտարարութեամբ, որը վերաբերում էր Յունուարի 11ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի կողմից ստորագրուած եռակողմ յայտարարութեանը, որը, ըստ գրասենեակի, անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգութեան վերաբերեալ անորոշութիւնը: Գրասենեակն իր խորը մտահոգութիւնն է յայտնում եռակողմ հանդիպման արդիւնքի վերաբերեալ, որը 2020 թ. Նոյեմբերի 9ի հրադադարի փաստաթղթի 8րդ կէտի, այն է՝ հայ ռազմագերիների եւ պահուող անձանց վերադարձի խնդրի ուղղութեամբ որեւէ առաջընթաց չգրանցեց: Գրասենեակը նաեւ ուշադրութիւն է հրաւիրել Հայաստանի միջոցով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կառուցման հարցում Հայաստանի համաձայնութեան հետ՝ նկատելով, որ դա այս փուլում բազմաթիւ հարցեր է առաջացնում Հայաստանի աւելի լայն անվտանգութեան եւ ինքնիշխանութեան տեսանկիւնից:
Անցնող ամսուայ ընթացքում կարեւոր նշանակութիւն ունեցան Եւրոպական Խորհրդարանի կողմից ընդունուած ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան (CFSP) եւ ԵՄ ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականութեան (CSDP) տարեկան զեկոյցներում ղարաբաղեան հակամարտութեանը վերաբերող շեշտադրումները։ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է այս երեք զեկոյցները, որտեղ կարեւոր հարցեր են բարձրացւում: Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղութեան հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագայ կարգավիճակը որոշելու գործընթացը պէտք է ղեկավարուի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից եւ հիմնուած լինի կարգաւորման հիմնարար սկզբունքների վրայ:
Զեկոյցը նաեւ ընդգծում է Արցախում հայ բնակչութեան եւ մշակութային ժառանգութեան անվտանգութիւնն ապահովելու, ինչպէս նաեւ հումանիտար օժանդակութեան տրամադրման հրատապ անհրաժեշտութիւնը։
Եւրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաեւ խստօրէն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպէս նաեւ Սիրիայից օտարերկրեայ ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանին օժանդակելը։
Այս զեկոյցների վերաբերեալ ադրբեջանական լրատուամիջոցները հերթական ապատեղեկատուութիւնն են տարածել, թէ իբր զեկոյցներից մէկում օգտագործւում է «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա (գրաւում-Խմբ.)» ձեւակերպումը։ Այդ եւ ադրբեջանական քարոզչամեքենայի այլ ապատեղեկատուութիւնները հերքել եւ ընդունուած բանաձեւերի իրական բովանդակութիւնը եւ քաղաքական շեշտադրումները «Արմէնպրես»ի հետ զրոյցում ներկայացրել է Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանը։
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակից նաեւ տեղեկացնում են, որ Յունուարի 22ին Եւրոպական ժողովրդավար իրաւաբանների եւ մարդու իրաւունքներով զբաղուող կազմակերպութիւնների ասոցացիան (միութիւնը-Խմբ.) Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան մօտ կազմակերպել էր բողոքի ցոյց՝ ընդդէմ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակի։ Նրանք նաեւ Դատապարտել են Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան (յարձակումը-Խմբ.) եւ երկրի իշխանութիւններին կոչ արել հաւատարիմ մնալ մարդու իրաւունքների հանդէպ յարգանքին։ Պայմանաւորուած մարդու իրաւունքների վիճակով՝ Ադրբեջանն այս տարի յայտնուել է այդ ասոցացիայի գործունէութեան դիտանկիւնում։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի ջանքերով Յունուարի 18ին Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ քննարկում անցկացուեց Լորդերի պալատում։ Հակամարտութեան գօտում իրավիճակի վերաբերեալ կառավարութեանը հարցում է կատարել բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը։ Քննարկուել են Ադրբեջանին պատասխանատուութեան կանչելու վերաբերեալ ՄԹ անելիքները եւ հումանիտար այնպիսի կազմակերպութիւնների՝ Արցախ մուտքի հնարաւորութեան հարցը, ինչպիսին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութիւնն է, որպէսզի հնարաւոր լինի խուսափել էթնիկ զտումներից։ Բազմաթիւ խորհրդարանականներ դէմ են արտայայտուել Ցեղասպանական գործողութիւններին, մշակութային յուշարձանների ոչնչացմանը, պատերազմական յանցագործութիւններին, ռազմագերիների պահմանը եւ առնչակից այլ հանգամանքների։
Բաքւում հայկական ջարդերի 30ամեակի կապակցութեամբ յանձնախումբը տարածել է յատուկ հաղորդագրութիւն՝ ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ Ադրբեջանը շարունակում է իր հիմնական նպատակի՝ Արցախի բնակչութեանը Ցեղասպանութեան ենթարկելու ուղղութեամբ քաղաքականութիւնը։
ՅՈՒՆԱՍՏԱՆ
Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը Յունուարի 7ին յայտնեց՝ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական կազմակերպութեան հետ համատեղ Հայաստան ուղարկուող երկրորդ հումանիտար (մարդասիրական-Խմբ.) օժանդակութեան մասին։ Օժանդակութիւնը գոյացել էր տարբեր բարերարների եւ կազմակերպութիւնների նուիրատուութիւնների շնորհիւ, իսկ փոխադրմանն օժանդակել էր Յունաստանի պետութիւնը։
ԿԻՊՐՈՍ
Կիպրոսի Հայ Դատի յանձնախումբը յայտնում է, որ Յունուարի 13ին Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համանախագահ Լուկաս Ֆուրլասը Եւրոպական յանձնաժողովին է ներկայացրել Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ ադրբեջանական յարձակման փաստը՝ կոչ անելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց ու պաշտամունքային կենտրոնները։
Կիպրական Պաֆոս քաղաքում դեռեւս առկայ էր մի փողոց, որն անուանակոչուած էր Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Թալէաթ փաշայի անունով։ Յանձնախմբի ջանքերով եւ Պաֆոսի քաղաքային խորհրդին հասցէագրուած նամակի արդիւնքում փողոցը վերանուանուեց Տիկէոսինիսի (արդարութեան) փողոցի։
Հաշուի առնելով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մէկը կրում է BOZ KURT (գորշ գայլեր) անուանումը, դիմեց Լառնագայի քաղաքապետարան, յայտնելով յանձնախմբի վրդովմունքը։ Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրոյցի ընթացքում ներկայացուել են փողոցի անուանափոխութեան համար հիմք հանդիսացող պատճառները։ Փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննարկուելու է քաղաքի աւագանու կողմից։ Հայ Դատի յանձնախումբն ուշադրութեամբ հետեւում է գործընթացին։
Յունուարի 28ին Հայ Դատի Աւստրիայի եւ Գերմանիայի յանձնախմբերի նախաձեռնութեամբ կայացաւ առցանց քննարկում, որին, որպէս բանախօսներ, մասնակցում էին ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը եւ Վիեննայի հայ աառաքելական համայնքի հոգեւոր հովիւ Անդրէաս քահանայ Իսախանեանը։ Քննարկմանը մասնակցում էին Աւստրիայում եւ Գերմանիայում գործող համայնքային կառոյցների միութիւնների շուրջ 55 ներկայացուցիչներ։
Քննարկուեցին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած բոլոր ներքին եւ արտաքին զարգացումները, մասնաւորապէս, պատերազմի հետեւանքներն ու սահմանագծման գործընթացը, ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օրէցօր ահագնացող վտանգները եւ դրանք դիմագրաւելու համար հայութեան կողմից ձեռնարկուելիք քայլերը։
ԿԱՆԱՏԱ
Հայ Դատի Կանադայի, Ամերիկայի, Եւրոպայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի կազմակերպմամբ Յունուարի 16ին անցկացուեց «Պատերազմական յանցագործութիւններ, մշակութային Ցեղասպանութիւն եւ կրօնական ազատութիւններ» խորագրով հանրային առցանց քննարկում։ Քննարկման բանախօսներն էին Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների նախկին պաշտպան, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարեանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցի դոկտոր Էլլիզաբեթ Փրոդորմօն, Կոլորադոյի համալսարանից Սիմոն Մաղաքեանը եւ Քարդուսի համալսարանից Հայր Անդրիւ Բեննեթը։
ԱՒՍՏՐԱՄԻԱ
Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը շուրջ երկու ամիս առաջ հանրային խնդրագիր (petition) էր հրապարակել, որով աւստրալիական խորհրդարանին եւ կառավարութեանը կոչ էր արւում ճանաչել Արցախի ժողովրիդի ինքնորոշման իրաւունքը։ Յունուարի 13ի դրութեամբ, երբ խնդրագրի լրացման վերջնաժամկէտը սպառուեց, դրան միացած անձանց թիւը 3164 էր։ Խնդրագիրը տեղադրուած էր Աւստրալիայի Խորհրդարանի պաշտօնական էջում։
Յանձնախմբից նաեւ յայտնում են, որ Աւստրալիայի Խորհրդարանի պատգամաւոր, Հայաստան-Աւստրալիա միջխորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար Ջոնաթան Օդի՛ն խստիւ քննադատել է Ադրբեջանում տիրող ատելութիւնը հայ բնակչութեան եւ հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, ինչը դրսեւորւում է յատկապէս Արցախում։ Խորհրդրարանականը, իբրեւ հակամարտութեան լուծման բանաձեւ, վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացուած կարգաւորման երեք հիմնարար սկզբունքները։
ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔ
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Յունուարի 25ին Լիբանանում Սաուդեան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին յղուած նամակով ողջունեց ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի (ժոզովի-Խմբ.) կողմից «Կրօնական վայրերը պաշտպանելու համար խաղաղութեան եւ հանդուրժողականութեան մշակոյթի խթանում» խորագրով բանաձեւի ընդունումը: Բանաձեւը ներկայացուել էր Սաուդեան Արաբիայի կողմից։ Այն Դատապարտում է կրօնական վայրերի եւ խորհրդանիշների նկատմամբ բռնութիւնները, սպառնալիքները, այդ վայրերի քանդումը, դրանք վնասելը կամ վտանգելը:
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը յիշեցրեց, որ ղարաբաղեան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Արցախի հայկական մշակութային եւ կրօնական կոթողներին հասցւում են դիտաւորեալ վնասներ, որոնք յիշեցնում են 2005-2006 թթ. ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հազարաւոր խաչքարերի քանդումը։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքները՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք արդէն իսկ վերաճում են կոնկրետ (յստակ-Խմբ.) բանաձեւերի ընդունումների։
Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենեակ
01.02.2021