ԵՐԵՒԱՆ.- ՀՄԸՄ-ՀԱՍԿի վարչութիւնը 1 Փետրուարին հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը, որուն մէջ կ՛անդրադառնայ Արցախէն տեղահանուած արցախցիներուն օժանդակութեան իր ծրագիրներուն.
«2020 թուականի Հոկտեմբեր 4ից, ՀՄԸՄ-ՀԱՍԿի վարչութեան նախաձեռնութեամբ եւ ՀՄԸՄի Կենտրոնական վարչութեան հաստատումով եւ հովանաւորութեամբ` սկսուեց Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդիւնքում տեղահանուած արցախցի ընտանիքների օժանդակութեան ծրագիրը, որը իրականացուեց եւ դեռ շարունակւում է մի քանի ուղղութիւններով եւ փուլերով: Ծրագիրը իրագործւում է ՀՄԸՄ աշխարհասփիւռ կառոյցի եւ անհատ նուիրատուների նուիրատուութեամբ:
«Ստորեւ ներկայացուած է ծրագրի արդիւնքները ամփոփուած մինչեւ 2021 թուականի Յունուարի 31ը:
«- Հոկտեմբեր 4, 2020ից սկսուած այս ծրագրով բաշխուել է 740 սննդեղէնի եւ հիգենայի պարագաների փաթեթներ` 1480 տոպրակ` 22,200 քիլոկրամ ապրանք 3655 հոգու, 8 տոննա կարտոֆիլ եւ կաղամբ.
«-Արցախցի երեխաներին տրուել է գրենական պիտոյքների 150 փաթեթ.
«-Արցախցի երեխաներին բաժանուել է 200 հատ խաղալիք.
«-Ամանորեայ ծրագիր Արցախցի երեխաների եւ ՀՄԸՄ ՀԱՍԿի գայլիկների մասնակցութեամբ միջոցառում 2 փուլով` 4-8 եւ 9-12 տարեկանների համար: Աւարտին բաժանուել են 350 տոպրակ նոր տարուայ նուէրներ.
«-Արցախցի ընտանիքների համար նոր տարուայ յատուկ փաթեթ, որը պարունակում էր 20 հազար դրամանոց «Կարֆուր» սուպերմարկետների ցանցից գնման քարտ եւ 20 հազար դրամ կանխիկ գումար, եւ նոր տարուայ տօնական սնունդ: Այս միջոցառումից օգտուել է 350 ընտանիք:
«-Երեխաների ամանօրեայ միջոցառումից ստացուած «Սկաուտ Ձմեռ պապիկին նամակ» ծրագրի շրջանակներում 32 երեխաների համար իղձերի իրականացում.
«-Մեծ քանակութեամբ հագուստեղէնի եւ երեխաների տակդիրների բաշխում.
«- Զինուորների համար տաք հագուստ եւ առաջին բուժօգնութեան պարագաներ.
«Այս օրերին իրականացւում են այցելութիւններ մեզ մօտ գրանցուած եւ դեռեւս Հայաստանում գտնուող ընտանիքներին, մօտից ծանօթանալու իրենց կենսական պայմաններին եւ պահանջներին, որի արդիւնքում հնարաւոր կը լինի վերանայել ՀՄԸՄ ՀԱՍԿի կողմից իրականացուող ծրագրերի ուղղութիւնները եւ աւելի նպատակային դարձնել յատկացուող օժանդակութեան տեսակը:
«Շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր նուիրատուներին, մշտապէս մեր կողքին լինելու եւ այս կարեւորագոյն ծրագրին սատարելու համար»: