ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Եւրոպական դատարանի պաշտպանութեան ներքոյ գտնուող ռազմագերիների կամ գերիների կեանքի կամ առողջութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն դատարանի կողմից որակուելու է որպէս պատերազմական յանցագործութիւն եւ այս դէպքում հէնց միջազգային հանրութիւնն է պատասխանատու լինելու այդ յանցանքների կատարման համար պատասխանատու անձանց եւ Ատրպէյճանին միջազգային պատասխանատուութեան ենթարկելու համար, ինչը բնականաբար չի բխում Ատրպէյճանի լաւագոյն շահերից», մեզ հետ զրոյցում ընդգծում է ՄԻԵԴում հայ ռազմագերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանոյշ Սահակեանը:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Յարգելի Սիրանոյշ, Արցախի պատերազմի ընթացքում գերութեան մէջ յայտնուած փաստացի քանի՞ քաղաքացիական անձ եւ զինծառայողներ ունենք: Եւրոպական դատարանում հայ գերիների իրաւունքների պաշտպանութեան գործընթացն ի՞նչ շօշափելի արդիւնքներ է գրանցել:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Գերութեան մէջ յայտնուած անձանց յստակ քանակի մասին խօսելը դժուար է, քանի որ անընդհատ տեղեկութիւններ են ստուգւում եւ նոր գերեվարման հանգամանքներ պարզւում: Այս պահին ունենք գերեվարման շուրջ 60 դէպք, որոնք ներկայացուել են Եւրոպական դատարանին: Այդ գործերի 20 տոկոսը վերաբերում է քաղաքացիական անձանց, իսկ մնացեալ 80 տոկոսը ռազմագերիներին: Ընդ որում, 40 գերեվարուած անձանց իրաւունքների պաշտպանութիւնն իրականացւում է անհատական գանգատների միջոցով: Ըստ էութեան, առաջին անգամ մենք փորձարկեցին Մարդու Իրաւունքների Եւրոպական դատական մեխանիզմը, որը տուեց դրական արդիւնքներ: Մինչեւ գերեվարուած անձանց իրաւունքների հարցով վճիռ կայացնելը Եւրոպական դատարանը կիրառեց հրատապ միջոց՝ պահանջելով Ատրպէյճանին ձեռնպահ մնալ նրանց կեանքի դէմ ոտնձգութիւններից եւ տրամադրել պատշաճ բուժօգնութիւն: Դատարանը նաեւ տեղեկութիւններ է պահանջել գերեվարուած անձանց պահման պայմանների եւ հայրենադարձման հնարաւոր ժամկէտների վերաբերեալ:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ գերիների կեանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած ձեր ջանքերն իրենց նպատակակէտին են հասնում: Փոխհատուցման հեռանկար կա՞յ:
ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Կարծում եմ, որ մենք հասել ենք շօշափելի արդիւնքի, քանի որ Եւրոպական դատարանը հայ գերիների եւ ռազմագերիների կեանքն ու առողջութիւնը վերցրել է յատուկ պաշտպանութեան տակ: Ի հարկէ, Ատրպէյճանն աչքի չի ընկնում իրաւունքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների յարգման բարձր ցուցանիշներով, ուստի ապօրինութիւններն ու կամայականութիւնները բացառուած չեն: Այստեղ, սակայն, պէտք է նկատի ունենանք իրաւաքաղաքական հետեւանքները: Եւրոպական դատարանի պաշտպանութեան ներքոյ գտնուող ռազմագերիների կամ գերիների կեանքի կամ առողջութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն դատարանի կողմից որակուելու է որպէս պատերազմական յանցագործութիւն եւ այս դէպքում հէնց միջազգային հանրութիւնն է պատասխանատու լինելու այդ յանցանքների կատարման համար պատասխանատու անձանց եւ Ատրպէյճանին միջազգային պատասխանատուութեան ենթարկելու համար, ինչը բնականաբար չի բխում Ատրպէյճանի լաւագոյն շահերից: Բացի այդ եւրոպական դատարանը պարտաւորեցնելու է Ատրպէյճանին փոխհատուցել արձանագրուած խախտումների հետեւանքով հայ զոհերի կրած նիւթական եւ բարոյական վնասները:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.– Ինչպէ՞ս է կազմակերպւում հայ գերիների տուեալների փաստագրումը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք տարաբնոյթ աղբիւրներից տեղեկութիւններ ենք ստանում անյայտ կորած զինծառայողների կամ գերիների վերաբերեալ: Յաճախ կապ են հաստատում հէնց ընտանիքի անդամներն ու ազգականները, որոնք տրամադրում են իրենց յայտնի հանգամանքների վերաբերեալ տեղեկութիւններ: Կատարում ենք վերլուծութիւններ, փաստերի ստուգմանն ու նոր փաստական տուեալների հաւաքմանն ուղղուած աշխատանքներ: Մշտադիտարկման ենք ենթարկում սոցիալական մետիան: Կարեւոր նշանակութիւն ունեն տարածուող տեսանիւթերը, սակայն, նախքան դրանց օգտագործումը, մենք ստուգում ենք դրանց իսկութիւնն ու արժանահաւատութիւնը:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ատրպէյճանցիները լրատուադաշտը ողողել են հայ գերիների, զոհուածների անմարդկային խոշտանգումների ծաղրական տեսանիւթերով: Այս յանցագործութիւնների հեղինակները կը կանգնե՞ն դատարանի առջեւ: Չէ՞ որ այս պատերազմն իր բնոյթով սոսկ վիճելի տարածքների պատերազմ չէր, այլեւ՝ արցախահայութեան գոյութեանն ուղղուած սպառնալիք:
ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Իրօք, Ատրպէյճանական կողմն իրեն չի կաշկանդում իրաւունքով կամ միջազգային մարդասիրական կանոններով եւ ցանկանում է անմիջապէս ստանալ առաւելութիւններ, այդ թւում հոգեբանական: Ոգեւորութեան պահերին կատարած իրենց անողջամիտ քայլերի երկարաժամկէտ հետեւանքները Ատրպէյճանի իշխանութիւնները թեթեւամտօրէն անտեսում են: Վստահ եմ, որ մարդու իրաւունքերի խախտումներն անպատիժ չեն մնալու եւ Ատրպէյճանը կանգնելու է ոչ միայն դատարանի առջեւ, այլ նաեւ յայտնուելու է վտանգաւոր փակուղիներում: Յիշում եք, որ ոճրագործ Սաֆարովին հերոսացնելով երկար ժամանակ ատրպէյճանական հասարակութիւնը հրճուանք էր ապրում, սակայն Եւրոպական դատարանը ոչ միայն արձանագրեց, որ Ատրպէյճանը խախտել է կեանքի իրաւունքը, այլ նաեւ փաստեց, որ ատելութեան հողի վրայ կատարուած դաժան յանցանքի համար դատապարտուածի անպատժելիութիւնը եւ հերոսացումը Ատրպէյճանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից իրականացուել է զոհերի ազգային պատկանելութեան հիմքով: Արդիւնքում, վճռի կատարման շրջանակում Ատրպէյճանը միջազգային ճնշման ներքոյ ստիպուած է լինելու կամ իր իսկ ձեռքերով պատժել սեփական «հերոսին» եւ վերափոխել հասարակութիւնը կամ ենթարկուել միջազգային պատժամիջոցների: Նոյն հետեւողականութեամբ մենք ապահովելու ենք, որ արցախցիների նկատմամբ միջազգային յանցագործութիւններ կատարած անձինք ենթարկուեն պատասխանատուութեան:
«Ակօս»