Ամերիկայի Միացեալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղեան հակամարտութեան գօտում խաղաղապահներ տեղակայել Սկանդինաւեան երկրներից, այս մասին, Հոկտեմբերի 30ին, Փասադենայում յայտարարել է ԱՄՆի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայեանը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ կազմակերպել էր Լոս Անջելեսի գաւառի կառավարիչ Քեթրին Բըրգըրը, եւ որին ներկայ էր նաեւ ԱՄՆ Ծերակոյտի անդամ Մայք Լին:
Ափսոսանք յայտնելով, որ հրադադարի երեք պայմանաւորուածութիւններն այդպէս էլ չիրականացուեցին՝ Օբրայեանը նշել է, թէ հրադադարի երկարատեւ պահպանումը դժուար է պատկերացնել, եթէ դրանում ներգրաւուած չեն տարբեր ազգերից խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ «Խաղաղապահ որեւէ առաքելութիւն չպէտք է կազմուած լինի Մինսկի խմբի անդամ, ներառեալ՝ համանախագահ երկրներից, որոնց թւում նաեւ Միացեալ Նահանգները։ Թուրքիայի ցանկացած միջնորդութիւն կամ խաղաղապահ առաքելութիւն ընդունելի չէ ԱՄՆի, ինչպէս նաեւ Հայաստանի համար: Մենք դիտարկում ենք սկանդինաւեան երկրներից խաղաղապահների տեղակայման հարցը հակամարտութեան շփման գծում», յայտնել է Օբրայեանը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականն իր խօսքում անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից մի շարք տարածքների գրաւմանը շփման գծի հիւսիսային եւ հարաւային ուղղութիւններով՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Թուրքիայի օգնութեամբ: «Ադրբեջանը շարունակում է տարածքներ գրաւել եւ որեւէ նշան չկայ, որ հակուած է դադարեցնել իր յարձակողական ռազմական արշաւը մօտ ապագայում: Ադրբեջանն օգտագործել է նաւթի արդիւնահանումից ստացած գումարները՝ աւելի ժամանակակից զինտեխնիկա գնելու համար, եւ նրանք տեխնիկական ու խորհրդատուական աջակցութիւն են ստանում Թուրքիայից։ Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահաւատ տուեալներ, որ Թուրքիան զինեալների է տեղակայել Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից» հակամարտութեան գօտում», յայտնել է Ռոբերտ Օբրայեանը։
Ամերիկացի գործիչը յայտարարել է, որ ԱՄՆի կողմից յստակ է, որ համակարտութեանը ռազմական լուծում չունի, եւ կողմերը պէտք է համաձայնուեն հրադադարին ու սկսեն առանց նախապայմանների բանակցութիւններ: «Սա մասնաւորապէս վերաբերւում է Ադբեջանական կողմին, որ վարանում է առանց նախապայմանների հրադադարի հարցում: Մինսկի խմբի շրջանակներում, երկու կողմն էլ պէտք է պատրաստ լինեն դժուար փոխզիջումների՝ խաղաղութեան հասնելու համար: ԱՄՆն հաւատում է, որ հարցը պէտք է լուծուի՝ հիմնուած երեք կարեւոր սկզբունքների վրայ, այն է՝ ուժի չկիրառում, երկրների տարածքային ամբողջականութեան եւ հաւասարութեան ու ժողովուրդների ինքնորոշման իրաւունք», յայտարարել է Օբրայեանը: Նա ամփոփել է իր խօսքը՝ նշելով, որ ԱՄՆն ցանկանում է խաղաղութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի ժոովուրդների համար, եւ յուսով է, որ հարցը կը լուծուի դիւանագիտական ճանապարհով: