ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Ուղիղ 26 տարի առաջ, Մայիսի 12ին, Բիշքեքի արձանագրութիւններից ստորագրումից մի քանի օր անց ուժի մէջ մտաւ արցախեան պատերազմի հրադադարը, որն այդպէս էլ չվերածուեց խաղաղութեան պայմանագրի:
Ինչո՞ւ խաղաղութեան պայմանագիրը չի ստորագրուել առ այսօր, ո՞վ պէտք է այն ստորագրի եւ ինչպէ՞ս այն կ’ազդի տարածաշրջանի ներկայիս կառուցուածքի վրայ:
26 տարի բանակցութիւններ են ընթանում, առաջարկուել են կարգաւորման ամենատարբեր տարբերակներ, բայց դրանցից որեւէ մէկն անգամ մօտ չի եղել հակամարտութեան առաջնային պատճառին: Հակամարտութիւնը ծագել է, որովհետեւ Թուրքիան ու Ռուսաստանը 100 տարի առաջ իրենց միջեւ բաժանեցին հայկական հողերը:
Չկան ոչ Ռուսական կայսրութիւնը, ոչ Խորհդային Միութիւնը, բայց մինչ օրս Հայաստանի սահմանները եւ հայկական հողերի պատկանելութիւնը որոշւում են 100 տարի առաջուայ ռուս-թուրքական ոչ լեգիտիմ (օրինական- Խմբ.) պայմանագրերով:
100 տարի անց տարածաշրջանում լրիւ այլ վիճակ է ստեղծուել. Ադրբեջանը դադարել է Մեծ Բրիտանիայի «նաւթային տակառը» լինելուց, Հայաստանն այլեւս չի ընկալում Ռուսաստանին որպէս թուրքական եաթաղանից «փրկիչ», համաշխարհային կենտրոնները յամառօրէն չեն ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ յայտարարելով, որ ամէն ինչ պէտք է լուծուի բանակցութիւնների ժամանակ:
Ինչի՞ շուրջ կարող են ընթանալ բանակցութիւնները: Խաղաղութեան պայմանագիրը վերջ կը դնի ռուս-թուրքական պայմանաւորուածութիւններին: Մոսկուան ու Անկարան Բաքուի օգնութեամբ փորձում են պահպանել այդ կառուցուածքը:
Այն պահին, երբ Հայաստանը հրապարակային կասկածի տակ դնի ռուս-թուրքական պայմանագրերը եւ Ղարաբաղի մասին խորհրդային կառավարութեան որոշումները, ռուս-թուրքական համաձայնութիւնը կը փլուի: Այդ օրը մօտենում է:
«ԼՐԱԳԻՐ»