ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս»․- «Քորոնա» ժահրի համաճարակին դէմ պայքարին աջակցութիւն ցուցաբերելու նպատակով, բարերար Ճեք Եուրէճեան Հայաստանի Հանրապետութեան անունով Լոս Անճելըս քաղաքին նուիրեց 100,000 բժշկական դիմակներ։ Այս մասին հաղորդագրութիւն տարածած Լոս Անճելըսի մօտ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը կը յայտնէ հետեւեալը.
«Այս ծրագիրը Լոս Անջելեսի քաղաքային իշխանութեանը կ՛օգնի մեղմել համաճարակի հետեւանքները եւ դիմագրաւել վարակին։ Այս կարեւոր նախաձեռնութեան հեղինակը լոսանջելեսահայ յայտնի բարերար Ճեք Եուրէճեանն է, որը հանդիսանում է Western Drug ընկերության հիմնադիրը եւ գործադիր նախագահը։ Նա եւ իր տիկին Զարիկը նաեւ կարեւոր ծրագիր են իրականացնում Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գիւմրիում՝ երկրաշաժից տուժած ընտանիքներին ապահովելով բնակարանով, ինչպես նաեւ աջակցելով երեխաներին՝ հասնել ակադեմիական յաջողութիւնների, ծրագրաւորել ապագան եւ մասնակցել մասնագիտական դասընթացների։
«Լոս Անջելեսի միջազգային համագործակցութեան հարցերով փոխքաղաքապետ, դեսպան Նինա Խաչիկեանի եւ ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանի համակարգմամբ, դիմակները մատակարարուել են Լոս Անջելեսի բժշկական հաստատութիւններին եւ խոցելի խմբերին։ Այս նախաձեռնութիւնն ընդգծում է Հայաստանի եւ Ամերիկայի երկրորդ խոշորագոյն քաղաքի միջեւ զարգացում ապրող ամուր գործընկերութիւնը, որը փոխադրուեց նոր՝ աւելի բարձր մակարդակի 2019ի Սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Լոս Անջելես կատարած այցի ընթացքում, որի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ՀՀ վարչապետին հիւրընալեց յատուկ ջերմութեամբ։ COVID-19-ի դէմ պայքարը փոքրացրել է աշխարհը, եւ մոլորակի բնակիչները միաւորուել են՝ դիմագրաւելու մահաբեր համավարակին։
«Հայաստանը եւ Լոս Անջելեսը կապուած են անքակտելի կապերով, եւ այս առատաձեռն նուէրը կ՛օգնի պաշտպանել խոցելի խմբերին պատկանող լոսանջելեսցիներին եւ բուժհաստատութիւնների աշխատակիցներին, որոնք ցուցաբերում են անհաւատալի քաջութիւն եւ կեանքեր փրկելու գործում բացառիկ վճռականութիւն», ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին»։