Ինչո՞ւ Փաշինեանը Արցախում Նախընտրեց Արայիկ Յարութիւնեանին
Վարեց՝ ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Մարտի 31ին Արցախում անցկացուեցին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Նախագահի 14 թեկնածուներից եւ ոչ մէկը չյաղթահարեց 50 տոկոսի շեմը: Նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը հաւաքեց ձայների 49.3 տոկոսը, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը ՝ 26.4 տոկոսը: 14.7 տոկոսով երրորդ տեղում էր Արցախի հերոս եւ գեներալ Վիտալի Բալասանեանը, որին աջակցում էին Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը: 33 տեղանոց խորհրդարան մտան հինգ կուսակցութիւններ, որոնցից առաւելագոյնը՝ 16 մանդատ, ունի Արայիկ Յարութիւնեանի «Ազատ հայրենիքը»:
Լրագրող եւ Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտութեան ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր Էմիլ Սանամեանը «Սիվիլնեթ»ի Կարէն Յարութիւնեանի հետ խօսում է Արցախի ներկայիս քաղաքական զարգացումների շուրջ։
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ղարաբաղում նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ տարբեր գնահատականներ եղան: Որոշ դիտորդներ (որոնք ՀՀ կառավարութեան կողմից ֆինանսաւորում են ստացել դիտորդական առաքելութիւն իրականացնելու համար) յայտնեցին մի շարք ընտրախախտումների մասին: Միեւնոյն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը բարձր գնահատեց ընտրութիւնների որակը եւ արդիւնքը՝ շեշտելով այն փաստը, որ որեւէ կուսակցութիւն շռնդալից յաղթանակ չի տարել, ինչը «ժողովրդավարութեան ապացոյց է»: «Բաւական խօսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով՝ 2րդ եւ 3րդ տեղերը զբաղեցրել են ոչ թէ իշխանական, այլ ընդդիմադիր ուժերը»,- ասաց Փաշինեանը։ Ո՞րն է ձեր դիտարկումը այս ընտրութիւնների անցկացման վերաբերեալ:
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Եթէ շռնդալից յաղթանակ չլինելու փաստը ժողովրդավարութեան նշան է, ապա 1998ից ի վեր Հայաստանը ժողովրդավարական է, քանի որ ո՛չ Ռոպերթ Քոչարեանը, ո՛չ Սերժ Սարգսեանը, ո՛չ էլ Հանրապետական կուսակցութիւնը երբեւէ շռնդալից չեն յաղթել: Ի դէպ, ի տարբերութիւն Հայաստանում գործող ներկայ իշխող կուսակցութեան: Ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինեանը նոյն չափանիշը կ’օգտագործէր Հայաստանի ընտրութիւնները գնահատելու համար։
Ճիշդ է, որ մրցակցային քաղաքական միջավայրը առողջ ժողովրդավարութեան անհրաժեշտ նախապայման է: Այդ իմաստով այն փաստը, որ 2020ի ընտրութիւնները Արցախում երբեւէ անցկացրած ամենամրցակցային համապետական ընտրութիւններն էին, անշուշտ, քայլ է դէպի ժողովրդավարութիւն, բայց ո՛չ հաստատուած ժողովրդավարութեան ցուցիչ, առաւել եւս՝ անշրջելի:
Նաեւ փաստ է, որ ճիշդ այնպէս, ինչպէս Հայաստանի Հանրապետութիւնում կամ ցանկացած այլ երկրում ընտրութիւններում, Արցախի քաղաքացիներից շատերը եւս յոյս ունէին աւելի էական փոփոխութիւնների Արցախի կառավարաման գործում, եւ նրանք աջակցում էին թեկնածուներին, որոնք չյաղթեցին։ Նրանք հիասթափուած են ընտրութիւնների արդիւնքից ու նաեւ՝ Փաշինեանի դիրքորոշումից:
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Չնայած Հայաստանի ղեկավարութիւնը պնդում էր, որ չի սատարելու որեւէ թեկնածուի կամ կուսակցութեան, նկատելի էր «դրական չէզոքութիւն» Արցախի Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանի նկատմամբ: Աւելին, հայաստանեան վերնախաւի որոշ շրջանակներ ոչ բացայայտ աջակցում էին Յարութիւնեանին, որին աջակցում էր նաեւ Ղարաբաղի գործող նախագահը: Ըստ ձեզ՝ Արայիկ Յարութիւնեանը «լաւագոյն տարբերա՞կն» էր Փաշինեանի համար: Ինչու՞ Փաշինեանը խաղադրոյք չարեց արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի վրայ, որը, ի թիւս այլ բաների, քաղաքացիական հասարակութիւնում աշխատելու անցեալ ունի ու, թերեւս, մտածելակերպով ու արժեհամակարգով աւելի մօտ է Երեւանի յեղափոխական տղաներին:
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Ես համաձայն եմ Թաթուլ Յակոբեանի վերջին սիւնակում այն տեսակէտի հետ, որ Յարութիւնեանն աւելի յաջողակ էր Երեւանում լոբբինգով զբաղուելու հարցում: Դրա համար ես տեսնում եմ մի քանի պատճառ: Քաղաքական այն իրողութիւնը, երբ Յարութիւնեանն ի վիճակի եղաւ համախմբել իր համակիրներին ու բերել Փաշինեանի՝ 2018ի Օգոստոսին Երեւանում եւ մէկ տարի անց նաեւ Ստեփանակերտում հանրահաւաքներին, կարծում եմ, վճռական գործօն էր: Մայիլեանը չէր կարող նման որեւէ բան անել, յատկապէս՝ արտգործնախարարի պաշտօնում գտնուելու ժամանակ: Մէկ այլ փաստարկ կարող է լինել այն, որ Փաշինեանը չցանկացաւ շատ հրապարակայնօրէն նախապատուութիւնը տալ մի թեկնածուի, եւ դա Յարութիւնեանին հնարաւորութիւն տուեց ֆաւորիտ (նախընտրելի- Խմբ.) լինելու Մայիլեանի նկատմամբ: Նման բան տեղի ունեցաւ նաեւ ՏԻՄ ընտրութիւններում՝ 2018ին՝ Կապանում, եւ անցեալ տարի՝ Ստեփանակերտում: Վերջապէս, Յարութիւնեանը ցուցաբերել է աւելի մեծ կարողութիւն՝ աշխատելու Հայաստանի քաղաքական գործիչների հետ՝ լինելով աւելի շատ վարչարար, քան քաղաքական գործիչ: Այդ իմաստով Փաշինեանի ընտրութիւնը` յօգուտ Յարութիւնեանի, տարբեր չէ Սերժ Սարգսեանի կողմից 2007ին Բակօ Սահակեանին Մասիս Մայիլեանի փոխարէն նախապատուութիւն տալուց։
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ Մայիլեանը մասնակցեց ընտրութիւններին, որպէսզի թոյլ չտայ Բալասանեանին՝ խանգարել Յարութիւնեանին։ Առանց Մայիլեանի հնարաւոր էր, որ առաջին փուլում լինէր «Յարութիւնեանն ընդդէմ Բալասանեանի» ընտրութիւններ, եւ ռիսկերը (վտանգներ- Խմբ.) շատ բարձր կը լինէին Փաշինեանի համար: Դա կը դիտուէր որպէս վստահուած անձանց պայքար:
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Ո՛չ, ես կարծում եմ, որ Մայիլեանն ունէր իր յաւակնութիւնները, եւ ընտրութիւնների արդիւնքները ցոյց տուեցին, որ նա լաւագոյն դիրքում էր՝ ղեկավարելու Արցախում ընթացող բարեփոխումները։ Այլ բան է, որ նա չկարողացաւ կազմել լայն համախմբում՝ Յարութիւնեանին յաջողութեամբ մարտահրաւէր նետելու համար: Այդ առումով, նման եւ նոյնիսկ աւելի ակնյայտ խնդիրներ ունէր Բալասանեանը:
Եթէ Մայլիլեանը ինչ ինչ պատճառներով այս մրցավազքում չլինէր, ապա Յարութիւնեանն ամենայն հաւանականութեամբ կը յաղթէր աւելի մեծ տարբերութեամբ։
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Այժմ միանշանակ է, որ Արայիկ Յարութիւնեանը կը լինի Արցախի յաջորդ նախագահը: Այնուամենայնիւ, դեռ պարզ չէ, թէ ինչպէս է նա կազմելու կառավարութիւն, քանի որ նրա կուսակցութիւնը միայն 16 տեղ է զբաղեցրել Արցախի 33 հոգանոց խորհրդարանում: Ըստ ձեզ՝ ու՞մ հետ է նա համագործակցելու՝ կառավարութիւն կազմելու համար:
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Ես այդ իմաստով շատ ինտրիգ (մեքենայութիւն- Խմբ.) չեմ տեսնում: Յարութիւնեանը կը համագործակցի խորհրդարանում ներկայացուած երկու երկարամեայ գործընկերների` Աշոտ Ղուլեանի Արցախի ժողովրդավարական կուսակցութեան եւ ՀՅԴի հետ։ Ամենայն հաւանականութեամբ, նոր նախագահը խորհրդարանում կ’ունենայ մեծամասնութիւն՝ 33ից առնուազն 21 տեղ: Յարութիւնեանը չի բացառել նաեւ համագործակցութիւնը ընտրութիւններին իր հիմնական հակառակորդների հետ: Նա ունի տարբերակներ։
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Իսկ ի՞նչ կ՛ասէք Սամուէլ Բաբայեանի մասին, որի կուսակցութիւնը խորհրդարանում ստացել է ինը մանդատ: Եւ սա, կարծես, նրա առաջին յաջողուած փորձն է քաղաքականութեան մէջ՝ 2004ին բանտից ազատուելուց ի վեր: Նրա նախորդ բոլոր ջանքերը տապալուել էին։ Բաբայեանի «Դաշինք» կուսակցութիւնը չյաղթահարեց 2007ի խորհրդարանական ընտրութիւնների շեմը, 2016ի Ապրիլեան պատերազմից յետոյ Բաբայեանի յայտնութիւնը եւ քաղաքական յաւակնութիւնները Ղարաբաղում նրան եւս մէկ տարով տարան բանտ: Որ՞ն է այժմ Բաբայեանի յաւակնութիւնը քաղաքականութեան մէջ:
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Ես կը նշեմ, որ սա իրականում Սամուէլ Բաբայեանի համար երկրորդ յաջողուած քաղաքական արշաւն է: 1999ին, երբ դեռ ԼՂՀ Պաշտպանութեան նախարարն էր, Բաբայեանը ակտիւ (աշխոյժ- Խմբ.) աջակցում էր «Իրաւունք եւ Միաբանութիւն» դաշինքին (Արտաշէս Գեղամեան/Հրանտ Խաչատրեան), որը երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններում:
Այս ընտրութիւնը Բաբայեանին հաստատեց Արայիկ Յարութիւնեանի հիմնական այլընտրանքի դերում, մասնաւորապէս, որ հէնց նրա կուսակցութիւնը մտաւ խորհրդարան, այլ ոչ թէ Մայիլեանի «Նոր Արցախ» դաշինքը: Բաբայեանը կ’ունենայ նաեւ աւելի մեծ խմբակցութիւն, քան Վիտալի Բալասանեանը, չնայած նախագահական ընտրութիւններում Բալասանեանը երրորդ տեղում էր:
Եթէ զուգահեռ անցկացնենք Երեւանի հետ, ապա Բաբայեանը գտնւում է այնպիսի իրավիճակում, ինչպիսին էր նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը Հայաստանում մինչեւ 2007ը, երբ պաշտօնապէս ընդդիմութիւնը ղեկավարում էին այլ գործիչներ, մինչդեռ Տէր-Պետրոսեանը պաշտօնական դեր չունէր: Տեսնենք, թէ որքանով եւ որքան ժամանակ Բաբայեանը կը յարմարուի այս ոչ պաշտօնական դերին: Վտանգ կար, որ ինչպէս Տէր-Պետրոսեանի 2008ի վերադարձը, այնպէս էլ Բաբայեանի վերադարձը այս տարի կարող է բախումների յանգեցնել Յարութիւնեանի կողմնակիցների հետ: Ի վերջոյ, 2019ին նրանց կողմնակիցների միջեւ տեղի էին ունեցել փոքր բախումներ, եւ Բաբայեանը հաստատակամ էր՝ Յարութիւնեանի թեկնածութեանը խոչընդոտելու հարցում։ Այնպէս որ, հաւանաբար, այս ընտրութիւնների հիմնական նուաճումներից մէկն այն է, որ նրանց միջեւ բախում չեղաւ:
Այդ պատճառով ես կարծում եմ, որ ապագայում չպէտք է բացառուեն Բաբայեանի եւ Յարութիւնեանի միջեւ ինչ որ կոալիցիոն (համախոհական- Խմբ.) պայմանաւորուածութիւններ, մասնաւորապէս ՝ Ադրբեջանի հետ լարուածութեան հնարաւոր սրացման դէպքում: Եւ դրա նախադէպը կայ. Բակօ Սահակեանը 2016ի Ապրիլեան պատերազմից յետոյ իր նախկին ընդդիմախօսներ Բալասանեանին եւ Մայիլեանին պաշտօններ տուեց:
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Մեկնաբաններից շատերն այս ընտրութիւնները համարում էին Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսեանին եւ Ռոպերթ Քոչարեանի՝ Արցախը որպէս վերջին «միջնաբերդ» լինելու համատեքստում։ Ըստ ձեզ՝ ի՞նչ են անելու այժմ Քոչարեանն ու Սարգսեանը (վերջինս Արցախում դեռեւս մեծ ազդեցութիւն ունի):
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.- Կարծում եմ, որ Բալասանեանի ոչ փայլուն արդիւնքները, չնայած Սարգսեանի եւ յատկապէս Քոչարեանի բաւականին բուռն աջակցութեանը, ցոյց են տալիս, որ արցախցիների մեծամասնութիւնը հեշտութեամբ չի ենթարկւում նախկին նախագահներից որեւէ մէկի ազդեցութեանը: Իրականում, եթէ համեմատենք 2018ի Հայաստանի ընտրութիւնների արդիւնքը 2020ի արցախեանի հետ, ապա Հայաստանում նախկին իշխող կուսակցութիւնը՝ Հանրապետականը՝ ՀՅԴի հետ, այսինքն՝ այն ուժերը, որոնք Փաշինեանի կառավարութեան ընդդիմադիրներն էին, համատեղ հաւաքեցին աւելի քան 100 000 ձայն: Այդ իմաստով, Քոչարեանի եւ Սարգսեանի աջակցութեան զանգուածը մնում է Հայաստանի Հանրապետութիւնում, եւ նրանց քաղաքական յետագայ գործունէութիւնը ուղղակիօրէն կախուած կը լինի Նիկոլ Փաշինեանի կառավարութեան յաջողութիւններից եւ ձախողումներից:
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում Կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկի պատճառով եղան ընտրութիւնները յետաձգելու բազմաթիւ կոչեր: Ընտրութիւնները չյետաձգուեցին, եւ շարունակւում են պնդումները, թէ ում էր դա ձեռնտու: Ին՞չ կ՛ասէք ընտրութիւնների երկրորդ փուլի մասին այն դէպքում, երբ Արցախում արդէն իսկ կան Կորոնավիրուսի հաստատուած դէպքեր։
ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ.– Իմ համոզմամբ, Մարտի 31ին ընտրութիւններն անցկացնելը սխալ էր, հաշուի առնելով Հայաստանում յայտարարուած արտակարգ իրավիճակը եւ համաճարակից ելնելով միջազգային արգելափակումը: Իսկապէս իմաստ կ’ունենար քուէարկութիւնը 2-3 ամսով յետաձգել: Այնուամենայնիւ, ինչպէս Յարութիւնեանը, այնպէս էլ Փաշինեանը հաստատակամ էին անցկացնելու ընտրութիւնները՝ չնայած քուէարկութեան գործընթացից բխող ռիսկերին: Մարտի 31ին մենք տեսանք ընտրութիւններին արցախցիների բաւականին ակտիւ մասնակցութիւնը (73 տոկոս), ինչը վկայում է այն մասին, որ ընտրողների մեծամասնութիւնը պաշտպանում է այդ դիրքորոշումը։ Այդ պայմաններում քուէարկութիւնը բաւականին լաւ անցաւ, չնայած, ի հարկէ սա եւս մէկ կորսուած հնարաւորութիւն էր արտաքին քաղաքականութեան առումով: Քուէարկութեան յետաձգումը ցոյց կը տար, որ Արցախը համաքայլ է գլոբալ (համաշխարհային- Խմբ.) մտածելակերպի հետ, իսկ յետագայում հնարաւորութիւն կը տար արտասահմանեան դիտորդների մեծաթիւ մասնակցութեան։ Արտասահմանեան կառավարութիւնները եւ ՀԿները կը կարողանային տեսնել քաղաքացիական կանոնաւոր զարգացումների ընթացքը: Դրանցից եւ ոչ մէկը հնարաւոր չեղաւ արտակարգ դրութեան պայմաններում:
Հիմա, երբ ընտրութիւնների առաջին փուլն աւարտուել է ու Մայիլեանը զիջել է Յարութիւնեանին, երկրորդ փուլը դարձել է զուտ ձեւականութիւն` առանց քարոզչութեան կամ մրցակցութեան։ Ես այնքան էլ մտահոգ չեմ, որ ընտրութիւնները նախատեսուած օրն անցկացուեն: Ընդհանուր առմամբ, թւում է, թէ «Covid-19» համաճարակը նահանջում է ամբողջ աշխարհում, ներառեալ Հայաստանում, չնայած, ի հարկէ, այն դեռ աւարտուած չէ, եւ դրա մեծ հետեւանքները վերացնելու համար կը պահանջուեն ամիսներ, եթէ ոչ տարիներ: