ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Քարվաճառցի ռեփեր Կոլեա Շահգելդեանը երկարատեւ ստեղծագործական դադարից յետոյ նոր ստեղծագործութիւն է ներկայացրել իր ունկնդիրներին:
«Դադարը չորս տարուց աւելի տեւեց։ Կեանքում լինում է այդպէս։ Գալիս ես, հասնում մի կէտի, որտեղից այլեւս չգիտես` ուր գնալ ու ինչ անել։ Մինչեւ յաղթահարում ես այդ ամէնը, շատ բան է փոխւում, թէ՛ կեանքում, թէ՛ շրջապատում ու թէ՛ քո ներսում», իր ստեղծագործական կեանքում տեղ գտած դադարի մասին ասում է Կոլեա Շահգելդեանը: Խօսելով արդէն կայացած վերադարձի, դրա ազդակների ու նոր ասելիքների մասին, ռեփերն ընդգծում է, որ հիմնական ազդակները նախ եւ առաջ երկրում տիրող անհասկանալի զարգացումներն են։ «Գրեթէ հաւատում ես, որ ամէն ինչ իրօք պէտք է լաւ լինի ու մէկ էլ զգում ես, որ այն, ինչի վրայ կենտրոնացել ես, ոչինչ է նրա դէմ, ինչ նախապատրաստւում է։ Գալիքը աւերելու է աւելի շատ, քան կարող ենք պատկերացնել։ Երանի թէ սխալ լինի «կարծիքս»», յոյս է յայտնում մեր զրուցակիցը։
Ստեղծագործողի նոր ասելիքն աւելի կոպիտ է, միեւնոյն ժամանակ` աւելի կարեւորի մասին։ «Նոր ասելիքում առանց վարանելու ու առանց երկմտելու հնչում է այն ամէնն, ինչով շնչել ու սնուել եմ այսքան տարի։ Նորում աւելի շատ միայն փաստեր են։ Նորում աւելի շատ հէնց նորի մասին է»։
Նոր է նաեւ ռեփերի կեղծանունը` Իզէն, որը զինուորական հրաման է:
«Հայրս զինուորական է (այժմ` թոշակառու), ես զինուորական եմ, եղբայրս զինուորական է։ Իմ կեանքում, տանն ու առօրեայում զինուորականը շատ շատ է։
«Ի զէն»ը զինուորական հրաման է, որ նշանակում է «զէնքը վերցնել»»։ Կոլեան վստահ է` աւելի համապատասխան կեղծանուն դժուար էր գտնէր իր նման մարդը:
Կոլեա Շահգելդեանն սկսել է ստեղծագործել դեռ դպրոցական տարիքից: 2002 թուականին առաջին անգամ դպրոցական միջոցառման ժամանակ ռեփ է կարդացել։ Իսկ արդէն 2005 թուականին, պարտադիր ծառայութեան ժամանակ արել է առաջին սիրողական ձայնագրութիւնը։
«2007ին տասնեակից աւել սիրողական երգեր ձայնագրեցի, որոնցից մէկը շատ արագ սկսեց տարածուել։ Երգն արցախեան բարբառով էր։ Մինչեւ 2015 թուականը պարբերաբար երգեր եմ թողարկել, իսկ 2015ին լոյս տեսան իմ առաջին` «Ֆ1» եւ երկրորդ` «Մուտացիա» ձայնասկաւառակները։ Դրանից յետոյ երկար դադար էր», պատմում է մեր զրուցակիցը։
Ռեփերը ինքն է գրում իր բոլոր երգերի բառերը:
«Ուրիշի գրած բառերը չես կարող արտաբերել այն ճշգրիտ էմոցիաներով (զգացումներով- Խմբ.) , որով ինքն է դրանք գրել։ Առանց էմոցիաների (յուզումներու-Խմբ.) բառերը ոչինչ չեն տալիս ու ոչինչ չեն փոխում։ Բոլոր երգերիս բառերն ինքս եմ գրում։ Այն երգերը, որոնք դուէտներ (զուգերգ- Խմբ.) են, գրւում են համատեղ»։
Հէնց վերջին` «Բեմբեմ» երգն Իզէնը կատարում է B 58ի հետ:
««Բեմբեմ»ը միասնական գաղափար էր։ Ամէն մէկս այդ երգի ինչ որ հատուած արձակ ձեւով գրել էինք մեր ֆեյսբուքեան էջերում, արտայայտել մեր բողոքը։ Եւ որոշեցինք այն երգ դարձնել», պատմում է Կոլեան ու յաւելում, որ առաջիկայում կը թողարկուի եւս մի տեսահոլովակ, այս անգամ արդէն` երեք կատարողների մասնակցութեամբ։ Դրանից յետոյ արդէն լսարանին կը ներարկայացնի առաւելապէս սօլօ (առանձին- Խմբ.) կատարումներ։
Առաջիկայ ծրագրերից ու նախագծերից խօսելիս մեր զրուցակիցն առաջինն ընդգծեց Քարվաճառում համերգ կազմակերպելու մեծ ցանկութիւնը.
«Շատ խանգարող հանգամանքներ ու շատ պակաս «բաներ» կան` այդ ամէնն անելու համար։ Բայց յոյսով եմ` կը լինի շուտով։ Առաջիկայում պատրաստւում եմ նոր ձայնասկաւառակ թողարկել։ 11ից աւելի երգեր արդէն գրուած եւ պատրաստ են։ Սպասենք ու տեսնենք, թէ ոնց կը ստացուի»։
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից