ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Օրերս Քարվաճառ քաղաքի «Սիդնէյ» բնակելի թաղամասի տներից մէկի հիմքը փորելիս վարպետները խաչազարդուած քար են յայտնաբերել: «Տներից մէկի հիմքը փորելիս, մօտաւորապէս 3 մետր խորութեան վրայ գտանք քարը», մեզ հետ զրոյցում պատմեց շինարարութեան պատասխանատուներից Գէորգ Գրիգորեանը: «Միանգամից մտածեցինք, որ կամ խաչքար է, կամ` եկեղեցու պատի քար: Տարածքում միայն այս մի քարն ենք գտել եւ մի կուժի մնացորդ` վրան փոքրիկ խաչ», նշեց Գէորգ Գրիգորեանը:
Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Սասուն Դանիէլեանը` քարը ոչ թէ խաչքար է, այլ վստահաբար` եկեղեցու կամ մատուռի որմնաքար` նուիրատուական խաչերով: «Մեր եկեղեցիների, մատուռների արտաքին շերտերին յաճախ կարելի է հանդիպել նման նուիրատուական խաչեր: Քանի որ Քարվաճառում որեւէ մատուռի առկայութիւն վկայուած չէ, իսկ եկեղեցի Քարվաճառում վստահաբար եղել է, հետեւաբար կարող ենք եզրակացնել, որ այս քարը հէնց Քարվաճառի եկեղեցուց է», նշեց մեր զրուցակիցը:
Ս. Դանիէլեանը նշեց, որ ըստ վկայութիւնների եւ ուսումնասիրութիւնների` Քարվաճառի եկեղեցին աւերուել է խորհրդային տարիներին, մօտաւորապէս 1950ական թուականներին:
«Կարող ենք ենթադրել, որ քանդուած եկեղեցու մասերն ադրբեջանցիների կողմից օգտագործուել են տարբեր շինարարական աշխատանքների մէջ: Այս որմնաքարը թերեւս դրա օրինակներից է», ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը վստահ է` Քարվաճառում շինարարութեան աւելացման հետ աւելի յաճախ են գտնուելու նման որմնաքարեր, խաչքարեր: «Տարածքի իւրացմանը, վերահայացմանը զուգահեռ` բացայայտւում է նաեւ բնակավայրի հայկական հետքը: Շատ յաճախ` մի գտածոյին յաջորդում է միւսը, եւ այդպէս պատկերն ամբողջանում է: Օրինակ, շրջանի Նոր Գետաշէն գիւղում բնակիչները խաչքար էին գտել, որի հետքով մենք եկեղեցի յայտնաբերեցինք»:
Սասուն Դանիէլեանը կարեւորում է նման գտածոների` հնարաւորինս անվնաս պահպանումը: «Չենք կարող բացառել, որ մի օր էլ կը գտնուեն Քարվաճառի եկեղեցու հիմքերը եւ այլ կարեւոր բեկորներ, որով հնարաւոր կը լինի վերակազմել եկեղեցու տեսքը: Եւ այդ դէպքում այս բոլոր գտածոները մեծապէս կ’օգնեն գործին: Քանի որ Քարվաճառում տարբեր վայրերից էլի գտնուած խաչքարեր կան` ճիշդ կը լինի դրանք միասին պահելը` համապատասխան տեղեկութիւններով», նշեց մեր զրուցակիցը:
Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց Քարվաճառի քաղաքապետ Սերգէյ Չիլինգարեանը` նախատեսւում է նոր գտնուած խաչազարդ որմնաքարը տեղափոխել Քարվաճառի քաղաքապետարանի շէնքի հարեւանութեամբ գտնուող խաչքարերի պուրակ: Նշենք, որ հէնց այստեղ է ենթադրաբար եղել Քարվաճառի եկեղեցին եւ այստեղ ապագայում ծրագրւում է նոր եկեղեցի կառուցել:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից