ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինեան Տաթեւի մէջ արձագանգեց այն թէզին, որուն համաձայն, իբր թէ ինք կը մեկուսացնէ քաղաքական եւ պետական գործիչները, որպէսզի Արցախը յանձնէ:
Ան ըսաւ, որ Մայիս 2018ին իր առաջին քայլերէն մէկը եղած է տեղեկութիւն ստանալ հայոց բանակի սպառազինութեան մասին:
«Երբ ինձ զեկուցել են, թէ ի՛նչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան (զգացական հակազդեցութիւնը-Խմբ.) այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից (դահլիճէն-Խմբ.) փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղէտալի: Լաւ չէ, որ հիմա ասեմ, բայց, օրինակ բերեմ… Սերժ Սարգսեանն ինքն է այդ օրինակը բերել, ասել է՝ մեր տղաները կռւում են 80ականների զէնքերով: Բա եթէ դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր մեր բանակը 80ականների զէնքերով կռւում: Բա եթէ դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը 2018 թուականի դրութեամբ ունէր քայքայուած հակաօդային պաշտպանութեան համակարգ: Այդ քայքայուած հակաօդային պաշտպանութեան համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինուորներին տալիս էիք սնունդ, որի ամենալաւ կիրառութիւնը գտել էր Մանուէլ Գրիգորեանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսուած ուտելիքներո՞վ էիք մեր զինուորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահէին: Սերժ Սարգսեանը կեանքում զինուորների համար նախատեսուած սննդից մէկ անգամ կերե՞լ է:
«Երբ գնացել եմ դիրքեր 2018 թուականի Մայիսին, ասել եմ՝ ինչ ուտելիք կայ, բերէք այստեղ եւ ամէն ինչից կերել եմ՝ ժամուկէսից յետոյ այրոցքից չգիտէի ինչ անէի: Բա այս երեխաները ինչպէ՞ս են զգօն կանգնելու սահմանին: Իմ առաջին հրահանգը եղել է արագ ձեռնարկել միջոցներ զինուորների սննդի կարգը եւ որակը փոխելու, որովհետեւ սնունդը մատակարարում էին որոշ բարձրաստիճան պաշտօնեաներ, իրենց յայտնի «ատկատներով» (համաձայնեցուած կաշառք-Խմբ.: Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահէիք», շեշտեց Փաշինեան:
Հայաստանի վարչապետը համոզուած է, որ ներկայիս բանակի հակաօդային պաշտպանութեան համակարգը բարձր մարտունակութիւն ունի, որովհետեւ 2019ին Հայաստան ձեռք բերաւ հակաօդային պաշտպանութեան գերժամանակակից համակարգեր: «Մենք ձեռք ենք բերել «Սու-30ՍՄ» գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդէն 43 զօրամասում զինուորները ուտում են որակեալ եւ արժանապատիւ սնունդ», ընդգծեց Փաշինեան:
Ան Սերժ Սարգսեանին, Ռոպէրթ Քոչարեանին, Գագիկ Խաչատրեանին, Գագիկ Բեգլարեանին, Արամ Յարութիւնեանին եւ այլոց խորհուրդ տուաւ կամաւոր կերպով վերադարձնել իրենց թալանած գումարները: «Ձեր թալանածը ետ բերէք, չէք փախչի, եւրոպացիների փէշերի տակ չէք պահուի, կոպեկ առ կոպեկ պէտք է բերէք բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնենք: Ես խորհուրդ եմ տալիս կամաւոր բերէք, չբերէք՝ բերման կ՛ենթարկենք: Տարբերակ չունէ՛ք», եզրափակեց Փաշինեան: