ՓԱՍԱԴԻՆԱ.- Փետրուարի 28ին, Կալիֆորնիայի Փասադինա քաղաքի Antique Warehouse սրահում տեղի ուենցաւ ՀՀ վաստակաւոր նկարիչ Շմաւոն Շմաւոնեանի աշխատանքների ցուցահանդէսը: Ներկայացուած էին նկարչի վերջին մէկ տարուայ գեղանկարները: Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին եւ ելոյթի խօսքով հանդէս եկան Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը, Փասադինայի քաղաքապետ Թերի Թորնեքը, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Քենեդին:
Բացման խօսքում դեսպան Բայբուրդեանը բարձր գնահատեց Շմաւոն Շմաւոնեանի արուեստը, որը պատշաճ գնահատանքի է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, մասնաւորապէս արեւմտեան ԱՄՆում: Այստեղ նրա աշխատանքները կարելի է տեսնել Գլենդելի «Մեմորիալ» հիւանդանոցում կամ տեղական պետական գրասենեակներում: Դոկտ. Արմէն Բայբուրդեանի խօսքով, վարպետի գունեղ կտաւները լոյս եւ լաւատեսութիւն են սփռում: «Շմաւոն Շմաւոնեանի ստեղծագործական ակտիւ (աշխոյժ-Խմբ.) գործունէութիւնը մշակութային դիւանագիտութեան վառ դրսեւորումներից է», ասաց ՀՀ գլխաւոր հիւպատոսը: