ՓԱՍԱԴԻՆԱ.- Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը մասնակցեց լոսանջելեսահայ համայնքի մշակութային, կրթական, հայրենակցական, կրօնական տասը հաստատութիւնների համատեղ կազմակերպած միջոցառմանը՝ Փասադինայի Թէքէեան Մշակութային Միութիւնում:
Միջոցառման գլխաւոր բանախօսն էր Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան բաժանմունքի թուրքագիտութեան ամբիոնի դոցենտ Լուսինէ Սահակեանը: Նա հանդէս եկաւ «Համշէնը հայկական ձեռագրերում եւ օսմանեան մատեաններում» թեմայով դասախօսութեամբ:
Միջոցառման ընթացքին ցուցադրուեց նաեւ Լուսինէ Սահակեանի հեղինակած ֆիլմը, որը նա նկարահանել է Համշէն կատարած իր այցելութիւնների ժամանակ:
Դեսպան Բայբուրդեանը գնահատանքի խօսք ասաց դոցենտ Սահակեանի գիտական աշխատանքի առիթով, որի շնորհիւ վեր են հանւում իսլամացուած համշէնահայերի հայկականութեան արմատները:
Ուսումնասիրելով եւ վկայակոչելով աշխարհասփիւռ հայկական աղբիւրները՝ Լուսինէ Սահակեանն իր «Համշէնը Հայկական Ձեռագրերում» գրքում լոյս է սփռում իսլամացուած համշէնահայերի հայկական ծագման վրայ: