ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀՈՎԵԱՆ
Կիրակի, 2019 թուի Նոյեմբերի 24ին, երեկոյեան ժամը 6ին, Գլենդելի Ռուզվելթ դպրոցի սրահում, Հայ թատրոնի ընկերակցութիւնը՝ Արամազդ Ստեփանեանի բեմադրութեամբ, ներկայացրեց Արամաշոտ Պապայեանի «Գնա Մեռիր, Արի Սիրեմ» զաւեշտախաղը:
Դահլիճը լեցուն էր թատերասէր հանդիսականներով։ Հետաքրքիր էր, երբ բացման խոսքով հանդէս եկաւ բեմադրիչը՝ Արամազդ Ստեփանեանը: Նա հարազատ, մտերմիկ հումորով ողջունեց ներկաներին, որից յետոյ անսպասելիօրէն, սրահից բեմ բարձրացաւ Յարութ Բաղրամեանը՝ Տարոնի ընկերը, տեղի ունեցաւ կարճ երկխօսութիւն, բեմադիրը անմիջական ոճով հարցրեց խաղացողին. «Ձայնդ տե՞ղն է»։ «Այո՛», պատասխանեց Տարօնի ընկերը։ Բեմադրիչը պարզունակ ասաց. «Ուրեմն երգի՛ր, որ վստահ լինեմ», եւ Յարութը (Տարօնի ընկերը) կարծես յանպատրաստից սկսեց երգել։ Դա ներկայացման նախերգանքն էր կարծես։
Ամիջապէս բարձրացաւ վարագոյրը՝ կերուխումի պատկերով բեմը, պարեղանակի երաժշտութեան ներքոյ: Բեմահարթակը ներկայացնում էր Տարօն պապի տունը: Տարօն պապի տարեդարձն էին տօնում։ Դերերում էին. Տարօն պապ՝ Արիս Բաղումեան, Սոֆիկ՝ հարեւանուհի, Ժանէթ Ոսկանեան, Ռոբերթ՝ Տարօնի աւագ որդին, Կարէն Պետրոսեան, Արին Քեշիշեան՝ Տարօնի կրտսէր որդիները, Լիլիկ՝ Ռոբերթի կինը, Աիդա Սիմոնեան, Անժելա՝ Ալիկի կինը, Անժելա Յովսէփեան, Դաւիթ՝ Սոֆիկի որդին, Զարեհ Յովհաննիսեան, Վարդանուշ՝ Դաւիթի կինը, Նորվարդ Աւանեան, պրոֆեսոր Իսկանդարեան՝ Քարլօ Յովհաննիսեան, Տարօնի ընկերները՝ Յարութ Բաղրամեան, Ռանդոլֆ Ազալբարեան եւ Գէորգ Առաքելեան։ Տարօնի թոռնիկները՝ Միքայէլ Ասիլեան, Դուին Պօղոսեան եւ Անճելինա Յովսէփեան։
«Գնա Մեռիր, Արի Սիրեմ» երգիծախաղը սկսուեց ընտանեկան ջերմ մթնոլորտի պատկերումով՝ պարով, երգով, ընտանիքի մեծ ու փոքր անդամների շուրջպարերով, կենացներով, իրար սիրելով ու գովելով… Ուրախ էր Տարօն պապը: Ահա ժամը լրացաւ, եւ պապի սիրելիները հրաժեշտ տալով հեռացան:
Տարօն պապը մնաց մենակ ու տխուր, իր թափթփուած խրճիթում: Նա մի գաւաթ կոնծելով՝ սկսեց փայփայել իր երազը՝ ապրել տղաներից մէկի տանը, բոլորն էլ այնքան բարեկեցիկ վիճակ ունէին: Նա ամբողջ մի կեանք ապրել էր ընտանիքով շրջապատուած, իր կնոջ եւ երկու որդիների հետ: Այժմ կինը մահացել էր, միայն Սոֆիկը՝ իր հարեւանուհին էր, որ հաւատարիմ ու սիրով խնամում էր իրեն: Կարօտում էր իր բալիկներին, որովհետեւ նրանք այնքան ուշ-ուշ էին այցելում, անուշադրութեան մատնելով իր գոյութիւնը:
Տարօն պապը որոշում է հիւանդ ձեւանալ՝ գրաւելու համար իր ընտանիքի ուշադրութիւնը եւ կաթուածահար է ձեւացնում։ Օգնութեան է հասնում իր սրտցաւ հարեւանուհի Սոֆիկը, որ ամիջապէս հեռաձայնում է որդիներին՝ թէ շուտ եկէք, հասէք, ձեր հայրը ուշաթափուել է, ես չեմ կարողանում ուշքի բերել նրան, նաեւ յատուկ չի հաւաքում նրանց թափթփած տունը՝ հարսերին իրենց պարտականութիւնները յիշեցնելու եւ մի լաւ դաս տալու միտումով…
Բեմավիճակների փոփոխութիւնը եւ Տարօնի ու Սոֆիկի խաղարկութիւնը հասնում են իրենց բարձրակետին։ Երգիծանքը եւ նրա խորքում թաքնուած ճշմարտութիւնը բեմից հանդիսասրահ էին յորդում, լիաթոք ծիծաղ պատճառելով հանդիսատեսին: Կարծես թատերգութեան թեման չէր, այլ կեանքն ու ցաւն էին, որ փոթորկում էին տատիկ ու պապիկի ներաշխարհը, որ նրանք հարազատօրէն արտացոլում էին կատարողական արուեստի բարձր մակարդակով: Դահլիճը զուարճանում եւ ծիծաղում էր լիաթոք, բայց ներքուստ ցաւում էր կեանքի այդ դառն իրականութիւնը տեսնելով:
Ահա գալիս են վախեցած երկու որդիները եւ զարդարուած հարսերը. զարմացած հարսերը վիճաբանում էին, թէ ո՛վ պիտի լուանայ բաժակները, Սոֆիկին էին խնդրում՝ նրա պարտականութիւնը համարելով, իբրեւ հարեւան։ Բայց նա հետաքրքիր խաղարկութեամբ մերժում էր: Վերջապէս հարսը դժգոհութեամբ, մատուցարանի վրայ դրուած բաժակներով դուրս եկաւ բեմից, եւ քիչ անց լսուեց կոտրուած բաժակների ձայնը։ Դէ ինչ արած, նրանց գործը միայն շպարուելն է… Տղաները բժիշկ էին կանչել, ներս եկաւ պրոֆեսոր Իսկանդարեանը եւ յորդորեց տղաներին՝ նրանցից մէկն ու մէկի տանը խնամելու իրենց հօրը: Միեւնոյնն է՝ հարսերը չէին ընդունում: Կրտսեր տղան խղճահարւում է եւ սկսում է խնամել հօրը զանազան ձեւերով, ապա եղբայրն սկսում է նախանձել եւ այսպէս ընտանիքի մէջ վէճ է ծագում, հօր խնամքը ծանր էր նրանց համար, ընկերներն են փորձում օգնել: Նոյնիսկ դհոլ-զուռնա են բերում, սակայն Տարօն պապը տխուր էր։ Նա նորանոր խաղարկութիւններով աւելի ու աւելի ծանր հիւանդ է ձեւանում, մինչեւ որ գամւում է սայլակին։ Դա էլ չի օգնում, մինչեւ պրոֆեսոր Իսկանդարեանի խորհրդով հիւանդանոց են փոխադրում Տարօն պապին:
Երկրորդ արարում Տարօն պապը կոշիկները թեւի տակ, գազազած մտնում է բեմ։ Նա փախել էր հիւանդանոցից, այնտեղ էլ այցելու չունէր: Յուսահատուած էր Տարօն պապը, չէր կարողացել հասնել իր փափաքին:
Յանկարծ թերթում լոյս է տեսնում Տարօն պապի մահուան գոյժը:
Վերջին տեսարանում պատկերւում էր երգիծանքի գագաթնակէտը. սեւ հագուստներով, լացով եւ սգաւորի ահաւոր դերասանութեամբ ներս են մտնում հարսերը եւ որդիները, գովում են հանգուցեալին եւ ծրագրում են թաղման արարողութիւնը: Որդիները որոշում են բարձր մակարդակի թաղում կազմակերպել՝ պատուիրել ծաղկեպսակների ամենաշքեղ տեսակներ, երկու-երեք նուագախմբեր, բարձր մակարդակով ուտելիք եւ սպասարկում, բարձրաստիճան հիւրերի ներկայութեամբ: Իսկ հարսերը պատմում են, թէ ինչքա՛ն են սիրել եւ օգնել Տարօն պապին, ափսոսալով նրա կորուստը: Ոգեւորուած տեսարանը փոխւում է, երբ Տարօն պապը, անակնկալ մատուցելով, ներս է մտնում բեմ՝ սարսափի մատնելով ներկաներին: Հարսերը դողալով նստում են բեմի անկիւնում՝ ձեւացնելով, թէ մեռելը կենդանացել է։ Խառնաշփոթ էր: Մինչ Տարօն պապը՝ իր կերպարի մէջ մնալով, դէպի հանդիսասրահ թեքուելով, բարձրաձայնում է՝ «Գնա մեռիր, արի սիրեմ» երգիծանքի խորհուրդը:
Ներկայացումը ուներ 2 պատկեր, բաժանուած 2՝ շուրջ 55 րոպէ տեւող գործողութիւնների, 15 րոպէ ընդմիջումով: Բեմադրական կազմն էր. բեմադրիչ Արամազդ Ստեփանեան, լուսաւորում ՝ Ջողի Բարդին, ձայնաւորում՝ Ադենա Յովհաննիսեան, տոմսարկղի պատասխանատու՝ Գաբրիէլ Օ՛Սուլիվան, բեմաշխատողներ՝ Արգիշտի Ատեփանեան, Արմէն Աբդալեան, բեմայարդար՝ Իշխան Ռշտունի:
Արամազդ Ստեփանեանը նոր դէմք չէ մեզ համար, անձամբ ներկայ եմ գտնուել նրա մի շարք բեմադրութիւններին։ Նրա առաջին բեմադրութիւնն էր Չեխովի «Յոբելեանը», 1979 թուին։ Քառասուն տարուայ ընթացքում բեմադրել է շուրջ հարիւր ներկայացումներ: Նա սիրում է բեմը, ի մասնաւորումի թատրոնը։ Իւրայատուկ նկարագրով աշխատում է յաղթահարել դժուարութիւնները, յանուն թատրոնի:
«Գնա Մեռիր, Արի Սիրեմ» թատերգութեան թեման շատ տխուր իրականութիւն է, որ օրըստօրէ աւելի է շեշտւում: Մեր օրերում, մանաւանդ նոր սերունդը, ամուսնանալուց յետոյ չարաշահում է ծնողներին այնքան, միչեւ ծնողները մեծանում եւ անգործածելի են դառնում… Մի խոսքով՝ դուք բառը գտէք…
Սոյն բեմադրութեան իմաստը, յաջողութեամբ ներկայացրին խաղացողները: Արիս Բաղդասարեանը՝ Տարօն պապի դերում, եւ Ժանէթ Ոսկանեանը՝ Սոֆիկի դերում, իշխում էին բեմին եւ լիարժէք դերասանական կոչումի արժանի խաղարկութեամբ մարմնաւորում էին իրենց կերպարները: Համոզիչ էր նաեւ Քարլօ Յովհաննիսեանը՝ պրոֆեսոր Իսկանդարեանի դերում: Վերջին արարում, վերը նշուած բոլոր խաղացողները, գերազանցեցին իրենց համարձակ եւ ըմբռնումով խաղարկութիւններով: Չի կարելի անտեսել բեմադրական կազմի եւ հովանաւորող Հայ թատրոնի ընկերակցութեան տքնաջան աշխատանքը, որովհետեւ թատրոնը առանց հովանաւորութեան չի կարող գոյատեւել: Նոյնիսկ «Քոմեդի Ֆրանս»ը պիտի չկարողանար գոյատեւել, եթէ նրան չհովանաւորեր Ֆրանսիան: