ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը վերջին օրերին նկատում է բէյրութեան ցոյցերի ոճի կտրուկ փոփոխութիւն: «Արմէնպրէս»ի հետ զրոյցում Շահան Գանտահարեանը նշեց, որ լիբանանեան ցոյցերի ձեւափոխումը խաղաղից ոչ-խաղաղ բնոյթի բանաձեւումով չի սահմանափակւում միայն:
«Մինչեւ վերջին օրերը, դրամատների կամ վաճառատների ցուցափեղկերի քանդումն ու իրաւապահ մարմինների ուղղութեամբ զանգուածային քարկոծումները, գործողութիւնները ընդհանրապէս յատկանշւում էին խաղաղ, քաղաքակիրթ բնոյթի եւ ներկայ յեղափոխութիւնների համար օրինաչափ նկատուող միջոցների կիրառումով: Բողոքի գործողութիւնները ներկայիս ունեն մի քանի ուղղութիւն: Գործադուլի, երթերի, հաւաքների, հետեւաբար սահմանադրական կարգի յարգումով յատկանշուող գործողութիւններ: Երկրորդ՝ ճանապարհների փակում, ազատ տեղաշարժի արգելակում եւ մայրուղիների վրայ անիւների հրկիզում եւ այդ բոլորի միջոցով բնականոն կեանքի սառեցում կամ պետական ու հասարակական կեանքի անդամալուծում: Երրորդը՝ խուլիգանական ակտերով (արարքներով-Խմբ.) բնորոշուող յարձակում՝ պետական հաստատութիւնների, կենտրոնական բանկի եւ մասնաւոր դրամատների դէմ: Այս վերջինը ընդհանրապէս շուքի մէջ է թողել առաջին երկու ուղղութիւնները եւ բախումնային իրավիճակներ ստեղծելով՝ գրաւել ոչ միայն տեղական եւ շրջանային, այլ նաեւ միջազգային լրատուադաշտի ուշադրութիւնը», նշեց Գանտահարեանը:
Նա ընդգծեց, որ բողոքի նման ոճի գործողութիւնները այժմ թիրախաւորել են խորհրդարանը, ինչը պարզ է դարձնում, որ նման գործողութիւններ հրահրողների նպատակը կենցաղայինից, քաղաքացիականից, սոցիալական (ընկերային-Խմբ.) խնդիրներից հեռու է գնում եւ նպատակադրել է արմատական համակարգային փոփոխութեան, որի համար դիմւում է ծայրայեղ միջոցների:
«Մինչ քաղաքական գործիչները հնչեցնում են խորհրդարանի անդամների հրաժարման կոչեր կառավարութիւնից յետոյ լուծարուած տեսնելու համար նաեւ օրէնսդիրը, հանգուցալուծումը այս պահի դրութեամբ չի երեւում: Անգամ կառավարութեան կազմութիւնը պարզապէս «թայմ աութ»ի իրավիճակ կարող է ստեղծել: Տարածաշրջանի գլխաւոր խաղացողների մօտ են պահւում դէպի հանգուցալուծում առաջնորդող փակ դռների բանալիները», ասաց Գանտահարեանը: