ԵՐԵՒԱՆ, «Արմէնպրէս».- Կարեւորելով Բուլղարիայի Հայոց թեմի դերն ու նշանակութիւնը, տեղի հայ համայնքների աշխուժութիւնն ու ներգրաւուածութիւնը հոգեւոր ու ազգային կեանքում ընթացող իրադարձութիւններին՝ 2019թ. Դեկտեմբերի 7ից 2020թ. Յունուարի 5ը ընկած ժամանակահատուածում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տաթեւ եպս. Յակոբեանը հովուական այցով եղել է Բուլղարիայի մի շարք հայկական ծուխերում ու քաղաքներում: Այս մասին «Արմէնպրէս»ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի դիւանից:
«Դեկտեմբերի 7ին Սրբազան Հայրն այցելեց Սիլիստրա, ուր Սբ. պատարագ մատուցեց 1620թ. վեր խոյացած տեղի Ս. Աստուածածին հայոց եկեղեցում, ծանօթացաւ տեղի հայ համայնքի անդամների հետ՝ ուղեկցութեամբ Ռուսէի հոգեւոր հովիւ Տիրայր քհնյ. Հադաւեանի: Այցի ընթացքում սրբազանը պաշտօնական հանդիպում ունեցաւ նաեւ Սիլիստրայի մետրոպոլիտ Ամվրոսիյ Դորոստոլսկիի հետ:
«Դեկտեմբերի 8ին Տաթեւ սրբազանն այցելեց Բուրգաս, ուր տեղի Ս. Խաչ եկեղեցում (1853թ.) հրաժեշտի Սբ. պատարագ մատուցեց Պօղոս քահանայ Միքայէլեանը: Հաւարտ պատարագի սրբազանն իր գնահատանքը բերեց տէր հօրն իր արժանապատիւ եւ նուիրեալ ծառայութեան համար, մաղթեց նոր յաջողութիւններ հովուական առաքելութեան մէջ, այնուհետ ծանօթացաւ տեղի հայ համայնքի հետ եւ իր օրհնութիւնը բաշխեց հաւատացեալ ժողովրդին:
«Շարունակելով իր այցելութիւնները՝ Դեկտեմբերի 15ին սրբազանն այցելեց Ռուսէ, ուր Սբ. պատարագ մատուցեց 1610թ. կառուցուած եւ 1832թ. վերակառուցուած տեղի Ս. Աստուածածին եկեղեցում, ապա հանդիպեց Ռուսէի մետրոպոլիտ Նաում Չեռուենսկիի հետ՝ ուղեկցութեամբ Ռուսէի հոգեւոր հովիւ Տիրայր քհնյ. Հադաւեանի:
«Դեկտեմբերի 22ին Տաթեւ սրբազանն այցելեց Եամբոլ քաղաք, ուր Սբ. Յակոբ Մծբնայ հայրապետի տօնի առթիւ Սբ. պատարագ մատուցեց նորակառոյց Սբ. Յակոբ եկեղեցում (2017թ.), կատարուեց նաեւ մատաղօրհնութիւն, սրբազանը ծանօթացաւ տեղի հայ համայնքի անդամների հետ եւ իր օրհնութիւնը բաշխեց հաւատացեալ ժողովրդին:
«Դեկտեմբերի 24ին, ուղեկցութեամբ Պլովդիւի հոգեւոր հովիւ Հրաչ քհնյ. Մուրադեանի, սրբազանն այցելեց Պազարջիկ քաղաք, ուր Սբ. Ստեփանոս նախավկայի տօնի առթիւ Սբ. պատարագ մատուցեց 2011թ. կառուցուած Ս. Ստեփանոս եկեղեցում, կատարուեց նաեւ մատաղօրհնութիւն եւ ծանօթութիւն տեղի հայ համայնքի անդամների հետ: Յաւարտ պատարագի սրբազան հայրը շնորհաւորեց Պլովդիւի երկար տարիների հոգեւոր հովիւ, ներկայումս Պազարջիկի այցելու հովիւ Գէորգ Ա. քհնյ. Խաչերեանին ծննդեան 80ամեայ յոբելեանի առիթով՝ մաղթելով քաջառողջութիւն, անսահման եռանդ, ուժ եւ կարողութիւն, Աստծոյ օրհնութիւններն ու շնորհները:
«Դեկտեմբերի 25ին, Սբ. Ստեփանոս նախավկայի տօնի առթիւ, ուղեկցութեամբ Հրաչ քհնյ. Մուրադեանի, Տաթեւ սրբազանն այցելեց Խասկովօ քաղաք, ուր պատարագ մատուցեց 1923թ. կառուցուած Ս. Ստեփանոս եկեղեցում, կատարուեց նաեւ մատաղօրհնութիւն եւ ծանօթութիւն տեղի հայ համայնքի անդամների հետ: Յաւարտ Սբ. պատարագի հայկական շաբաթօրեայ դպրոցի եւ գրադարանի մասնաշէնքի մուտքի պատին, նախաձեռնութեամբ Տիգրան Բալաբանեանի, տեղադրուեց յուշատատխտակ՝ Խասկովոյի հայոց լեզուի երկարաժամկէտ ուսուցչուհի հանգուցեալ Մեսրոպուհի Թանգարանեանի յիշատակին: Ապա՝ Մշակոյթի տանը համայնքի փոքրիկների կողմից բեմականացուեց ամանորեայ հանդէս:
«Դեկտեմբեր 29ին Տաթեւ սրբազանն այցելեց քաղաք Վառնայ ուր մատուցեց տարեվերջեան պատարագ 1844թ. կառուցուած Սբ. Սարգիս եկեղեցում, կատարեց նուռօրհնէքի արարողութիւն եւ իր օրհնութիւնը բաշխեց տեղի հայ համայնքի անդամներին: Յիշատակելի է, որ Նժդեհ քհնյ. Քէշիշեանի Վառնայում ծառայութիւնը դադարեցնելուց յետոյ, շուրջ հինգ ամիս Վառնայի հայոց եկեղեցում պատարագ չէր մատուցուել: Հայ համայնքի անդամները հնարաւորութիւն ստացան նորից մասնակցելու սրբազան պատարագի արարողութեանը եւ հաղորդուելու Տիրոջ փրկարար Մարմնին ու Արեանը:
«2020թ. Յունուարի 4ին եւ 5ին, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը եղաւ Բուրգասում եւ Վառնայում՝ մատուցելով Սբ. Ծննդեան պատարագներ եւ կատարելով Ջրօրհնէքի սրբազան արարողութիւն:
«Թէեւ այսօր Բուլղարիայի հայութեան թուաքանակի վերաբերեալ տարբեր աղբիւրներ տալիս են տարբեր տուեալներ, բայց ըստ ոչ պաշտօնական տուեալների, Բուլղարիայի հայ համայնքը բաւականին մեծաթիւ է՝ մօտ 20 հազար: Ներկայումս Բուլղարիայի ամենահայաշատ բնակավայրերն են Պլովդիւը՝ մօտ 7000 հայեր, Վառնան՝ մօտ 5000 հայեր, Սոֆիան՝ մօտ 4000 հայեր, Բուրգասը՝ մօտ 1500 հայեր եւ Ռուսէն՝ մօտ 1000 հայեր: Ոչ մեծաթիւ հայկական համայնքներ կան նաեւ Շումենում, Խասկովոյում, Եամբոլում, Պազարջիկում, Դոբրիչում, Ստարա Զագորայում, Սլիւենում եւ Սիլիստրայում:
«Այսօր Բուլղարիայում իրենց գործունէութիւնն են ծաւալում մի շարք հայկական մշակութային, մարզական, կրթական եւ այլ կառոյցներ, որոնք հայ եկեղեցու հետ միասին խթանում են հայկականութեան եւ հայի ոգու պահպանմանը, կազմակերպւում են ներհամայնքային եւ միջպետական ծրագրեր ու միջոցառումներ՝ համագործակցութեամբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ակտիւ գործունէութիւն են ծաւալում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ու Հայ Դատի գրասենեակն իրենց բոլոր կառոյցներով ու մասնաճիւղերով: Բուլղարահայ համայնքում իրենց մասնաճիւղերն ունեն եւ հասարակական, մշակութային ու այլ բնագաւառներում ակտիւ գործունէութիւն են ծաւալում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիւում եւ Բուրգասում: Պլովդիւի մասնաճիւղը ենթամասնաճիւղեր ունի Դոբրիչում, Ռուսէում, Սիլիստրայում, Սլիւենում եւ Եամբոլում, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում, Պլովդիւում, Ռուսէում, Շումենում, Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիւում, Բուրգասում եւ հայաշատ այլ քաղաքներում:
«Բացի համազգային կառոյցների մասնաճիւղերից, բուլղարահայ համայնքում գործում են նաեւ բազմաթիւ տեղական համայնքային կառոյցներ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում տարբեր բնագաւառներում՝ հասարակական, հոգեւոր-եկեղեցական, կրթամշակութային, տեղեկատուական: Կրթամշակութային ոլորտում ակտիւ է դեռեւս 1944թ. ստեղծուած «Երեւան» միութիւնը, որի Կենտրոնական վարչութիւնը գտնւում է Սոֆիայում:
«Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի տեղեկատուական ռեսուրսները կազմում են երեք տպագիր եւ մէկ էլեկտրոնային լրատուամիջոցները: Տպագիր լրատուամիջոցներն են՝ «Երեւան» շաբաթաթերթը (Սոֆիա, 1944թ.ից), «Վահան» շաբաթաթերթը (Պլովդիւ, 1991թ.ից) եւ «Բարեգործականի Ձայն» երկշաբաթաթերթը (Պլովդիւ, 2004թ.ից): Իսկ որպէս էլեկտրոնային աղբիւր հանդէս է գալիս «Կանթեղ Արարատեան» պաշտօնական կայքը
(http://gantegh.agbubulgaria.org):
«Ուստի պատահական չէ, որ վեհափառ հայրապետի կողմից Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակուելուց յետոյ Տաթեւ սրբազանն իր մշտական հոգածութեան եւ ուշադրութեան կենտրոնում է պահում թեմը, որի վառ վկայութիւնն են բազմաթիւ այցելութիւնները, պաշտօնական հանդիպումներն ու ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները ինչպէս տեղային իշխանութիւնների, այնպէս էլ Բուլղար ուղղափառ եկեղեցու հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցութեան ոլորտներն ու առաւել աշխուժացնել: Պէտք է արձանագրենք նաեւ, որ բուլղարական իշխանութիւններն ու հասարակութիւնը հոգատար վերաբերմունք ունեն հայ համայնքի եւ պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ եւ իրենց աջակցութիւնն ու մասնակցութիւնն են բերում հայ համայնքի կողմից կազմակերպուող միջոցառումներին:
«Այցելելով Բուլղարիայի Հայոց թեմի հայաշատ եւ մանաւանդ ոչ-հայաշատ ծուխեր՝ Տաթեւ սրբազանի տեսլականն է նորից աշխուժացնել ու նոր զարկ, շունչ հաղորդել այդ համայնքներին, հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի հայոց բոլոր եկեղեցիներում հնչի հայերէն աղօթք եւ մատուցուի Սրբազան պատարագ:
Նշենք նաեւ, որ բոլոր այցելութիւնների ժամանակ առաջնորդական տեղապահին մշտապէս դիմաւորել եւ ուղեկցել են համայնքների հոգեւոր հովիւները, եկեղեցական վարչութիւնների ատենապետներն ու անդամները: Առաջիկայում առաջնորդական տեղապահը մեկնելու է այն համայնքներն ու ծուխերը, ուր այս ընթացքում դեռեւս չի հասցրել այցելել», ասւում է հաղորդագրութեան մէջ: