ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արցախեան պատերազմի ընթացքում ազատագրուած Հերիկ գիւղը գտնւում է Քաշաթաղի շրջանում: Ազատագրումից յետոյ, գիւղը վերաբնակեցուել էր, սակայն անհրաժեշտ ենթակառուցուածքների բացակայութեան պատճառով մի քանի տարի անց, գրեթէ ամբողջութեամբ դատարկուել էր: Գիւղի վերաբնակեցումը երկրորդ անգամ կազմակերպուեց 2009-10թթ.: Որոշ անհրաժեշտ կենսապայմաններ գիւղում ապահովուել էին, սակայն պակասում էր ազատագրուած հայրենիքի գիւղերի զարգացման գլխաւոր գրաւականը՝ դպրոցը: Հերիկի երեխաները դասերն անց էին կացնում խարխուլ ու խոնաւ տան մէջ: Նման պատկեր էր նաեւ Արցախի ազատագրուած մի շարք այլ շրջաններում:
Քաջ գիտակցելով, որ կրթօջախը ազատագրուած հայրենիքում բազմաթիւ գործառոյթներ ունի, այդ թւում՝ նաեւ մշակութային, սոցիալական, Լոս Անջելեսում գործող «Գէյթըուէյ» կազմակերպութեան հիմնադիրները որոշեցին ֆինանսական աջակցութիւն տրամադրել Արցախում դպրոցների վերակառուցմանը: «Հայրենասէր» կազմակերպութեան իրականացմամբ, Հերիկի դպրոցը, որ կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջեանի անունը, դարձաւ եօթ կրթօջախներից մէկը, որի կառուցման գործում նշանակալի ներդրում ունի «Գէյթըուէյ»ը:
Յունուարի 4ին, Գլենդելում կայացաւ կազմակերպութեան ամէնամեայ դրամահաւաքը, որին մասնակցում էին Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօն, Գլենդելի քաղաքապետարանի խօսնակ Արդի Քասախեանը, ճանաչուած բժիշկներ, իրաւաբաններ, գիտնականներ: «Գէյթըուէյ»ի համահիմնադիր, սրտաբան Սարգիս Քիրամիջեանը, ով նաեւ միջամտական սրտաբանութեան լաւագոյն մասնագէտներից է, պատմեց, որ կառոյցը հիմնադրուել է 2014թ.ին՝ ազատագրուած հայրենիքում կրթութեան ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով:
«Այսօրուայ մեր հաւաքը տարիների պատմութիւն ունի: Դպրոցական, այնուհետեւ համալսարանական ընկերներին, ամէն տարի Ամանորի առիթով համախմբում էինք աւանդական խաշի սեղանի շուրջ՝ հիմնական նպատակ ունենալով վառ պահելու հայկական ոգին, մեր ինքնութիւնը, ամրացնելու կապը մեր արմատների հետ, եւ քննարկում էինք թէ ինչպէս կարող ենք օգտակար լինել հայրենիքին: Համոզուած եմ, որ հայրենիքին օգնելով՝ իրար ենք օգնում, նաեւ զօրացնում ենք մեզ, քանզի արմատը մոռացողը, չունեցողը դատապարտուած է վերացման: Հաւաքների ժամանակ, որոշեցինք որեւէ ձեւով աջակցել Արցախի վերաբնակեցման գործընթացին, քանի որ եթէ հողում մարդ չբնակուի, շատ դժուար կը լինի այն պահել: Ժողովուրդը, մեր նոր սերունդներն են պահելու մեր հողերը եւ նրանք կարիք ունեն լաւ կրթութիւն ստանալու՝ համապատասխան պայմաններում: Այս մտայնութեամբ առաջնորդուելով, որոշեցինք մասնակցել վատթար, վթարային վիճակում գտնուող դպրոցների վերակառուցմանը, որտեղ բացակայում էին տարրական պայմանները: Տարիների ընթացքում, մեզ յաջողուել է ներդրում ունենալ եօթ դպրոցների վերականգնման ու կառուցման գործում, այդ թւում՝ Լեռնահովիտում, Վուրգաւանում, Մոշաթաղում եւ այլ:
Արցախում, կազմակերպչական եւ վերակառուցման աշխատանքներն իրականացնում են մեր պատանեկութեան ընկերները՝ «Հայրենասէր» կազմակերպութեան հիմնադիրներ, ամուսիններ Ստեփան Սարգսեանն ու Նելլի Մարտիրոսեանը, ովքեր ԱՄՆից բնակութեան են տեղափոխուել Արցախ», պատմում է Քիրամիջեանը:
Ձեռնարկի ընթացքում, Սարգիսն ու «Գէյթըուէյ»ի միւս համահիմնադիրները, եղբայրը՝ փաստաբան Արմէն Քիրամիջեանն ու ատամնաբոյժ Ռոբերտ Թինգիլեանը, պատմեցին վերակառուցուած դպրոցների տեղանքի կարեւորութեան մասին, ցուցադրեցին տեսանիւթեր յարմարաւէտ պայմաններում գործող դպրոցներից: Աշխատանքների կարեւորութեանն իրենց խօսքում անդրադարձան նաեւ Էնթընի Փորթանթինօն ու Արտաշէս Քասախեանը՝ ցուցադրելով լուսանկարներ իրենց շրջագայութիւնից Արցախում:
«Մեր առաջին դրամահաւաքին, որ իրականում մեր ամէնամեայ հանդիպումն էր, մի քանի ընկերներով էինք, այնինչ այսօր, ներկաների թիւն հարիւրից աւելի է: Շատ ուրախ ենք, որ ազատագրուած հայրենիքին աջակցելու մեր նախաձեռնութիւնը նման արձագանգ է ստացել, եւ ձեռնարկին մասնակցում են նաեւ համայնքից տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ընկերների միջոցով տեղեկանալով մեր գործունէութեան մասին՝ ցանկութիւն են յայտնել ներդրում ունենալու», նշում է Թինգիլեանը եւ ընդգծում, որ «Գէյթըուէյ»ի ձեռնարկը նաեւ նոր կապեր հաստատելու, եւ արդիւնքում, հայրենիքը զօրացնելու ուղղութեամբ նոր նախաձեռնութիւնների ձեւաւորման իւրատեսակ առիթ է դարձել:
Եէյլի համալսարանից, իմունուլոգիայի (գիտութիւն մարմինի դիմադրողականութեան վերաբեր-եալ-Խմբ.) ոլորտի գիտնական Կարէն Ահարոնեանը մի քանի օրով Լոս Անջելեսում էր. «Սարգիս Քիրամիջեանից լսել էի հիմնադրամի կողմից իրականացուող աշխատանքների մասին: Շատ եմ կարեւորում նրանց գործունէութիւնն Արցախում, եւ ուրախ եմ, որ առիթ ունեցայ վերջապէս մասնակցելու «Գէյթըուէյ»ի ձեռնարկին: Ծանօթացայ նաեւ տարբեր ոլորտների մասնագէտների հետ, եւ կարող ենք մտածել միասին գիտակրթական այլ ծրագրեր իրականացնելու մասին», նշեց Ահարոնեանը:
Ձեռնարկի ընթացքում ոմանք առիթ ունեցան ներկայացնելու նաեւ Հայաստանում իրենց կողմից իրականացուող աշխատանքները:
Հայկական ոգին էլ՝ ապահովեցին երաժիշտներ Գրեգ Յօշարեանն ու Ալին Առուստամեանը:
Հիմնադիրները յայտնեցին, որ դրամահաւաքի ընթացքում հաւաքուած ողջ գումարն ուղղուելու է Արցախի Քաշաթաղի շրջանում գտնուող Միրիկի դպրոցի վերակառուցմանը: