«Հրանդ Տինք» հիմնադրամի կողմից կազմակերպուած եւ Հոկտեմբերի 18-19 հիմնադրամի սրահում տեղի ունենալիք «Կեսարիոյ եւ շրջակայ բնակավայրերի հասարակական, մշակութային եւ տնտեսական պատմութիւնը» խորագրով գիտաժողովը արգելուեց Շիշլիի թաղապետարանի կողմից: Մենք զրուցել ենք գիտաժողովի մասնակից գիտնականների հետ եւ կանգ ենք առել հետեւեալ հարցի վրայ՝ «Եթէ գիտաժողովը տեղի ունենար, ի՞նչ թեմաների մասին էիք ելոյթ ունենալու»: Ստորեւ ներկայացնում ենք գիտաժողովին չմասնակցած գիտնականների պատասխանները.
Պերեքեթլի Մատենը Եւ Տեղական Ուժերը
Մարդաբանութեան ոլորտում իր աշխատանքներով յայտնի դոկտ. փրոֆ. Սուաւի Այտընը զեկուցում էր ունենալու Պերեքեթլի Մատենի հանքերի մասին: Այտընն ասաց. «Ներկայիս Չամարտը եւ Փոզանթը շրջաններում առկայ կապարի հանքերն անփոխարինելի էին Օսմանեան կայսրութեան կենտրոնական իշխանութեան համար, յատկապէս՝ ռազմամթերքի արտադրութեան տեսանկիւնից: Մի դարաշրջանում, երբ օսմանեան կենտրոնական իշխանութիւնը հնարաւորութիւն չունէր դրանք ուղղակիօրէն աշխատեցնելու, լուծումը տեսել էր դրանք գործարկելու լիազօրութիւնը տեղական ուժերին թողնելու մէջ: Երեւում է, որ այդ արտօնութիւնը տրուել է Եոզկաթի կենտրոնում բնակուած Չափանօղուլներին, որոնք 19րդ դարի սկզբին մարտահրաւէր են նետել օսմանեան կենտրոնական իշխանութեանը: Երբ Չափանօղլու-կենտրոնական իշխանութիւն յարաբերութիւնները վերածուեցին հակամարտութեան, օսմանեան կառավարութիւնը սկսեց այլ ուժեր փնտռել այդ արտօնութիւնը տրամադրելու համար: Այս անգամ Չուկուրովայի կենտրոնից, ընդդէմ Չափանօղլուների, այդ արտօնութիւնը տրամադրուեց Մենեմենճիօղլու աշիրեթին: Երբ երեւան եկաւ Մենեմենճի-օսմանեան կայսրութիւն մրցակցութիւնը, երեւում է, որ Մենեմենճիների խորհուրդ տուած եւ Օսմանեան կայսրութեան կենտրոնական իշխանութեան հետ ֆինանսական յարաբերութեան մէջ մտած այլ հարկահաւաքներ են մէջտեղ եկել:
Այդ մրցակցութիւնը կարգաւորելու համար կողմերը ձգտել են իրենց օգտին վերահսկել բնակչութեան շարժը եւ շրջանում այդ ժամանակուայ համար օտար խմբեր բնակեցնել: Դրանց մէջ Կիւմուշհանէի յոյների ու պուլկարների նման‘ կային նաեւ քրիստոնեայ մետաղագործներ: Կան հաւաստի տուեալներ այն մասին, որ բնակութեան այդ տեղաշարժի պայմաններում եկուորների համար անփոխարինելի էին Պերեքեթլի Մատենի եայլաները, որոնք բախումների պատճառ էին դառնում, բացի այդ՝ կապարի տեղափոխութեամբ զբաղուող որոշ քոչուոր աշիրեթներ պաշտպանւում էին օսմանեան կենտրոնական կառավարութեան կողմից:
Այդ տինամիքան միեւնոյն ժամանակ Կեսարիա-Չուքուրովա ֆինանսական յարաբերութիւնների ձեւաւորման վրայ է ազդեցութիւն ունեցել: Բամպակի արտադրութեան աճի հետ մէկտեղ՝ տեղական ուժերի կողմից վերահսկուող այդ տարածքը դառնում է Չուքուրովայի աշխատանքային հոսքի ամենակարեւոր ուղղութիւններից մէկը: Կարճ ասած, Պերեքեթլի Մատենը 19րդ դարում ձեւաւորուող Կեսարիոյ եւ Չուքուրովայի տնտեսութեան եւ բնակչութեան վրայ ակնյայտ ազդեցութիւն է ունեցել: Այս յօդուածում կենտրոնանում եմ 19րդ դարում ռազմավարական նշանակութիւն ունեցող հանքավայրի շուրջ հաւաքուած մարդկանց եւ իշխանութիւնների յարաբերութիւնների վրայ, որոնք ձեւաւորեցին այնտեղի ներկայիս ժողովրդագրութիւնը»:
Հողը Թուրքինն Է, Քարը՝ Յոյնինը
Միացեալ Նահանգներում աշխատող պատմաբան Թոմ Փափատեմեթրիուն գիտաժողովում ելոյթ էր ունենալու «1850թ. Կեսարիայում գտնուող յոյն ուղղափառ Սուրբ Նիքոլաս եկեղեցու վերակառուցման ժամանակ յոյն-հայկական բախումները» թեմայով: Նա տուեց հետեւեալ գնահատականները. «Օսմանեան կայսրութեան վերջին ժամանակաշրջանում Կեսարիայում եւ շրջակայ գիւղերում բնակուող ոչ մուսուլման համայնքները նոր եկեղեցիներ կառուցելու, առկայ եկեղեցիները վերակառուցելու կամ էլ նորոգելու նախաձեռնութեամբ էին հանդէս գալիս: Նախորդ դարերում պետութեան կողմից եկեղեցիների կառուցման հարցում արուած տարբեր սահմանափակումները թեթեւացուել են 18րդ դարի վերջում եւ 19րդ դարում կատարուած բարեփոխումներից յետոյ: Թէ՛ հոգեւորականները, թէ՛ հոգեւոր դասին չպատկանող մարդիկ այդ յաւակնոտ նախագծերը կեանքի կոչելիս հանդիպում էին հետեւեալ հիմնական դժուարութիւններն՝ ֆինանսական աղբիւր գտնելը, վարձակալութիւնը, ճարտարապետների եւ շինարարների հարցը, պետութեան թոյլտուութիւնը: Բացի այդ՝ մի խնդիր եւս կար՝ շինարարութեան համար շինարարական նիւթեր եւ քարեր գտնելը:
1850ին Կեսարիոյ յունական համայնքը հանդէս է գալիս քաղաքի կենտրոնում գտնուող Սուրբ Նիքոլաս եկեղեցու վերակառուցման նախաձեռնութեամբ, որին ընդդիմանում է հայկական համայնքը: Յունական համայնքն ձգտում էր հին գերեզմաննոցի եւ Սուրբ Մերքուրիս անունը կրող եկեղեցու «հին քարերը» վերցնել եւ օգտագործել շինարարութեան մէջ: Հայկական համայնքը պնդել է, որ գերեզմաննոցը եւ քարերը իրեն են պատկանում եւ դէմ է դուրս եկել դրան: Հայերն այդ ժամանակ Ս. Նիքոլաս եկեղեցու աշխատանքներին վերջ տալու համար հայերի կողմը բռնած օսմանեան պաշտօնեաներին բողոք ներկայացնելուց առաջ յոյներին սպառնում են: Յունական համայնքն իր հերթին Պոլսում գտնուող պաշտօնեաներին է դիմում: Նրանք որոշում են կայացնում յոյների օգտին: Կապադովկիայում բազմաթիւ եկեղեցիներ կառուցած Կեսարիոյ մետրոպոլիտ Փաիսիոսը դրա համար անմիջապէս Պոլիս է գնում եւ գործը ներկայացնում վերաքննիչ դատարան: Նա Կեսարիա է վերադառնում դատարանի որոշմամբ առ այն, որ քարերը յոյներին են պատկանում: Յաղթանակից ոգեւորուած՝ յոյները եկեղեցին կառուցելիս «հողը թուրքինն է, քարը՝ յոյնինը» խօսքերով երգ են երգում:
Այդ վէճը ներկայացւում է Աթէնքում գտնուող Փոքր Ասիայի հետազօտութիւնների կենտրոնում Լօզանի պայմանագրով Կեսարիոյ բնակիչների հետ 1950ական թուականներին արուած բազմաթիւ բանաւոր պատմութիւններում: Այդ դէպքի մասին յիշողութիւնը համայնքի համար մեծ կարեւորութիւն է ունեցել, սակայն օսմանեան պաշտօնական փաստաթղթերում էլ խնդիրը ներկայացւում է գրեթէ նոյն շեշտադրումներով եւ դէպքերի նոյն յաջորդականութեամբ: Օսմանեան վարչապետական արխիւում կայ այդ գործով դատարանի որոշումը, առկայ են նաեւ 1850թ. պատկանող բազմաթիւ փաստաթղթեր: Եթէ միաժամանակ օգտագործենք այդ բանաւոր պատմութիւնները եւ օսմանեան փաստաթղթերը, կը հասկանանք, թէ կարեւոր իրադարձութիւնները պետութեան կողմից ինչպէ՛ս են փաստաթղթաւորուել, եւ համայնքը ի՛նչ ձեւով է դա յիշել: Այդ աղբիւրները, բացի վէճը բացայայտելը, պարզաբանում են նաեւ, թէ յունական համայնքն ինչպէ՛ս է այն մեկնաբանել»:
Կապադովկիայի Բողոքական Յոյների Պատմութիւնը
Դոկտ. փրոֆ. Էլչին Մաճարը ելոյթ էր ունենալու Կապադովկիայի բողոքական յոյների թեմայով: Մաճարն ասաց. «Հնարաւորութիւն ունենալու դէպքում պատմելու էի 19րդ դարում Կապադովկիայի յոյների մէջ բողոքական միսիոնարների գործունէութեան եւ դրա արդիւնքում շրջանում երեւան եկած բողոքական յոյների մասին: Այդ հարցը յոյն եւ թուրք պատմաբանների կողմից անտեսուած թեմա է: Եթէ անգամ մինչ այդ սոյն շրջանում եղել են մի քանի յոյն բողոքականներ, ապա տեսնում ենք, որ հետագայում աւելի մեծ խմբեր են երեւան եկել հետեւեալ չորս բնակավայրերում՝ Զինճիտերէ, Թալաս, Ուրկիւփ եւ Կապադովկիայի ծայրամասային գիւղ համարուող Ֆեքէի մօտ գտնուող Կիւրիւմզէ:
Միսիոնարները՝ յունատառ թուրքերէն կրօնական հրատարակութիւններով, դպրոցներով եւ հիւանդանոցներով, փորձել են իրենց կողմը գրաւել Կապադովկիայի յոյներին, յատկապէս երեւում է, որ 19րդ դարի վերջին քառորդին յունական պատրիարքութիւնը փորձել է ընդդիմանալ միսիոներների գործունէութեանը՝ թիրախում յատկապէս ունենալով Զինճիտերէն:
1924թ. բնակչութեան փոխանակման համար պատասխանատու Խառը յանձնաժողովը որոշում էր ընդունել, որ կաթոլիկ եւ բողոքական յոյները ստիպուած չեն հեռանալ: Չնայած դրան՝ մօտ 25-30 տուն բողոքական յունական համայնքն էլ նախընտրեց գնալ Յունաստան: Մնացածները ապրում են ցրուած, սակայն կիւրիւմզեցիները Սելանիկին կից Կիաննիցա (օսմանեան ժամանակաշրջանում՝ Ենիճէի Վարտար) աւանի մօտակայքում Նէոս Միլոթոպոս գիւղն են հիմնել: Գիւղի մեծերը դեռեւս շրջանի լեզուով՝ թուրքերէնով են շարունակում խօսել»:
Սով Թալասում Եւ Մի Ընտանիքի Օրագրերը
Դոկտ. Օզկէ Էրթեմը «Սովը Թալասում եւ Պարթլեթթ ընտանիքի օրագրերը» վերնագրով զեկուցում էր ունենալու: Նա ասաց. «Հոկտեմբերի 18-19 2019ին Կեսարիայում իրականացուելիք, սակայն նախ՝ Կեսարիայում, ապա Պոլսում երկրորդ անգամ արգելուած գիտաժողովի ժամանակ խօսելու էի Կեսարիոյ բնակչութեան հետ պատահած ընդհանուր աղէտի՝ 1873-75թթ.սովի ժամանակ գրուած օրագրերի մասին՝ Թալասում գտնուած բողոքական միսոներներ Լիման Պարթլեթթի եւ նրա ամուսին Քոռնելա Պարթլեթթի պահած օրագրերի:
Նրանք Անգարային կից Կեսարիոյ սանճաք են եկել 1867թ.՝ որպէս Արտաքին առաքելութիւնների յանձնակատարների ամերիկեան յանձնաժողովի միսիոնարներ եւ մինչեւ 1884թ.՝ Զմիւռնիա գնալը, ապրել են Կեսարիայում: Բնակութիւն են հաստատել Թալասում: 1873-75թթ. Կենտրոնական Անատոլիայում իշխում էր սովը: Պարթլեթթները Թալասում ականատես են եղել դրան, որը նրանց առօրեայի վրայ էլ է խորապէս ազդել: Շրջանում հազարաւոր մարդիկ եւ անասուններ մահացան սովից ու սովի պատճառով առաջացած հիւանդութիւններից, գիւղերի եւ քաղաքների ժողովրդագրական պատկերը փոխուեց, աղքատութիւնը եւ անզօրութիւնը տարածուեցին բոլորի տներում: Լիման Պարթլեթթի օրագրում կան մանրամասներ հայ, յոյն, մուսուլման, հրեայ եւ այլ կրօնական խմբերին պատկանող մարդկանց կեանքը թունաւորած աղէտի մասին, պատմագրութեան մէջ անտեսուած այս դէպքի վերաբերեալ կարեւոր տուեալներ եւս առկայ են:
Ինչպէս ընդունելի են համարւում օսմանեան պետութեան նամակագրութիւնները կամ էլ այլ պատմական աղբիւրները, այնպէս էլ միսիոնարական աղբիւրներն են յայտնի տեսակէտներ, առաջնահերթութիւններ եւ գաղափարախօսութիւններ ներկայացնող փաստաթղթեր: Լիման եւ Քոռնելիա Պարթլեթթները, Ուիլսոն Ֆրանսուորթը, նրա կին Քարոլին Ֆրանսուորթը, Էլիզապեթ Կիլսը, Սառա Քլասոնը, Ճոն Օթիս Պերաուսի եւ Մերզիֆոնում գտնուող Ռեւ. Շնէյտերի հետ միասին բողոքականութիւնը տարածելու առաքելութեամբ էին գտնւում շրջաններում: Նրանց առաջնահերթութիւնը դա էր, սակայն սովի ընթացքում շրջանում օգնութիւն տրամադրած ամենակարեւոր եւ ազդեցիկ մարդկանցից են դառնում: Նրանց թողած գրառումները օսմանեան պետական փաստաթղթերի, յատկապէս ղեկավար-դիւանակալական շրջապատի բացթողումները լրացնում են:
Այդ բոլոր աղբիւրների մէջ, եթէ ոսպնեակը լաւ փոքրացնենք եւ վիճակին, դերակատարներին, զգացողութիւններին եւ Թալասում տիրող հոգեւոր վիճակին աւելի անմիջական փորձենք ծանօթանալ, ապա օրագրերը բաւականին իւրայատուկ տեղ կը գրաւեն: Նրանք պատմում են այն մասին, թէ Թալասում սովի ժամանակ ինչպէս են երգչախմբերի, եկեղեցիների, դպրոցներում դասաժամերի հետ խառնուել մահացութիւնները, աղքատութիւնը, հացի խնդիրը եւ շրջանում տիրող անճարութիւնը: Եթէ զեկուցում ունենայի, քննարկելու էի հետեւեալ հարցերը. 1.- Թալասի տարբեր համայնքները ինչպէ՞ս են անցել այդ ընդհանուր աղէտի միջով, 2.- Պարթլեթթ ընտանիքը ինչպէ՞ս է ապրել սովը եւ պատմել այդ մասին: 3.- Օրագրերը աղէտի մասին յուշերից բացի՝ պատմական ինչպիսի՞ աղբիւրներ եւ արձանագրութիւններ են:
Լիման Պարթլեթթը 1874թ. Դեկտեմբերի 2ին իր օրագրում գրում է. «Այդ աղքատութիւնը եւ անճարութիւնը առաւօտից երեկոյ մտքիցս դուրս չեն գալիս, երազումս եմ տեսնում դրանք»:
Սովի ազդեցութիւնը շատ աւելի երկար է տեւել, քան արտացոլուած է պաշտօնական փաստաթղթերում: Իսկ օրագիրն այն աղբիւրներից մէկն է, որը մեզ ամենաշատն է մօտեցնում այդ ժամանակահատուածին եւ շրջանում այդ տարիներին հայերի, թուրքերի, քրտերի, յոյների եւ բազմաթիւ այլ խմբերի մարդկանց վրայ մեծ ազդեցութիւն թողած աղէտի պատմութեանը»:
Ինչպէ՞ս Է Կանխուել Ատանայի Կոտորածի Տարածումը Կեսարիայում
Դոկտ. Իհսան Սետտար Քայնարը ելոյթ էր ունենալու այն մասին, թէ 1909թ. Ատանայի կոտորածը ինչպիսի արտացոլում է գտել Կեսարիայում: Նա ասաց. «Ես կարծում եմ, որ գիտաժողովի արգելումը նախ Կեսարիոյ կառավարչի կողմից, ապա Պոլսում՝ Շիշլիի թաղապետի կողմից, աւելի շատ աղմուկ հանեց, քան բուն գիտաժողովը, եթէ տեղի ունենար: Գիտաժողովի ժամանակ իմ զեկուցումն էլ նման մի իրավիճակի մասին էր: Պատմելու էի այն մասին, թէ Մարտի 31ին սկսուած Պոլսի իրադարձութիւնների, միաժամանակ 1909թ. Ատանայի դէպքեր անունով յայտնի կոտորածների՝ Անատոլիայի միւս բնակավայրերում տարածման մէջ վարչական ղեկավարութիւնը ինչպիսի՛ դեր է ունեցել: Անգարայի վիլայեթին կից Կեսարիոյ սանճաքում նահանգապետ Թիւֆիք պէյի եւ կառավարիչ Ճեմալ պէյի նամակագրութեան արդիւնքում համայնքների միջեւ բռնութիւն չի սկսուել անհիմն խօսակցութիւնների պատճառով, դրանք խոչընդոտել են «հայերի կողմից մուսուլմանների վրայ յարձակման մասին կեղծ նախազգուշացումները», ինչն էլ իր հերթին խոչընդոտ է հանդիսացել, որ բախումները այնտեղ կոտորածի չվերածուեն:
Անգարայի քաղաքապետը Կեսարիայում գտնուող վարչական կառավարիչներին ինչ-որ կերպ ուղղորդել է եւ Անգարայի նահանգի սահմանների մէջ բռնութեան մթնոլորտի խորացում թոյլ չի տուել: Աչք չի փակել բնակչութեան զինման վրայ եւ խոչընդոտել է դա: Ես գիտաժողովի ժամանակ պատմելու էի նահանգապետ Թիւֆիք պէյի տեսանկիւնից իրադարձութիւնների զարգացման մասին, ինչպէս նաեւ այն մասին, թէ նա ինչպէ՛ս է պետական պաշտօնեայի հասունութիւն ցուցաբերել նահանգ ղեկավարելու ժամանակ եւ թոյլ չի տուել, որ վարչական ղեկավարութիւնը համայնքների միջեւ խնդիրներ յարուցի»:
Կիլիկիոյ Կոտորածները Եւ Կառավարիչ Ճեմալ Պէյը
Դասախօս Օնտեր Ուչարը ելոյթ էր ունենալու «Կիլիկիայի կոտորածների ժամանակ Կեսարիայում ցեղային յարաբերութիւնները» թեմայով: Ուչարն ասաց. «Ծրագրում էի հակիրճ ներկայացնել մուսուլմաններ-հայեր յարաբերութիւնների մասին՝ Նախագահական օսմանեան արխիւում եղած նամակագրութիւնները: Այդ նամակագրութիւնների մէջ կ՛առանձնացնէի այդ ժամանակուայ Կեսարիոյ կառավարիչ Ճեմալ (Քեշմիր) պէյի վերաբերեալ որոշ փաստաթղթեր:
Տուեալ ժամանակահատուածում Կեսարիայում երեք շարժում է եղել: Երեքի ժամանակ էլ Կեսարիոյ կառավարիչները զանգուածային յարձակումների են ենթարկուել: Առաջին շարժումը յայտնի է դարի վերջին Անատոլիայի տարբեր վայրերում տեղի ունեցած եւ Ապտիւլ Համիտ երկրորդի բռնապետութեան խորհրդանիշների վրայ յարձակումներով: Այդ շարժման վերջում կառավարիչ Արիֆի պէյը սրտի կաթուած ստացաւ եւ մահացաւ: Երկրորդ զանգուածային շարժումը 1909թ. Յունուարին նոր կառավարիչ Ճեմալ պէյի դէմ մուսուլման զանգուածների կողմից իրականացուած յարձակում էր: Այդ յարձակման պատճառաբանութիւնն այն էր, որ Ճեմալ պէյը հայերի նկատմամբ «շատ ներողամիտ» էր եւ ազատ ժամանակը նրանց հետ էր անցկացնում «անյարմար» ձեւով: Այդ յարձակման ժամանակ հայերը կոտորածի վախից իրենց թաղամասերում փակուեցին: Ճեմալ պէյը յարձակման ժամանակ չի վնասուել, սակայն յարձակումն իրականացրած ոճրագործների նկատմամբ նախազգուշական միջոցառումներ չի կարողացել ձեռնարկել: Երրորդ շարժումը 1909թ. տեղի է ունեցել ապրիլին՝ Կիլիկիոյ կամ Ատանայի կոտորածից անմիջապէս յետոյ: Մուսուլման զանգուածները պնդել են, թէ հայերն իրենց վրայ յարձակում են իրականացնելու եւ Ճեմալ պէյն էլ նրանց հետ համագործակցութեան մէջ է, ապա փորձել են յարձակուել զօրանոցի եւ Ճեմալ պէյի վրայ: Այդ շարժման ընթացքում էլ կոտորածի վախից հայերը կրկին փակուեցին հայկական թաղամասերում:
Ճեմալ պէյը դիւանակալութեան այնպիսի ներկայացուցիչ էր, որն այդ շարժումների ժամանակ հայկական համայնքի կոտորածը խոչընդոտելու համար անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել: Այդ վերաբերմունքը հետագայ տարիներին էլ էր շարունակուելու. նա 1915թ. հայերի ոչնչացման քաղաքականութեան դէմ դուրս գալու համար ազատւում է Խարբերդի նահանգապետի պաշտօնից:
Քեմալական շարժմանը դէմ դուրս եկած Ճեմալ պէյը մի հարցազրոյցի ժամանակ ութ հարիւր հազար օսմանեան հայի սպանութեան մասին է խօսել, ինչի պատճառով հակառակորդները նրան կոչել են «Արթին Ճեմալ»:
Չնայած այդ ամէնին՝ ներկայացնելու էի նաեւ Կեսարիայում Ճեմալ պէյի պաշտօնավարման սկզբնական շրջանում հայերի մասին ասեկոսէ տարածելու, զինուելու, չափից դուրս ազգայնական խորհրդանիշեր ցուցադրելու վերաբերեալ լուրջ մեղադրանքներ ներառող նամակագրութիւններ: Օրինակ էի բերելու Խարբերդում, Այնթապում եւ Ատանայում գտնուող ամերիկեան միսիոնարների մեղադրական նամակագրութիւններից եւ պնդելու էի, որ 1908թ. յեղաշրջման սկզբում առօրեայ կեանքում երեւան եկած որոշ հայկական ենթակայական երեւոյթներ նշան էին, որ կարող էին խորապէս ցնցել անգամ հայերի հիմնական իրաւունքներին եւ նոր վարչակարգի բերած արժէքներին ազնուօրէն կապուած անհատներին: Բացի այդ՝ Կիլիկիոյ կոտորածներից յետոյ առաջացած հակազդեցութիւնը կարող եմ ասել, որ երբեւէ չէր հիմնաւորուելու, ընդհակառակը, կոտորածն իրականացրած ոճրագործներն այդ գործողութիւններն օգտագործլու էին սեփական սարսափելի արարքներն օրինականացնելու համար:
Խոճա Եորկաքի Տանտինին Եւ Քարամանների Կարծրատիպը
Դասախօս Շահնազ Շիշմանօղլու Շիմշեքը ելոյթ էր ունենալու «Օսմանեան հեռուստապաստառին Կեսարիոյ մի բնակիչ. Սերսեմ Խոճա Եորքակի Տանտինի» վերնագրի ներքոյ: Շիմշեքն ասաց. «1923թ. յոյն-թուրքական բնակչութեան փոխանակումից առաջ քարամանլըներ անունով յայտնի թուրքախօս անատոլիացի ուղղափառ քրիստոնեաների համար Կեսարիան էլ կարեւոր կենտրոն է եղել: Թուրքերէն եւ յունարէն որոշ գրական գործերում կարող ենք հանդիպել, որ կեսարացուն նկարագրում են անկիրթ, անքաղաքավարի, կոպիտ եւ այլ յատկութիւններով, որոնք անհիմն կերպով վերագրուել են Անատոլիայում ապրած քրիստոնեաներին, պատմական եւ ընկերային որոշ պատճառներով: Եսարի «Պատուի հարցը» վէպում առկայ են գրեթէ բնաւորութեան այդ բոլոր գծերը, այն հետաքրքիր նիւթ է «ժլատ» «շահամոլ», սակայն միեւնոյն ժամանակ յաջողակ քրիստոնեայ կեսարացի արհեստաւորների եւ առեւտրականների մասին: Ենթադրւում է, որ հետագայ տարիներին, յայտնի պատճառներով, քարամանցու կերպարը թուրքացուել է: Թուրքացուած կերպարի ամենայայտնի օրինակը Թուրքիայի հեռուստատեսութեան պատմութեան մէջ ամենաերկար՝ «Սկեսուրները» (Kaynanalar) (1974) ֆիլմաշարում է, որտեղ Կեսարիոյ բնակիչներ են գործարար Նեորի Քանթարը եւ վերջինիս կինը՝ Նէորիյէ Քանթարը:
Այդ ֆիլմաշարի դիպաշարի հիմքում ընկած են Հալտուն Թաների «Թեթեւամիտ Ամուսինը Եւ Խորամանկ Կինը» (1969) թատերական ներկայացումը եւ Մոլիերի «Ճորճ Տանտինը» (1668) երգիծական ներկայացման 3 տարբեր (նախանձ Հերիֆը, Եորկաքի Տանտինի կերպարը ֆիլմաշարում՝ Ահմետ Վեւֆիք փաշա) բեմադրութիւնները: Ներկայացման գեղարուեստական կերպարներն են՝ Ահմեթ Վեւֆիք փաշան, Թոմաս Ֆասուլիեճիյեանը, Ահմետ Ֆեհիմը, Հրանուշը, Հոլասը, Սաթենիկը, Քիւչիւք Իսմայիլը, Վիրժինեա Զակաքեանը եւ օսմանեան թատրոնի մէջ մեծ ներդրում ունեցած պատմական այլ անձինք: Մոլիերի ներկայացման նման՝ ֆիլմաշարում էլ հիմնական բախումը տեղի է ունենում բարձր դասի աղջկայ հետ ամուսնացած գիւղացի Ճորճ Տանտինի կնոջ ընտանիքի միջեւ, որը մշտապէս ստորացնում է Տանտինին, եւ չնայած կնոջ դաւաճանութեանը՝ մշտապէս Տանտինն է սխալ դուրս գալիս: Ահմեթ Վեւֆիք փաշան ֆրանսացի ազնուականութեան եւ գիւղացիների միջեւ բախումը համապատասխանեցրել է օսմանցի յոյն համայնքին եւ «անկիրթ» քարամանների եւ ֆեներցի յոյների հետ մի համեմատութեան է վերածել այն: Միւս կողմից՝ Հալտուն Թաների թատերական ներկայացման մէջ պատմական կերպարների խօսքերով կազմած դատողութիւնն այն էր, որ ֆեներցի յոյները եւ Անատոլիայի քրիստոնեայ գիւղերի բնակիչները բաւականաչափ «մեզնից» եւ «տեղացի» չէին: Թատերական ներկայացման 3րդ մասին ժամանակ, չնայած հայ դերասանների երեւելիութեանը, Ճորճ Տանտինի խաղը «իտէալական բեմադրութեան» օրինակ է համարուել եւ ամբողջովին «մուսուլմաններից» եւ «տեղացիներից» կազմուած յանկարծաբանութեան վերածուել: Նման մի քննարկում օրակարգ է եկել դեռեւս ֆիլմաշարից 5 տարի առաջ՝ «Ակօս»ի անդրադարձը «Հրանդ Տինք» հիմնադրամի՝ Կեսարիոյ թեմայով գիտաժողովին, որը արգելուեց թուրքական իշխանութիւնների կողմից. «Եթէ Խօսէինք, Ի՞նչ Էինք Պատմելու»՝ 1964թ. բեմադրուած «Քեշանլը Ալիի տեսթանը» ներկայացման մէջ: Անգարայի Ալթընտաղցի քիւրտ Ճեմալին թուրքացնելիս նրան դարձնում են Քեշանցի Ալի: Ի վերջոյ ֆիլմաշարը կարող ենք մեթաֆոր համարել, որտեղ Կեսարիոյ բնակիչները՝ Եորկաքի Տանտինիները, վերածւում են Հիմմեթ աղաների»:
Կիւլպէնկեանների Պատմութիւնը
Գիտնական Ճաֆեր Սարըքայան ելոյթ էր ունենալու «Կեսարիոյ բնակիչ հայ առեւտրական ընտանիքի պատմութիւն. Կիւլպէնկեանները» թեմայով: Նա ասաց. «Իմ ելոյթի ժամանակ պատմելու էի, թէ երբ եմ հանդիպել Կիւլպէնկեաններին, եւ թէ ինչո՛ւ է այս ընտանիքն ինձ հետաքրքրել»: «Պարոն հինգ տոկոս» մականունով յայտնի՝ միջազգային նաւթարդիւնաբերութեան առաջացման եւ զարգացման մէջ կարեւոր դեր խաղացած Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանը ծնուել է 1869 թ. Պոլսում, իսկ 1955 Յուլիսին մահացել Լիզպոնում:
Լա՛ւ, իսկ ինչո՞ւ «Կիւլպէնկեան» հիմնադրամը ստեղծուեց Լիզպոնում: Իմ ելոյթի ժամանակ, որը պատրաստելիս օգտագործել եմ Կիւլպէնկեանների հարուստ լուսանկարչական ալպոմները, տեղեկութիւններ էի տրամադրելու «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի, թանգարանի եւ Երուսաղէմի հայկական պատրիարքարանում գտնուող «Գալուստ Կիւլպէնկեան» գրադարանի մասին:
Պարզաբանելու էի, թէ Կիւլպէնկեանների հետ կապուած յուշերում, յիշողութիւններում, կենսագրութեան, ինքնակենսագրութեան մէջ եւ այլ աղբիւրներում ինչո՞ւ գրեթէ տեղեկութիւններ չկան այն մասին, որ Կիւլպէնկեանները արմատներով Կեսարիոյ կեդրոնից՝ Թալասից են եղել, մանրամասն տեղեկութիւններ էի տալու 1915թ. առաջ եւ յետոյ Թալասում հայերի կեանքի վերաբերեալ, որից յետոյ պատմելու էի Կեսարիոյ եւ Խարբերդի շրջակայքում Կիւլպէնկեանների ունեցած համայնքնային, մշակութային եւ տնտեսական կարեւոր դերի մասին: Խօսելու էի 1935թ. նրա, առանց Թուրքիայի Հանրապետութեան թոյլտուութեան, Անգլիոյ քաղաքացի դառնալու պատճառների, ապա նրա որդու՝ Նուպարի վերստին Թուրքիայի քաղաքացի դառնալու ցանկութեան մասին: Ներկայացնելու էի Եւրոպայում գտնուող թուրք դիւանագէտների հետ նրա մօտ յարաբերութիւնների մասին վկաների պատմածները, թէեւ նրա ընտանիքը խզել էր Թուրքիոյ հետ յարաբերութիւնները: Տեսնելու էինք, թէ ինչերի կը հանդիպենք, եթէ Գալուստ Կիւլպէնկեանի ինքնութեան, այսինքն՝ Կեսարիայից լինելու մասին հետքերը որոնենք թուրքական մամուլում»:
1915ից Յետոյ Յորդանանում Մնացած Չոմաքցի Հայերը Եւ Նրանց Պատմութիւնը
Գիտաժողովի համար ելոյթ պատրաստած, սակայն արգելքի պատճառով զեկուցմամբ հանդէս չեկած Աննա Օհաննեսեան Չարփինը ներկայացնելու էր Կեսարիայից հարկադրաբար Յորդանան գնացած կանանց պատմութիւնը: Նա ասաց. «Աշխատում եմ որպէս մարդաբան: Տարիներ առաջ սկսեցի ուսումնասիրութիւն կատարել Յորդանանի շուրջ: Մասնաւորապէս իմ թեման Յորդանանի հարաւում գտնուող պետեւի աշիրեթների մասին է: Թեման ուսումնասիրելիս հանդիպեցի մի մարդու, որն ինձ յայտնեց. «Մայրս հայ է»: Դա ինձ համար մի փորք զարմանալի էր: «Հայերէն մի բառ արտասանիր», ասացի ես, նա էլ «ջուր» ասաց եւ սկսեց պատմել իր մայրիկի պատմութիւնը: Այդպիսով, ես էլ սկսեցի այս թեման աւելի մանրամասն ուսումնասիրել: Այո՛, Ամմանում Ցեղասպանութիւնից յետոյ եկած հայկական համայնք կայ: Յայտնի համայնք է: Սակայն Յորդանանի հարաւից ենք խօսում. այս թեման էի ցանկացել ներկայացնել, քանի որ դէպի Յորդանանի հարաւ աքսորը շատ յայտնի թեմա չէ: Իմ թեման հետեւեալն է. «Ի՞նչ պատահեց 1918 թ. յետ չվերադարձած եւ այնտեղ մնացած մարդկանց հետ»: Ինչպիսի՞ն է եղել նրանց կեանքը: Այդ մարդկանց մեծ մասը կանայք են եղել: Նրանց մեծ մասը 15-16 տարեկան երիտասարդ աղջիկներ էին, որոնք պետեւիների հետ են ամուսնացել: Դա ի հարկէ մեծ հաշուով ողջ մնալու համար էր, սակայն երբ նրանք երեխայ են ունեցել, նախընտրել են մնալ այնտեղ: 13 կամ 15 կին նախընտրել է մնալ: Յորդանանի պետեւի համայնքը նրանց լաւ է ընդունել: Իմ հետաքրքրուածութիւնը այդտեղից է գալիս: Ի՞նչ եղաւ: Մէկ հարց եւս կայ. նրանց՝ այսինքն երեխաների համար հայ լինելը ի՞նչ նշանակութիւն ունէր»: Նրանք ասում էին. «Մայրս հայ էր», սակայն դա ի՞նչ էր նշանակում:
Հայերի պատմութեան մասին գաղափար գրեթէ չունէին: Լա՛ւ, իսկ այդ կանայք մշակութային տեսանկիւնից ինչպիսի՞ ժառանգութիւն կարող էին թողած լինել: Հասկացայ, որ «Հայր մեր» աղօթքը կամ էլ որոշ մանկական երգեր կամ էլ Սուրբ Զատիկին ձու ներկելու սովորոյթը հաղորդել էին իրենց երեխաներին: Այդ կանանց մեծ մասը Կեսարիոյ Չոմաքլը բնակավայրից են եղել: Նրանք պատմել են թէ՛ Չոմաքլըի, թէ՛ իրենց աքսորի պատմութիւնը: Այդ պատմութեան մէջ շատ հետաքրքիր պատմութիւններ եւս կան: 1950ական թթ. բժիշկ Ներսիսեան անունով մէկը աքսորից յետոյ Մաանում է ապրել, ապա վերադարձել է Յունաստան, տարիներ անց գնացել է Երուսաղէմ՝ ուխտի: Այնտեղ իր մանկութեան օրերն է յիշում, ցանկանում է աղօթք անել, սակայն չի կասկածում իր հայկական ինքնութեան մասին: Երբ կանայք լսել են հայի գալու մասին, եկել են հանդիպման, որը հետաքրքիր է անցել: Լուսանկարուել են: 1950ական թթ. Նիւ Եորքում մի ամսագիր էր հրատարակւում: Այդ ամսագիրը չոմաքցի հայերի է երեւան հանում: Ներսիսեանը այնտեղ տպագրում է Մաան գնալու պատմութիւնը, այնտեղ ապրող հայ կանանց անուանացանկն է հրապարակում: Ամէն անգամ, երբ չոմաքցի հայերն այդ անունները կարդում են, գտնում են իրենց բարեկամներին: 1950ից 1967թ., այսինքն՝ մինչեւ արաբա-իսրայէլական պատերազմ, աշխարհի բազմաթիւ վայրերից հայեր են եկել Մաան եւ ծանօթացել իրենց բարեկամների հետ: Այդ ողջ ընթացքում Մաանը վերածուել է միջազգային շրջանի: Ահա այս ամէնն էի ներկայացնելու իմ զեկուցման ընթացքում»:
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«Ակունք»
Harry & Alvart Barseghian & Family
Best Wishes for Christmas and New Year
Տէր Եւ Տիկ. Հրայր Եւ Սոնա Աւետեաններ
Թող 2020ը Բերէ Խաղաղութիւն, Առողջութիւն եւ Ուրախ Կեանք
Ակնաբոյժ Տոքթ. Նազարէթ Տարագճեան
Կը Շնորհաւորէ Համայն Հայութեան Նոր Տարին Եւ Սուրբ Ծնունդը
Vartan & Sona Fundukian & Family
May You All Have a Happy and Blessed Holidays
Merry Christmas & Happy New Year
Superior Electric Motor Service, Inc.
4622 Alcoa Ave.
Vernon, CA 90058
Tel. 323.583.1040
Fax 323.583.9266
Միքայէլ Հացպանեան
Կը Շնորհաւորէ Իր Ազգականներուն,
Բարեկամներուն եւ Ընկերներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը Թող Այս Նոր Տարին
Բերէ Շատ Բարիք՝ Համայն Աշխարհի Մարդոց Անխտիր